Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մշակած նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ Ընտրական օրենսգրքում լրացում կատարելու միջոցով բացառել հատուկ ձևով ծալված քվեաթերթիկի նշումը և տարբերակումը, և նման քվեաթերթիկները համարել անվավեր: «Եթե քվեաթերթիկը ծալված է անհամաչափորեն, եւ տվյալ ծալվածքը ակնհայտորեն հանդիսանում է տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց, ապա` այն համարել անվավեր»,- առաջարկում է Ուրիխանյանը:
Նա այս լրացումը պայմանավորում է ընտրակեղծիքների դեմ պայքարի անհրաժեշտությամբ, որովհետև հատուկ ծալելու միջոցով հնարավոր էր լինում տարբերակել, թե որ ընտրատարածքն ինչպես է քվեարկել կամ ում օգտին։ Մեջբերելով նախորդ ընտրություններում արձանագրված իրողությունը` Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Ես ապրում եմ ՀՀ-ում, այն վառ իրականության մեջ, որը կա: Մի քանի հազար քվեաթերթիկներ կոնկրետ երկրաչափական, կանխամտածված ձևով արտաբերել են ընտրողների տվյալները: Այս նախագծով ես առաջարկում եմ արգելել քվեաթերթիկների տարբերակումը հատուկ ձևով ծալելու միջոցով։ Պարզ է՝ ինքնաթիռ դարձրած քվեաթերթիկն ակնհայտ ցույց է տալիս, որ այն չի կարող վավեր լինել»:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը թեև ողջունեց ընտրակեղծիքները բացառելուն ուղղված` Տիգրան Ուրիխանյանի առաջարկած գաղափարը, սակայն հնչեցրեց նաև իր մտավախությունը, որ օրինագիծը կարող է լրացուցիչ գործիք լինել և տալ հակառակ արդյունքը, երբ, քվեաթերթիկը հատուկ ձևով ծալելով եւ մեծ թվով քվեաթերթիկներ անվավեր ճանաչելով, կարող են ընտրապայքարից արհեստականորեն ու դիտավորյալ դուրս մղել որևէ թեկնածուի:
Հարակից զեկուցող, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկը դրական որակեց, բայց որոշ մտավախություններ հայտնեց. «Կարեւոր հարց եք բարձրացնում: Ցավում եմ, որ փորձում եք քաղաքականացնել: Բայց խնդիրը հարցը չի կարգավորում, ավելի է խճճում` հանձնաժողովի անդամներին սուբյեկտիվիզմի մղելով: Այս կարգավորմամբ, իմ կարծիքով, Ձեր նշած կարեւոր խնդիրն իր լուծումը չի ստանում»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դրական արտահայտվեց Ուրիխանյանի առաջարկի վերաբերյալ: «Սա վերահսկվող քվեարկության դեմ կոնկրետ առաջարկ է: Ի՞նչն է խանգարում, որ գաղափարը վերցնենք, դրական եզրակացությամբ մտցնենք մեծ օրակարգ, ձեւակերպումները, որոնք վիճելի են, փորձենք կոնսենսուս գտնել: Եթե գաղափարն արժեւորում եք`անենք»,- ասաց նա:
Հովհաննես Սահակյանն առաջարկեց հետաձգել նախագիծը` մինչեւ մեկ տարի ժամանակով, քննարկել և ընդգրկել այլ առաջարկներ: Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ հետաձգելու մասին խոսք լինել չի կարող:
Հարցի քննարկումն ընդհատվեց: