Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում տարածքային կառավարումը, ինչպես բազմիցս նշել են տարբեր վերլուծաբաններ, մասնագետներ ու կառավարման փորձագետներ, այնքան էլ արդյունավետ չէ, եթե չասենք' անարդյունավետ է: Դրա մասին են վկայում հատկապես տարածքների համաչափ զարգացման հարցում մեր ունեցած խնդիրները, որոնք, ի դեպ, չեն հերքվում անգամ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների կողմից: Այնինչ` տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը կարևոր է երկրի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև երկրի կայուն ու անվտանգ առաջընթացի համար: Սա պարզ ճշմարտություն է, որը, ճիշտ է, սևով սպիտակի վրա ամրագրվում է կառավարության ծրագրերում, ընդ որում` նոր կառավարության ծրագիրը ևս բացառություն չէ, բայց հարցերը չեն լուծվում:
Կառավարությունն էլ իր նոր ներկայացված ծրագրով այս ոլորտի համար որոշակի գործողությունների իրականացում է նախատեսել, բնականաբար: Պետական աջակցության տարբեր ձևերի կիրառմամբ, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ, նշվում է կառավարության ծրագրում, նպատակային ծրագրերի մշակմամբ և իրագործմամբ խրախուսվելու են սոցիալ-տնտեսական առումով առանձնահատուկ նշանակություն ունեցող համայնքների զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվությունը: Կառավարությունը նշում է, թե մշակվելու է տարածքային համաչափ զարգացման նոր գործիքակազմ, մասնավորապես' համայնքներում իրականացվող ներդրումների արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվելու է տարածքային զարգացման հիմնադրամ:
Սա, անշուշտ, կարևոր քայլ է, եթե, իհարկե, իրականություն դառնա: Անցյալ տնտեսական տարին ամփոփելու ժամանակ նույնիսկ տարածքային կառավարման փոխնախարարը նշեց, թե մարզերում ներդրումների գերակշիռ մասը բաժին է հասնում պետական ներդրումներին, իսկ մասնավոր ներդրումները շատ քիչ են:
Մասնավոր հատվածն ավելի աշխույժ է սկսում ներդրումներ անել, երբ տեսնում է, որ պետական ներդրումների մեծ հոսք կա մի ինչ-որ տարածքում: Սա, իհարկե, օրենք չէ, բայց սովորաբար հենց այսպես է լինում: Ուստի կարևոր է, թե մարզերում պետությունը որքան ներդրում կանի, ինչ ոլորտներում ու ծրագրերում, որոնք էլ պետք է ազդակ հանդիսանան մասնավոր հատվածի համար, որ նրանք էլ ներդրումներ անեն: Իհարկե, հասկանալի է' փողը ՀՀ բյուջեում սուղ է, իսկ ներդրումները միջոցներ են պահանջում: Այդ դեպքում հենց պետք է օգնության հասնեն վերոհիշյալ հիմնադրամները:
Կառավարությունը նախատեսում է նաև կամ, ավելի ճիշտ, խոստանում է, որ նախաձեռնվելու են արդյունաբերական ձեռնարկությունների կլաստերների ձևավորման, արդյունաբերական հարթակների ստեղծման և այդ ուղղությամբ մասնավոր ներդրումային ծրագրերի ուղղորդման ու խթանման գործողություններ, որը նույնպես դրական քայլ կարող է լինել, եթե իրագործվի' լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն, սոցիալական վիճակը մարզերում փոքր-ինչ կաշխուժանա, գործազրկությունը կնվազի, մարդիկ մի քիչ փող կաշխատեն, քիչ կարտագաղթեն:
Կառավարության ծրագիրը խոստանում է նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ համայնքներին և իրականացնել աջակցության նոր նպատակային ծրագրեր: Ծրագրերը' ծրագրեր, բայց Հայաստանում «տառապանքը փորձ ունի»' ավելի լուսավոր ծրագրեր էլ են մնացել գրադարակներում. Նախկին կառավարություններն էլ էին «նպատակադրել», օրինակ, մարզերում ներդրումների խթանում, բայց դրանք այդպես էլ մնացել են թղթի վրա: Ուստի հետաքրքիր է, թե ինչպե՞ս պետք է կառավարությունը իրագործի իր այդ նպատակադրումները. մանրամասներ կառավարության ծրագրում բերված չեն, իսկ առանց դրանց նպատակադրումները դառնում են բարի ցանկություններ: