կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-24 10:15
Քաղաքական

Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ ապրիլի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լուս Ֆրենկելը։

 

Նախարար Նալբանդյանը ողջունեց Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների այցելությունը Հայաստան և կարևորեց նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերության զարգացման գործում:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պատվիրակության անդամների շարունակական քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և ասաց, որ խորհրդանշական է, որ նրանք այցելում են Հայաստան 20-րդ դարի առաջին ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակի օրը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ կոնգրեսականները ընդգծեցին, որ այցելությունը լավ հնարավորություն է առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային խնդիրների մասին և վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացմանը:

 

Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու լավ երաշխիք է:

 

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: