Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-11-11 12:21
Քաղաքական

ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած՝ գովելի ու խրախուսելի օրինագիծ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած՝ գովելի ու խրախուսելի օրինագիծ

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հարկերի մասին» օրենքում լրացումներ անելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ին ներդրվել է ընտանեկան ձեռնարկատիրության կարգավիճակը, որի սուբյեկտներն ազատվում էին պետական հարկերից: Օրենքի լրացումով առաջարկվում է այդ կարգավիճակի մեջ ներառել նաև զբոսաշրջիկներին փոքր հյուրանոցային ծառայություններ մատուցող ընտանիքներին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախ ասաց, թե կառավարության այս օրինագիծը լավ բան է առաջարկում, որ այն խրախուսելի է, ապա հարցրեց, թե ունե՞ն տվյալներ, թե Հայաստանում զբոսաշրջային ծառայություններ մատուցող որքան սուբյեկտներ կան, նաև՝ կառավարությունն ունի՞ վերահսկողական լծակներ:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց՝ քանի որ պետության համար այս ընտանեկան ձեռնարկատիրությունը հետաքրքրություն չի ներկայացնում, ուստի հարկային վարչարարությունը նախատեսում են թուլացնել ու սահմանափակել:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ կառավարությունը չի՞ պատրաստվում, արդյոք, մեծացնել զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընտանեկան ձեռնարկատիրության սահմանված շրջանառության չափը՝ 18 միլիոն դրամը, որովհետև օրական ստացվում է 40 հազար դրամ շրջանառություն: «Ժամանակը չէ՞, որ  այդ շեմն ավելացվի մինչև 28-30 միլիոն դրամ»,- հարցրեց նա:

Փոխնախարարը պատասխանեց, որ այդ շեմը ոչ միայն ցածր չէ, այլև բարձր:

Հարակից զեկուցող՝ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ նշեց, որ գովելի նախագիծ է, բայց այն կարելի է նաև զարգացնել: