կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 14:25
Քաղաքական

Ջղագրգիռ վարչապետի պատասխանները պատռում են նրանց դիմակները. Տիգրան Ուրիխանյան

Ջղագրգիռ վարչապետի պատասխանները պատռում են նրանց դիմակները. Տիգրան Ուրիխանյան

Կառավարությունը բյուջեի եկամտային մասը չի հիմնավորվում, ընդհանուր առմամբ` դրանում նախանշված չէ երկրի սոցիալ- տնտեսական վիճակը փոխելու ռազմավարությունը, իսկ ԲՀԿ-ի առաջարկների մեծ մասը չի ընդունվել կառավարության կողմից: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` խոսելով 2014թ. բյուջեի մասին:

 

Անդրադառնալով կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի շուրջ բարձրացած հասարակական աղմուկին` նա կարծիք հայտնեց, որ Հանրապետական խմբակցության կողմից արտահերթ նիստի տապալումը արհամարհական վերաբերմունք էր հանրության նկատմամբ: Տիգրան Ուրիխանյանի խոսքով` այն խմբակցությունները, որոնք նախաձեռնել էին այդ արտահերթ նիստը, ընտրվել են տեսանելի, շոշափելի ու արդար ճանապարհով և, լեգիտիմությունից օգտվելով, իրավունք ունեին ներկայացնելու հանրության կարծիքը: «Էլ չեմ խոսում, որ հազարավոր մարդիկ ոտքի ելան, այսինքն` այդ խնդիրը հանրային հնչեղություն ունի, հետևաբար` նիստը տապալելը արհամահանք էր այն մարդկանց նկատմամբ, որոնց կողմից պատվիրակվել են այդ պատգամավորները»,- ասաց ԲՀԿ խոսնակը:

 

Ինչ վերաբերում է խնդրին, ապա, ըստ Ուրիխանյանի, կենսաթոշակային համակարգի պարտադիր լինելը վրդովեցուցիչ է, իսկ մարտավարությունը` անըմբռնելի: «Այս ամենից մի տպավորություն է ստեղծվում, որ բյուջե մուտքեր ապահովելու խնդիր կա, ու այդ ուղին են գտնել, բայց ինչու են մարդկանց պարտադրելով զրկում սեփական քրտինքով վաստակած գումարից»,- տարակուսեց Տիգրան Ուրիխանյանը:

 

Պատասխանելով այդ խնդրով նոր արտահերթ նիստ հրավիրելու հավանականությանը` նա նշեց, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պետք է գործակցեն հանրության այն զանգվածի հետ, որը բարձրացրել է այդ հարցը, և յուրաքանչյուր քայլ, իրատեսական առաջարկ անպայման պետք է քննարկվի, այդ թվում` նաև արտահերթ նիստի հնարավորությունը:

 

Ըստ պատգամավորի` այդ խնդիրը չի մնալու անտեսված, հատկապես` ԲՀԿ կողմից, որը կօգտագործի բոլոր տրամաբանական լուծումներն ու հնարավոր տարբերակները: «Չնայած կարող է հանդիպենք այսպիսի մի պատասխանի` հնարավոր է, բայց` ոչ»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ ջղագրգիռ վարչապետի նյարդայնացած պատասխանները պատգամավորների հարցին պատռում են նրանց դիմակները: