կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-23 17:25
Հասարակություն

10-ի Ա-ի «լացկան» Արփինե Հովհաննիսյանն ու սպիտակցի Հովհաննես Սահակյանը հիշեցին իրենց «Վերջին զանգը»

10-ի Ա-ի «լացկան» Արփինե Հովհաննիսյանն ու սպիտակցի Հովհաննես Սահակյանը հիշեցին իրենց «Վերջին զանգը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում 10-ի Ա դասարանի աշակերտուհի Արփինե Հովհաննիսյանն իր «Վերջին զանգ»-ից միայն հուզմունքն է հիշում, որն այդպես էլ չկարողացավ չեզոքացնել: Հուզմունքը սկսվել էր  «Վերջին զանգ»-ի օրվա հենց սկզբից, և գերմարդկային ջանքեր է գործադրել, որ չհուզվի, բայց  բեմի վրա արդեն չի կարողացել հուզմունքը պահել:


«Բեմի վրա ինձ հատկացված հատվածն արտասանելիս հուզվեցի ու չկարողացա շարունակել: Շնորհակալական  խոսքս ուղղված էր ռուսերենի` իմ սերելի  ուսուցչուհուն, դրա համար էի այդպես հուզվել: Բեմի վրա ամեն ինչ հուզիչ  էր, չէինք ցանկանում, որ հնչեր վերջին զանգը, որից հետո երկու օր տոնախմբություն էր»,- հիշում է երիտասարդ պատգամավորը:


Ավարտական երեկոյի զգեստը եղել է սև ու կանաչ գույներով, մազերը շատ կարճ էին: «Վարսահարդարի մոտ այցելելիս մտածում էի, թե ի՞նչ սանրվածք պետք է անեմ այդ կարճ մազերին, և ափսոսում, որ մազերս երկար չեն»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը:


Նրա խոսքով` վերջին զանգի օրը չգիտակցված ճամփաբաժանի օր է: Նա մաղթում է բոլոր շրջանավարտներին, որ այդ օրը վայելեն ու հասկանան, որ իրենց առջև կյանքն է, որն ունի իր գրավիչ, բայց նաև դաժան կողմերը:


«Ցանկանում եմ, որ ուժեղ լինեն, որ նրանց կողքին միշտ լինեն այն մարդիկ, ում կարիքը նրանք ունեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ կյանքը մաքրող, զտող  ֆունկցիա ունի, և մարդու կողքին միշտ մնում են նրանք, ում կարիքը այդ մարդը զգում է»,- կարծում է Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կյանքի զտման արդյունքում էլ հիմա իր կողքին մնացել են մի քանի դասընկերներ ու կուրսեցիներ: Դրանք այն մարդիկ են, որոնց կարիքը զգում է Արփինեն, ովքեր հավատարիմ են իրեն, և որոնց հավատարիմ է ինքը:


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ հիշում է, որ «Վերջին զանգ»-ի օրը այդ տարիքում գուցե չի արժեորել, բայց հիշում է ամեն մանրուք` թե ոնց բեմ բարձրացավ, ոնց էր նախապատրաստվել, այդ օրվա իր կոստյումը: Հովհաննես Սահակյանի խոսքով` բեմական երեկույթը թեմատիկ էր` նվիրված գրքերին: «Էն որ գրքերի հետ պետք է նուրբ վերաբերվել: Բայց ես էն չարաճճի տղան էի, ով  էդ գրքերի հետ մի քիչ անփույթ էր վարվում: Ինչևէ, բոլոր ծնողները հուզվել էին մեր երեկույթից»,- նշեց պատգամավորը:

 

Նրա խոսքով` Սպիտակում, ուր ինքը ծնվել և մեծացել է, դեռ թարմ էին երկրաշարժի հետքերը,  ուստի լայնածավալ ուրախ միջոցառումները քիչ էին: Ավարտական երեկոն նշել են դասարանցիներից մեկի տանը, ամբողջ երեկո պարել են, երգել, ուրախացել:


Նա մաղթում է շրջանավարտներին, որ կուտակեն գիտելիքներ, հատկապես` դպրոցն ավարտելուց հետո, և որ ներկայիս սերունդը հետևողական լինի գիտելիքների հարցում: «Ցանկանում եմ, որ ունենանք ավելի կիրթ երիտասարդություն, որովհետև 21-րդ դարում մարդու թշնամին այլևս զենքը չէ, 21-րդ դարում բոլոր մարտահրավերները կապված են գիտելիքի հետ»,- ասաց Հովհաննես Սահակյանը: