Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Արեգ Ազատյանի և Շողիկ Թադեւոսյանի «Ռոմանտիկները» ֆիլմի պրեմիերան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազատյանն ասաց, որ ֆիլմը մեր օրերի երիտասարդների մասին է, երիտասարդների, որոնք մութ ու ցուրտ տարիներ են տեսել, դժվար կյանքով ապրել և արդյունքում հասել ինչ-որ բանի:
«Ֆիլմով ուզում եմ ցույց տալ, թե ի՞նչ են մտածում երիտասարդներն այսօրվա կյանքի մասին, ի՞նչ հակադրություններ կան մեր և դրսի երիտասարդների միջև: Ֆիլմի ասելիքը բարդ է, քանի որ այն շատ շերտեր ունի»,- ասաց Ազատյանը:
Իսկ թե ի՞նչ կապ ունի ֆիլմը Ցեղասպանության հետ, որի պատճառով էլ Գերմանիայում դժգոհությունների տեղիք էր տվել, նա տեղեկացրեց, որ ֆիլմում նաև անդրադարձ է կատարվել Ցեղասպանությանն ու այն երկրների դիրքորոշմանը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել դրան. «Միգուցե մի քիչ հակասական թվա, բայց արդյո՞ք Ցեղասպանություն չէ այն, ինչ այսօր է կատարվում` արտագաղթը, երիտասարդների հուսահատությունը, հիասթափված մթնոլորտը»:
Ազատյանի կարծիքով` ֆիլմն արժանանալու է քննադատության, քանի որ մի շարք հակասական բաներ կան ֆիլմում:
Շողիկ Թադեւոսյանն էլ նշեց, որ Գերմանիային դուր չի եկել այն փաստը, որ ֆիլմում բացեիբաց խոսվում է Ցեղասպանության մասին և անդրադարձ կատարվում Գերմանիայի հետ դրա անմիջական կապին. «Գերմանիայում թուրքական համայնքը շատ մեծ է, դրա համար էլ նրանք մտավախություն ունեն` ֆիլմն իրենց մոտ ցուցադրելու»:
Ֆիլմի գլխավոր դերակատարներից Նարեկ Քթոյանը նշեց, որ իր կերպավորած դերն այն դերն էր հենց ում էլ կուզեր կերպավորել ինքը: Քթոյանի հավաստմամբ` իր և կերպարի խնդիրները շատ կետերում են համընդհանուր դառնում:
«Ապրում ես քո երկրում, դժվար կյանք ես ունենում ու, չնայած այդ ամենին, կարողանում ես ինչ-որ բան ստեղծել, ու հանկարծ գալիս է մի պահ, որ չգիտես` մնա՞ս, թե՞ գնաս, քանի որ քո ստեղծածը քեզ համար շատ թանկ է: Իմ կերպարը նաև հերոս է, քանի որ երբ «Գրին քարտ» ես ունենում, երկրից չգնալն ուղղակի հերոսություն է»,- ասաց դերասանը` հավելելով, որ «Ռոմանտիկները» ո՛չ 3 գրոշանոց ֆիլմ է, ո՛չ էլ այն կոմերցիոն աղբը, որ ողողում է մեր իրականությունը: