կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-15 12:20
Մշակույթ

Հեշտ կմարսե՞ն թուրքերն ու գերմանացիները «Ռոմանտիկները» ֆիլմը

Հեշտ կմարսե՞ն թուրքերն ու գերմանացիները «Ռոմանտիկները» ֆիլմը

«Ռոմանտիկները» նոր երիտասարդական դրամայի երևանյան պրեմիերան տեղի կունենա ապրիլի 25-ին: Հենց այդ օրվանից սկսած էլ` ֆիլմը կարող եք դիտել Երևանի բոլոր կինոթատրոններում: Ֆիլմի ռեժիսորներն ամուսիններ Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադևոսյանն են, գլխավոր դերերը մարմնավորել են Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը։ Ֆիլմի ռեժիսորները որոշ փակագծեր են բացել ու ֆիլմից բացառիկ տեսարան տրամադրել:

 


Ֆիլմի հիմնական ասելիքը

Ուզում ենք անկեղծ լինել ու բոլորին նախազգուշացնել, որ այս տեսակ հայկական ֆիլմ դեռ չի նկարահանվել։ Ֆիլմի էական թեմաներից մեկը Հայոց ցեղասպանությունն է և դրա շուրջ ծավալվող բանավեճերը՝ երիտասարդների շուրթերով, սակայն, մյուս կողմից, մենք զուգահեռներ ենք տանում մեր ու արտասահմանցի երիտասարդների, նրանց պատկերացումների ու երազանքների հետ: Պատահական չէ, որ գերմանացի մի շարք կինոգետներ ու կինոծրագրավորողներ մեզ բացեիբաց նշում են, որ ֆիլմում շեշտված հակաթուրքական ու հակագերմանական դիրքորոշումը չեն կարող ողջունելի լինել գերմանացի հանդիսատեսի համար։ Ֆիլմն, ըստ էության, 6 ընկերների մասին է, ովքեր, բանական մարդ լինելով, մի քանի ժամում վերածվում են գազանի, նրանց մեջ արթնանում է կենդանին: Ֆիլմի նկարահանման ոճն այնպիսին է, ասես` հանդիսատեսն էլ է մասնակցում խնջույքին: 

 

Ինչո՞ւ «Ռոմանտիկներ»

«Ռոմանտիկներ», որովհետև նրանց երազանքները ռոմանտիկ են, նրանք մեխսագործներ են, սակայն, ինչպես անմեղ երեխան, անգիտակցորեն են հանցանք գործում: Իրականում սա «Տականքներ» բառի հականիշ է։ Ինչպես գրել է Գարեգին Նժդեհը. «Ազգերը տառապել են ու դեռ կտառապեն իրենց ազգի տականքների պատճառով»: Այս արտահայտությանը որոշակի առաջաբան է եղել մեզ համար, սակայն մեր հերոսները տականքներից միայն մի բանով են տարբերվում` նրանք իրենց մեղքը չեն գիտակցում, ուստի դրա համար էլ ռոմանտիկ են: 

 

Սուր տեսարաններ

Ֆիլմում, որպես այդպիսին, «բաց» կամ էրոտիկ տեսարան չկա։ Կա սարկազմ, որոշակի ծաղրանք նմանօրինակ տեսարանների նկատմամբ։ Ֆիլմը նկարահանված է ռեալիստական ոճով ու այդ իմաստով շատ համարձակ կթվա։ Մենք մեր հերոսներին ազատություն ենք տվել, նրանց խոսքն ու գործողությունները մաքսիմալ անկաշկանդ են։ Թեև ֆիլմում կան հայհոյանքներ, մեկ է, դա արված չէ գռեհկորեն։ Եթե անդրադառնում ես նման թեմայի' այն հնարավորինս հավաստի պետք է ներկայացվի: Մեզ համար ֆիլմը հայրենասիրական է, սակայն շատերի համար «հայրենասիրություն» բառը կարող է փոքր-ինչ այլ կերպ ընկալվել։ Մենք ցույց ենք տալիս խելացի ու բանիմաց երիտասարդների, սակայն, միևնույն ժամանակ, ֆիլմում այդ նույն խելացի երիտասարդները, գտնվելով թմրանյութերի ու ալկոհոլի ազդեցության տակ, 180 աստիճանով փոխվում են: 

 

***
Տեղեկացնենք, որ «Ռոմանտիկները» ներկայացված է «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության 6 անվանակարգերում՝ «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն օպերատոր», «Լավագույն նկարիչ» և «Լավագույն դերասան»: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում (Շվեդիա) 2014-ի հունվարին: