կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-10 23:10
Հասարակություն

Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի կլինի Երեւանում, կմասնակցի նաեւ Ազնավուրի համերգին

Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի կլինի Երեւանում, կմասնակցի նաեւ Ազնավուրի համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

 

Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

 

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:

 

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահներն այնուհետև ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

Հայաստանի Նախագահի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ընթրիք: Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին: