կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-07 19:05
Առանց Կատեգորիա

Դեսպան Վոլինկինի խոպանը

Դեսպան Վոլինկինի խոպանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ հեռակա կարգով «նորաթուխ բլոգեր» որակեց Հայաստանում մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քեթի Լիչին այն բանի համար, որ նա համարձակվել էր մի քանի կծու խոսք ասել հայաստանյան իշխանության հասցեին շարունակաբար կեղծվող ընտրությունների վերաբերյալ: Նախագահին, հավանաբար, խոցել էր ոչ միայն իշխանությանը քննադատելու` դեսպանի համարձակությունը, այլ նաև, թերևս, դրանով Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձը: Այդ տեսանկյունից նախագահի ռեպլիկը հասկանալի էր և ադեկվատ:

 

Սակայն արդեն երկրորդ անգամ է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն իրեն թույլ է տալիս դիվանագիտական կոռեկտության սահմաններն անցնող, Հայաստանին ուղղված հրահանգի կամ կարգադրության երանգներ պարունակող հայտարարություններ հնչեցնել, բայց պաշտոնական Երևանի կողմից դրանք որևէ արձագանքի չեն արժանանում: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում ռուս համերկրացիների համաժողովում Վոլինկինը հայտարարել էր, թե ռուսական կողմը կկասեցնի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին: Որպես բարեկամ` նա նկատի ուներ առաջին հերթին Հայաստանը: Իսկ օրերս Մոսկվայում հրատարակվող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու  պարբերականին տված հարցազրույցում Վոլինկինը ցույց է տվել, թե ինչպես է Մոսկվան պատրաստվում դա անել: «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում»,-հարցազրույցում նշել է ՌԴ դեսպանը: Նա օրինակ է բերել իր երկիրը, որը, հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքում փոփոխություններ կատարելով, հիմքեր է ստեղծել արևմտյան երկրներից ու միջազգային կառույցներից ֆինասավորվող, իշխանության համար անցանկալի ՀԿ-ների գործունեությունը կասեցնելու համար:

 

Վոլինկինը, փաստորեն, «բարեկամ» Հայաստանի իշխանություններին սովորեցնում է` ինչպես չեզոքացնել հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ խրող ՀԿ-ներին: Եվ քանի որ այդ սեպը խրվում է բարեկամական ջերմ զգացումներից պայթող մեր ընդհանուր, եվրասիական սրտին ու մտքին խորթ գաղափարներ սերմանելով, Ռուսաստանը դրանք համարում է բարեկամ Հայաստանի ներքին գործերին ագրեսիվ միջամտության փորձ, ուստի տրամաբանական է դառնում, որ դրանք կանխելու խնդիրը համարում իր սրբազան պարտքը: Վոլինկինը նույնիսկ չի ուզում պարզել` իսկ Հայաստանն ինքն ուզո՞ւմ է, որ Ռուսաստանը փրկի իրեն, Երևանը կարող է մտքի ծայրով մի պահ անցկացնել, որ իր փոխարեն նման եզրահանգումներ կատարելը և որոշումներ կայացնելը հենց Մոսկվայի կողմից իր ներքին գործերին ավելի կոպտորեն, նույնիսկ լկտիորեն միջամտելու փորձ է:

 

Խնդիրն այն չէ, իհարկե, որ նման կազմակերպություններ իսկապես կան: Ընդ որում` ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլև, ընդհանրապես, Հայաստանի պետականությանը վնասելու կոնկրետ դիտավորությամբ, և որ այս դաշտը, որոշակի կարգավորման կարիք, իսկապես, ունի: Այլ այն, որ Մոսկվան է մեր փոխարեն որոշում, թե որոնք են նման կազմակերպություններին մերկացնելու չափորոշիչներն ու ձևերը, որոնք են այդ կազմակերպությունները, և թե ինչ միջոցներով պետք է դրանց դեմն առնել:

 

Մինչև Հայաստանում Վոլինկինի դեսպան նշանակվելը նման տոնով իր «ֆորպոստի» հետ Մոսկվան խոսում էր պալատական փորձագետների, քաղաքական մանր ու միջին տրամաչափի գործիչների միջոցով, որը դեռ աղոտ հույս էր թողնում, թե նրանք ընդամենը իրենց մասնավոր տեսակետներն են ներկայացնում: Բայց երբ դրանց մասին ուղղակի խոսում է դեսպանը, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք պետական մակարդակով իրականացվող ծրագրային գործընթացի հետ: Եվ Վոլինկինի հիմնական առաքելությունն էլ նման խորհրդատվություններով Հայաստանի իշխանություններին այդ ծրագրին համահունչ քայլեր ձեռնարկելուն դրդելն է: Իր փոքրիկ բարեկամին փրկելու մոլուցքը վոլինկինյան հայտարարություններում այնքան արտահայտիչ է, որ նույնիսկ հավանական է թվում, թե դեսպանը կարող էր ոչ միայն իր հետ արդեն Հայաստան բերած լինել «չեզոքացման» ենթակա «դավադիր» ՀԿ-ների ցուցակը, այլև կառավարությանը ներկայացրած լինել ՀԿ-ների գործունեությունը կարգավորող հայաստանյան օրենսդրությունում դրանց չեզոքացմանն ուղղված փոփոխությունների փաթեթը:

 

Բայց եթե ռուսական այս «եղբայրական մեծահոգության» բուն շարժառիթը հատկապես հայ-ռուսական հարաբերությունները պաշտպանելն է, ապա սեպ խրողների շրջանակն ակնհայտորեն միայն ՀԿ-ներով չի սահմանափակվում: Հայաստանում կան նաև քաղաքական ուժեր, պարզապես անհատներ, որոնք բացարձակապես չեն տեղավորվում ռուսական «բարեկամության» կրեմլյան պատկերացումների մեջ, չեն ուզում համակերպվել նման վասալային «եղբայրության» իրողությանը  և չեն հավատում եվրասիական ինտեգրացիոն նախագծերում Հայաստանի ներգրավման օգտակարությանը: Հետաքրքիր է` նրա՞նց համար ինչ է նախատեսել Հայաստանի մեծ եղբայրը: Գուցե չեզոքացվելու օբյեկտների կարգավիճակում շուտով նաև ա՞յդ շրջանակները հայտնվեն:

 

Իրականում, սակայն, խնդիրը բացարձակապես Վոլինկինի մեջ չէ, այլ նման նվաստացուցիչ հայտարարությունների նկատմամբ Հայաստանի պետական իշխանության լիակատար համերաշխության: Եթե Վոլինկինի առաջին հայտարարությանը որևէ արձագանք հետևեր, ապա նա դժվար թե իրեն նորն անելու իրավունք վերապահեր: Եթե մի դեսպանի բլոգային դիտարկումներին հարկ է համարվում արձագանքել, մյուսին` ոչ, ուրեմն մնում է եզրակացնել, որ երկրորդի դեպքում նման տոնով իրենց հետ խոսելը լրիվ օրինաչափ և նորմալ է համարվում: Հետևաբար, Վոլինկինը դեռ կարող է հանգիստ և ազատ վար ու ցանք անել հայաստանյան խոպանում: Մեծ Բրիտանիան չի կարող, բայց Ռուսաստանը կարող է: Որովհետև, թերևս, Մոսկվան արդեն նույնիսկ մեզանից լավ գիտի` որն է մեր շահը, ովքեր են մեր բարեկամներն ու թշնամիները, ում հետ ինչպես հարաբերվել, և չի զլանում այդ շահերն ու գիտելիքները հանգամանալից, սիրալիր բացատրել մեզ: Դրա համար Վոլինկինին նույնիսկ շնորհակալություն է պետք հայտնել` կարող էր, չէ՞, ի վերջո, մարդն իր խորհրդատվության դիմաց վարձատրություն պահանջել...

 

Գևորգ Աղաբաբյան