Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալեքսանդր Ֆիտց` հրապարակախոս, արձակագիր, սցենարիստ, հրատարակել է հարյուրավոր հոդվածներ, ակնարկներ, ռեպորտաժներ Գերմանիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պարբերականներում: Նրա «թեթեւ» գրչի արգասիքն են մոտ 12 գիրք ու փաստագրական ֆիլմերի 5 սցենար, որոնց մեծ մասն արժանացել է հեղինակավոր գրական մրցանակների ու դարձել բեստսելեր: Բավական է հիշել «Ճանապարհորդություն դեպի Երկիր», «Անառակ գերմանացու վերադարձը», «Նամակ` կանցլերին», նաեւ «Ծաղր» ֆիլմը, որը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց: Հետաքրքիր է նաեւ Ֆիտցի հրապարակախոսությունների եւ նովելների նոր ժողովածուն` գրված, ինչպես միշտ, նրբագեղորեն, նրան բնորոշ հեգնանքով ու լավատեսությամբ: Սուր աչքը, ժողովածուի հերոսների բնավորությունների արտահայտչականությունը զուգորդվում են Գերմանիայի եւ Ռուսաստանի ժամանակակից պատմության հետաքրքրաշարժ իրադարձությունների խոր եւ յուրահատուկ մեկնաբանությամբ, իրադարձություններ, որոնց վկան, իսկ երբեմն նաեւ մասնակիցն է եղել հեղինակը:
Ապրում է Մյունխենում:
Yerkir.am-ը շարունակում է ընթերցողին ներկայացնել Ալեքսանդր Ֆիտցի` 2008-2012 թթ. գրված «Հայոց ցեղասպանությունը եւ ռուսաստանցի գերմանացիները»ակնարկը` թարգմանաբար:
«Ռուսաստանը հնարավոր է` ամոթ զգա»
1914 թ. նոյեմբերի 14-ին գերագույն հրամանատարի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ն.Ն. Յանուշկեւիչը Նախարարների խորհրդի նախագահ Ի. Լ. Գորեմիկինին եւ ռազմական օկրուգների պետերին տեղեկացրեց դեռեւս չտեղահանվածների նկատմամբ խստագույն հետապնդման մասին եւ հրահանգեց «խստորեն հետեւել նույնիսկ տեղական` ազգությամբ գերմանացի բոլոր անձանց, նաեւ դրամական պարգեւներով խրախուսել նրանց, ովքեր կամբաստանեն նրանց անհուսալիության մասին» [1]:
Ավելի վաղ` հոկտեմբերի 25-ին, Օդեսայի ռազմական օկրուգի գլխավոր ղեկավար` հետեւակի գեներալ Մ.Ի. Էբելովը, ով հայտնի դարձավ ոչ թե ռազմական սխրանքներով, այլ այն բանով, որ առաջինը պահանջեց «Պետրոգրադը եւ Մոսկվան ամբողջությամբ մաքրել գերմանացիներից», հրամայեց «արտաքսել ռուսահպատակ գերմանացիներին օտարերկրյա հպատակների հետ հանդիպումների, գերմաներեն լեզվով թերթերի, գրքերի, հայտարարությունների հրատարակման եւ գերմաներենով խոսելու համար»: Հսկայական տպաքանակներով լույս էին տեսնում բրոշյուրներ եւ գրքեր հետեւյալ անվանումներով` «Գերմանական վայրագություններ», «Գերմանացի լրտեսներ», «Գերմանական գրոհ Ռուսաստանի վրա», «Գերմանական բռնություն» եւ այլն, դրանցում, Գերմանիայի գերմանացիներին զուգահեռ, անպայման կային սեփական` Ռուսաստանի գերմանացիների կերպարներ: Ընդ որում` այդ ստեղծագործությունների հեղինակներից էին Վասիլի Ռոզանովը, երիտասարդ Ալեքսեյ Տոլստոյը, նույնիսկ` Վլադիմիր Մայակովսկին[2]:
Պատմաբան Յուրի Վերեմեեւը, որին արդեն մեջբերել ենք, այդ կապակցությամբ բացականչում է. «Զարմանալի է, թե ինչպես ռուսական ճակատային զորամասերի գերմանացիները չապստամբեցին այդ փաստերից հետո»:
Իսկ ես ներկայացրեցի ընդամենը փոքր մասն այդ` երբեմն որքան դաժան, այնքան էլ անիմաստ գործողությունների, որոնք թափվեցին ռուսաստանցի գերմանացիների գլխին նախորդ դարի սկզբին: Իհարկե, արդարության համար պետք է ասել, որ այն ժամանակվա բազմաթիվ մտավորականներ, մասնավորապես` Մաքսիմ Գորկին եւ Վլադիմիր Կորոլենկոն, խստագույնս դատապարտեցին երկրում սկիզբ առած հակագերմանական հիստերիան: 1916 թվականի նոյեմբերի 8-ին Վլադիմիր Գալակտիոնովիչը «Ռուսսկիե վեդոմոստի» թերթում հրապարակում է «Նավապետ Կյունենի մասին» հոդվածը: Մեջբերեմ դրանից մի փոքր հատված. «Նրա ամբողջ դժբախտությունն այն է, որ նա` մայր Վոլգային հավատով ու ճշմարիտ ծառայած ռուսահպատակ, այնուամենայնիվ, համարվում է «գերմանական ծագմամբ» մարդ, եւ ինչ-որ մեկի համար դա վիրավորական է: Նույնիսկ ոչ թե գերմանահպատակ, այլ պարզապես ռուսաստանցի գերմանացի, Ռուսական պետության տոհմական հպատակ, որն իր կյանքը նվիրել է ռուսական մեծ գետի վրա ազնիվ աշխատանքին: Իսկ այժմ նրան, հնարավոր է` ընտանիքով, դուրս են գցել այնտեղից եւ նստեցրել շուկայի կանանց կողքին` ձմերուկ վաճառելու... Ահա այսպես է ներկայումս մայր Վոլգան դրսեւորում իր հայրենասիրությունը: Կորչե'ն գերմանացիները... Եվ ոչ թե այն գերմանացին, որ խցկվում է Դվինսկի մոտակայքի մեր ռազմական գծերից ներս կամ Ռումինիայից թակում է մեր հարավային դռները: Այլ մեր ռուս նավապետ Կյունենը... Այսինքն` այն մարդը, ով ոչ մի բանում մեղավոր չէ, եւ իր ողջ կյանքը պաշտպանելու օրինական իրավունքն ունի: Այո, անշուշտ, սա անսրտության եւ անարդարության դրսեւորում է... Խորհիր, ընթերցո'ղ, քանի նման Կյունեններ կան այսօր ընդարձակ Ռուսաստանում, նրանից քանիսն է առանց մեղքի կործանվում` նույնիսկ Հայրենիքին մատուցած մեծ ծառայություններ ունենալով, որքան արցունք ու վիրավորանք, եւ կարեւորը` հազարավոր անմեղների արցունքներ, անարդարացի վիրավորանք միայն այն բանի համար, որ նրանց նախնիները գերմանացի են եղել այն ժամանակ, երբ մենք գերմանացիների հետ բարեկամ էինք: Երբ պղտոր ալիքն անցնի, բարեհոգի Ռուսաստանը հնարավոր է` խղճահարություն ու ամոթ զգա»:
Եվ սրանում, այսինքն` չարագործների հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքի առումով, ես նույնպես հակված եմ նմանություն տեսնել Օսմանյան կայսրությունում հայերի եւ Ռուսականում` գերմանացիների վիճակում, թեեւ, անշուշտ, առաջինների վիճակը հարյուրապատիկ անգամ ծանր էր` նրանց ծրագրում էին ամբողջությամբ ոչնչացնել, իսկ գերմանացիներին` ընդամենը թալանել եւ դարձնել ճորտի կարգի մի բան:
Արդարության համար հարկ է նշել, որ պատերազմական ժամանակաշրջանում արեւմտյան ժողովրդավարությունները նույնպես իրենց` ոչ տիտղոսային ազգությունների նկատմամբ «սպիտակ ու փափկամազ» չեն եղել: Այսպես` 1914-ին Մեծ Բրիտանիայում բնակվող բոլոր գերմանացիներին տեղահանել էին եւ տեղավորել համակենտրոնացման ճամբարներում: Վերսալյան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո նրանց ազատ արձակեցին, իսկ 1939-40 թվականներին կրկին արտաքսեցին: 1942 թվականին ԱՄՆ-ում` «աշխարհի ամենաժողովրդավար երկրում», 120 հազար ճապոնացիներ, որոնց 62 տոկոսը ամերիկյան քաղաքացիություն ուներ, բանտարկվեցին համակենտրոնացման ճամբարներում, ընդ որում` նրանցից շատերին «պահում էին անմարդկային պայմաններում»[3]:
Պարտք եւ պատիվ
1914-1916 թթ. հատուկ հրահանգներով ու կարգադրություններով` Ռուսաստանում գերմանացիներին խստագույնս արգելվում էր ցանկացած հավաք կամ ժամերգություն կատարել մայրենի լեզվով: Նրանց զրկում էին ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքից, բռնագրավում հողատարածքները եւ համարյա բոլորին մեղադրում` որպես «դավաճանների» ու «պոտենցիալ հանցագործների»: Ընդամենը մեկ օրինակ բերեմ, որը հիշատակում է Ռուսական պետական ռազմա-պատմական արխիվի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Նելիպովիչը. «1915 թվականի հունիսի 19-ին Հարավարեւմտյան ճակատի բանակների գլխավոր հրամանատար Ն. Ի. Իվանովը հրամայում է Կիեւի ռազմական օկրուգի պետին գերմանական գաղթօջախներից պատանդներ վերցնել (բնակչության 1000 մարդուն` 1 պատանդ հարաբերակցությամբ): Պատանդներին, որոնց մինչեւ պատերազմի ավարտը հրամայված էր պահել բանտերում, խորհուրդ էր տրվում վերցնել ուսուցիչներից եւ քահանաներից: Գեներալ Իվանովը նաեւ հրահանգել էր մինչեւ նոր բերքը առգրավել գաղութաբնակների ամբողջ մթերքը, բացառությամբ պարենը, իսկ գաղթօջախներում բնակեցնել փախստականների: Եթե գերմանացի գաղութաբնակները հրաժարվեին հանձնել հացը, խարը կամ չընդունեին փախստականներին, պատանդները մահապատժի կենթարկվեին: Սա պատմության մեջ եզակի օրինակ է, որ պետությունը պատանդ վերցնի սեփական հպատակներին»[4]:
Փաստը, որ «այդ հպատակների» որդիները, ի դեպ, ինչպեսեւ մյուս ռուսաստանցի գերմանացիները կռվում էին ռուսական բանակի շարքերում, «մեղմացուցիչ հանգամանք» չէր համարվում: Ավելին` հետապնդումներ սկսվեցին նաեւ բանակում: 1914-ի նոյեմբերին պաշտոնանկ արվեց եւ հատուկ հանձնաժողովի կողմից հարցաքննվեց հեծելազորի գեներալ Պյոտր Կառլովիչ ֆոն Ռենենկամպֆը, որը Առաջին բանակի հրամանատարն էր: Դեկտեմբերի 31-ին նույն բախտին արժանացավ (հետաքննությունից բացի) Սարիղամիշի մոտ թուրքերին հաղթող` հետեւակի գեներալ Գեորգի Էդուարդովիչ Բերխմանը` Կովկասյան առաջին կորպուսի հրամանատարը: Ավելի ուշ` 1916-ի հուլիսի 16-ին, գերագույն հրամանատարի շտաբի պետ, հետեւակի գեներալ Մ.Վ. Ալեքսեեւը այսպես է բացատրել զորավարի ձերբակալության պատճառը, զորավար, որի մասին հետագայում հանրագիտարաններում գրեցին, որ նա իրականացրել է «Առաջին աշխարհամարտում ռուսական բանակի ամենահաջող գործողությունը` բանակային մակարդակով». «Գեներալ Բերխմանից պահանջում էին «լիակատար հաղթանակ»` ի դեմս նրա նախապատրաստելով պարտության մեղավորին»: Պարզ ասած` այդ ժամանակ Կովկասում փոխարքա եւ ռուսական բանակի հրամանատար Վորոնցով-Դաշկովը որոշել էր Սարիղամիշում պարտության դեպքում իրեն արդարացում նախապատրաստել եւ այդպիսով թաքցնել սեփական կոպտագույն թերացումները սահմանի երկայնքով զորքի տեղաբաշխման հարցում: 1914-ի դեկտեմբերի 20-ին նա, ինչպես ասում են, ավանսով խուճապային հեռագիր է ուղարկում հետեւակի գեներալ Յանուշկեւիչին. «Գեներալ Բերխմանի զորքերի ջախջախումը, որին ես, հրամանատարական առումով, «ամրացրել էի», ուղարկելով գեներալ Յուդենիչին, հավասարազոր է ամբողջ Անդրկովկասի կորստին... Ձեզ զարմացնում է, թե ինչո՞ւ, չնայած գեներալ Բերխմանի բոլոր սխալներին, ես նրան չփոխարինեցի մեկ ուրիշով: Մարդ չկա, որ նրան փոխարինի»[5]:
Հենց նույն օրը Վորոնցով-Դաշկովը ռադիոկապով Բերխմանին հաղորդում է. «Ուրախանում եմ ձեռք բերված հաջողություններով, սակայն Դուք պետք է լիակատար հաղթանակի հասնեք, որից կախված է Կովկասի ամբողջականությունը»[6]:
Գ. Է. Բերխմանը եւ նրա ղեկավարած առաջին բանակային կորպուսը լիակատար հաղթանակ տոնեցին, որից հետո նրան հեռացրին հրամանատարությունից, իսկ 1915-ի մայիսի 7-ին նրա դեմ հետաքննություն սկսվեց «անբավարար գործունեության» կապակցությամբ: Դա տեղի էր ունենում հակագերմանական տրամադրությունների եւ լրտեսամոլագարության նոր ալիքի պայմաններում, սակայն ծառայակիցները` թե' սպաները, թե' զինվորները, չափազանց լավ կարծիքներ էին հայտնում իրենց Գեորգի Էդուարդովիչի մասին, եւ արդյունքում` 1915-ի մայիս 18-ին գեներալ Բերխմանին Սարիղամիշի ճակատամարտի համար պարգեւատրեցին Սբ Ալեքսանդր Նեւսկու շքանշանով: Սակայն գործող բանակում վերականգնվելու մասին խոսք անգամ լինել չէր կարող: Դրան կատաղի դիմադրություն էր ցույց տալիս Վորոնցով-Դաշկովը: Եվ այնուամենյանիվ, արդարությունը հաղթանակեց` 1916-ի հուլիսի 21-ին գործի էության մի շարք համալիր ստուգումներից հետո նա ոչ միայն վերադարձավ գործող բանակ, այլ նաեւ Կովկասյան ճակատում նախորդ ծառայությունների համար, գեներալ Նիկոլայ Նիկոլայեւիչ Յուդենիչի հետ, որը փոխարինել էր Վորոնցով-Դաշկովին Կովկասյան բանակի հրամանատարի պաշտոնում, պարգեւատրվեց 4-րդ աստիճանի Սբ Գեորգիի շքանշանով:
Այս փաստին այսքան հանգամանորեն անդրադարձա, որ ցույց տամ` ռուսաստանցի գերմանացիները արդարության հասնելու շանսեր այն ժամանակ դեռեւս ունեին: 25 տարի անց նրանց կարող էին գնդակահարել միայն ազգանվան համար: Թեեւ Առաջին համաշխարհայինի տարիներին շատ սպաներ` գերմանացիներից, ստիպված փոխեցին իրենց ազգանունները: Օրինակ` Իոհան Կլեյստը դարձավ Իվան Կլեստով, Թեոդոր Մուտը` Ֆյոդոր Մուտով, Վոլդեմար ֆոն Վիզեն` Վլադիմիր Ֆոնվիզին եւ այլն[7]:
Հիշո՞ւմ են, արդյոք, ռուսաստանցիներին Ծիծեռնակաբերդում
Գործող ռուսական բանակ զորակոչված գերմանացիների համար, փորձագետների կարծիքով, ծառայողական սանդուղքով բարձրանալը առավելագույն դժվարացված էր: Շատերին միտումնավոր տեղափոխում էին ծառայության ավելի ծանր տեղամասեր: Այսպես` 1915-ի հոկտեմբերի 13-ին Հյուսիսային ճակատի գեներալ-զորաբնակարանապետ, գեներալ-մայոր Մ. Դ. Բոնչ-Բրուեւիչը (ականավոր բոլշեւիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական, հետագայում` խորհրդայիան պետական գործիչ Վ. Դ. Բոնչ-Բրուեւիչի եղբայրը) խնդրում է Ուստ-Դվինսկի ամրոցից Կովկաս տեղափոխել գերմանական ծագումով բոլոր սպաներին` նրանց «անհուսալիության պատճառով»[8]: Կարդալով սա` մտածեցի` հետաքրքիր է` իսկ ի՞նչ սանդղակով էր նա չափում հարազատ եղբոր հուսալիությունը:
Նույն ժամանակ Կազանի ռազմական օկրուգից Կովկասյան ճակատի գոտու պաշտպանական կառույցների շինարարության համար, «որպես բանվորական ուժ», տեղափոխում են ավելի քան 32 հազար աշխարհազորայինի` Պովոլժիեից բանակ զորակոչված գերմանացիներից: Ուշագրավ է, որ առաջնային գիծ ուղարկելուց առաջ օկրուգի գլխավոր պետ, հետեւակի գեներալ Ա.Գ. Սանդեցկին հրամայում է գերմանացիներից վերցնել նոր փափախներն ու շինելները, փոխարենը տալ հները: Սակայն նույնիսկ հին փափախներով ու շինելներով գերմանացիները կռվում էին նույնքան վարպետորեն եւ հուսալի, ինչպես «քաղաքացիական» կյանքում վարում եւ ցանում էին ռուսական հողը` այն համարելով հարազատ[9]:
Գեներալ Յուդենիչի (ով ավելի ուշ դարձավ Սպիտակ շարժման առաջնորդներից մեկը) վկայությամբ` 1916 թվականի փետրվարի 3-ին թուրքական Էրզրում քաղաքն ու համանուն ամրոցը գրավվեց զորամասերի կողմից, որոնք գործնականում 100 տոկոսով կազմված էին ռուսաստանցի գերմանացիներից, ովքեր քաջության ու աննկունության հրաշքներ ցուցաբերեցին: Ծանր մարտերը շարունակվեցին ավելի քան մեկ ամիս: Գերեվարվեց հակառակորդի մինչեւ 20 հազար զինվոր եւ ավելի քան 300 սպա: Այդ գործողության արդյունքում 3-րդ թուրքկան բանակը երկրորդ անգամ կորցրեց իր մարտունակությունը` զրկվելով անձնակազմի կեսից` 60 հազար մարդ, եւ համարյա ամբողջ հրետանուց: Հենց Էրզրումի համար կայսրը կովկասյան զորահրամանատարին պարգեւատրեց 2-րդ աստիճանի Սբ Գեորգիի շքանշանով: Իսկ այդ հաջողությունը, որը հավասարազոր է Սուվորովի կողմից Իզմայիլի գրոհին, ժամանակակիցների վկայություններով, մեծ աղմուկ բարձրացրեց երկու հակառակորդ երկրներում:
Էրզրումը գրավելուց հետո ռուսական բանակի առջեւ բացվեցին Էրզինջանով Անատոլիա` Թուրքիայի կենտրոնական շրջանը տանող դարպասները: Եվ ամենեւին պատահական չէ, որ մեկ ամիս անց` 1916-ի մարտի 4-ին, ստորագրվեց ռուս-ֆրանս-անգլիական համաձայնագիրը Փոքր Ասիայում Անտանտի պատերազմի նպատակների մասին: Ռուսաստանին խոստացան Կոստանդնուպոլիսը, սեւծովյան նեղուցների հատվածը եւ թուրքական Հայաստանի հյուսիսային մասը, բացի Սիվաս քաղաքից: Մեծ Բրիտանիան հայտարարեց Պաղեստինի եւ եւս մի շարք այլ հողերի նկատմամբ իր իրավունքի մասին: Սակայն սա լրիվ այլ պատմություն է, բայց կրկնեմ` Էրզրումի տակ հաղթանակը ձեռք բերվեց ռուս գեներալ Յուդենիչի զորավարական տաղանդի եւ ռուսական բանակի զինվորների խիզախության, աննկունության, քաջության շնորհիվ, որոնց թվում կռվում էին մոտ 140 հազար ռուսաստանցի գերմանացիներ: Եվ, անկասկած, Կովկասյան ճակատում 50 հազար զոհվածների թվում քիչ չէր գերմանական ծագումով զինվորների եւ սպաների թիվը[10]:
Ահա այդ իրադարձությունների անմիջական մասնակից, Կովկասյան ճակատի շտաբի գեներալ-զորաբնակարանապետ Ե.Վ. Մասլովսկու հիշողությունները. «Այդ հաղթանակից տպավորությունը հսկայական էր, իսկ նշանակությունն ու արդյունքները` անսահման: Կենտրոնը, որից դուրս էին գալիս ռազմական եւ քաղաքացիական կառավարման թելերը, հսկայական շրջանի տնտեսական եւ քաղաքական կյանքի կենտրոնը խլվեց Թուրքիայի ձեռքից: Եվ դա այն ժամանակաշրջանում, երբ դաշնակիցները ոչ մի տեղ հաջողություն չունեին, երբ անգլիացիները եւ ֆրանսիացիներն արդեն պատրաստվում էին հրաժարվել թուրքերի դեմ պայքարից Գալիպոլիի թերակղզում եւ տարհանել այնտեղից իրենց զորքերը` հաջողության չհասնելով, կորցնելով 268500 մարդ` սպանվածներ, վիրավորներ, գերիներ եւ հիվանդներ: Եվ դա` չնայած տեխնիկական միջոցների հզորությանը եւ նավային հրետանու հզոր աջակցությանը: Երբ Միջագետքում անգլիացիների անհաջող հարձակումից հետո գեներալ Թաուսենդի անգլիական ջոկատը շրջափակվեց Կուտել-Ամարայի մոտ` պատրաստվելով գերի հանձնվել, երբ մեր բանակները արեւմտյան ճակատում մեծ նահանջից հետո ուժ էին հավաքում հետագա գործողությունների համար, թուրքական բանակի ջախջախման եւ պատմականորեն հայտնի առաջնակարգ ամրոցի գրավման մասին լուրը ուժեղագույն ազդեցություն ունեցավ ոչ միայն մեզ մոտ` Ռուսաստանում, այլեւ մեր բոլոր դաշնակիցների վրա»[11]:
«Բոլոր երկրների բոլոր թերթերում,- շարունակում է Մասլովսկին,- հնչում էին ցնծության եւ գովասանքի խոսքեր Կովկասյան բանակի հասցեին: Դրա սխրանքները, համընդհանուր կարծիքով, չէին զիջում սուվորովյաններին` Ալպերում»[12]:
Սակայն այս բոլոր փաստերը տաբու դարձան խորհրդային շրջանում, թեեւ այսօր էլ առանձնապես չեն գովազդվում: Հասկանում եք` սպիտակ գեներալ Յուդենիչ, ռուսաստանցի գերմանացիներ... եւ հանկարծ` հերոսներ: Գերմանիայում նույնպես պատմության այդ դրվագի մասին քչերը գիտեն: Ինչո՞ւ, որովհետեւ դրա մասին լռում են: Գերմանացիներ եւ հանկարծ` հերոսներ: Ոչ, նման անցյալը մտքերի ներկայիս տիրակալների շրջանում հաջողություն չունի: Այ, եթե գերմանացիները մասնակցած լինեին հայերի, հույների, ասորիների կոտորածին` այլ բան: Իսկ այսպես ստացվում է, որ հենց գերմանացիները, կռվելով ռուսական բանակի շարքերում, փրկում էին հայերին լիակատար ոչնչացումից: Այլ խոսքերով ասած` նրանք չլինեին, հնարավոր է հայերի թիվն աշխարհում ԱՄՆ հնդկացիների թվից շատ չլիներ: Նաեւ Հայաստանում, կասկածներ ունեմ, որ քչերը գիտեն, թե ինչ դերակատարություն են ունեցել այդ ժողովրդի ճակատագրում ռուսաստանցի գերմանացիները: Եվ դա վատ է: Եթե հայ ժողովուրդը փորձում է չմոռանալ չարագործների անունները, ապա հիշել իրեն փրկողների անունները պետք է անպայման... Հնարավոր է` կգա ժամանակ, որ Երեւանում` Ծիծեռնակաբերդի բլրին, որտեղ գտնվում է 1915 թ. օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, կհայտնվի ռուս զինվորին նվիրված հուշարձան: Ես չգիտեմ` ինչպիսին կլինի այն, սակայն ցանկանում եմ հավատալ, որ դրա պատվանդանին հայերեն եւ ռուսերեն գրությունների կողքին անպայման կլինի գրություն գերմաներեն լեզվով: Քանի որ հայ ժողովրդի կյանքի համար թափվել է նաեւ ռուսաստանցի գերմանացիների` Սարիղամիշի եւ Էրզրումի իրական, բայց շատերի կողմի մոռացված հերոսների արյունը:
Ի՞նչ ընդհանրություն քաղաքականության ու երշիկի միջեւ
Այս ակնարկի վրա աշխատելիս ես զարմանքով եւ ուրախությամբ բացահայտեցի, որ համարյա ամեն ռուսաստանցի գերմանացի, որի հետ զրույցում ես այս կամ այն կերպ անդրադառնում էի Առաջին աշխարհամարտի տարիներին Կովկասյան ճակատում մարտերին եւ Հայոց ցեղասպանությանը, ինչ-որ բան գիտեր այդ հեռավոր իրադարձությունների մասին:
-Որտեղի՞ց,- հարցնում էի:- Գուցե ինչ-որ տեղ կարդացել ե՞ս: Հիշիր, խնդրում եմ: Ինձ համար դա կարեւոր է` հոդված եմ գրում:
-Ոչ,- մեղավոր տեսքով հոգոց էր հանում երկրացիս:- Կովկասյան ռազմարշավին ռուսաստանցի գերմանացիների մասնակցության մասին ոչինչ չեմ կարդացել:
- Հապա որտեղի՞ց գիտես,- հարցում էի ես, ու պարզվում էր, որ իմ զրուցակիցների մեկ կամ երկու պապերն էլ, իսկ ավելի հաճախ` ապուպապերը կռվել են Կովկասյան ճակատում, որ ընտանիքում այդ մասին հիշում են, որ պահպանվել են ինչ-որ լուսանկարներ, նամակներ, երբեմն` փաստաթղթեր...
- Լավ կլիներ պատճենահանել դրանք ու փոխանցել ինչ-որ թանգարանի կամ կենտրոնի, որտեղ այդ ամենը կհամակարգվեր, կընդհանրացվեր,- ասում էի ես:
- Հա, լավ կլիներ,- համաձայնում էին երկրացիներս:- Այսպիսի կենտրոն կամ թանգարան լիներ` մենք ոչ միայն պատճենները, բնօրինակները նրանց կտայինք:
Սակայն ժամանակակից Գերմանիայում չկա ո'չ թանգարան, ո'չ կենտրոն, որին կհետաքրքրեր գերմանական պատմության այդ հերոսական փաստը, ի դեպ, նաեւ մեր ընդհանուր անցյալի այլ` ոչ պակաս արժանի դրվագներ: Քաղաքական գործիչների ելույթներում, դպրոցական եւ համալսարանական ծրագրերում, անվերջ անցկացվող գիտաժողովներում գերակշռում է բոլոր գերմանացիների` նացիոնալ-սոցիալիստների կառավարման 12 տարիների համար մեղքի և անընդհատ ապաշխարելու թեման: Մինչդեռ քրիստոնեական աշխարհում հայտնի սրբազան Ֆիլարետը (Դրոզդով, 1782-1867), որին անվանում էին «մոսկովյան Ոսկեբերան», ասում էր. «Ով չի պայքարում հանուն իր Հայրենիքի, նա անհուսալի է Երկնային Արքայության համար»[13]: Այլ կերպ ասած` յուրաքանչյուրին, ով անտարբեր է սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ, ով ամաչում է իր նախնիներից` նրանց միայն սեւացնելով, ապագայում հաճելի քիչ բան է սպասում:
Մենք` ռուսաստանցի գերմանացիներս, անցյալից ամաչելու բան չունենք, հետեւաբար, շատ բաներ, ինչ այսօր կատարվում է Գերմանիայում, մեզ համար անհասկանալի են: Օրինակ` պաշտոնական Անկարայի միջամտությունը մեր երկրի ներքին գործերին` որպես քաղաքական եւ տնտեսական փախստականներ Գերմանիա ժամանած մի քանի միլիոն թուրքերի համար իսլամի ուսումնասիրման եւ իրենց մուսուլմանական ավանդույթները պահպանելու համար հատուկ պայմաններ ստեղծելու պահանջով: Մենք ոգեւորված չենք, որ այդ թվում նաեւ մեր հարկերի հաշվին կառուցվում եւ գործում են մուսուլմանական մշակութային եւ կրոնական կենտրոններ, իսկ ահա կենտրոնի համար գումար, որտեղ կուսումնասիրվի նախկին ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի, նաեւ Ռումինիայի, Հունգարիայի եւ Լեհաստանի գերմանացիների պատմությունը, չկա: Մեզ համար անհասկանալի է, որ երբ 2005 թվականին Պոտսդամում բրանդերբուրգցիները որոշեցին բացել հայտնի աստվածաբան եւ իրավապաշտպան Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը, ով ժամանակին Արմին Վեգների նման արձանագրեց Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների զանգվածային սպանությունները, Բրանդենբուրգում բնակվող թուրքերը բողոքի ակցիաներ անցկացրեցին, իսկ «անհայտ անձինք» սկսեցին ֆիզիկական ոչնչացմամբ սպառնալ քաղաքի այն ժամանակվա ղեկավար Մաթիաս Պլատցեկին: Եվ միայն այն բանի համար, որ Պլատցեկը «քաջություն էր ունեցել» հովանավորելու վերոհիշյալ նախագիծը[14]:
Իհարկե, մեր կանցլերը եւ նախարարները կարող էին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, ով 2008-ի փետրվարին Գերմանիա այցի ընթացքում թուրքերի ուծացումն անվանեց «մարդկության դեմ հանցագործություն»[15] եւ պահանջեց Գերմանիայի կառավարությունից «Գերմանիայում ստեղծել թուրքական գիմնազիաներ եւ դրանցում աշխատանքի ընդունել մասնագետների Թուրքիայից»[16], խորհուրդ տալ ավելի պակաս ավյունով հանդես գալ, եւ եթե նրան ու նրա ցեղակիցներին ինչ-որ բան Գերմանիայում դուր չի գալիս, ապա նրանց հետ տանել` իրենց հայրենիքը: Որպես սկիզբ` գոնե այն 15 հազարից ավելի թուրքերին, որ ներկայացել էին խոշորագույն Քյոլն քաղաքի «Քյոլնարենա» պալատ` նրա ելույթը լսելու, եւ բուռն ծափահարություններով ու հավանություն տվող բացականչություններով ողջունեցին նրա ելույթը` արտասանված թուրքերենով` առանց գերմաներեն թարգմանության: «Ընդ որում` հսկայական էկրանին ցուցադրվում էր ֆիլմ` Թուրքիայի տեսարաններով, որն ավարտվում էր «Ես երազում եմ Թուրքիայի մասին» արտահայտությամբ: Նա խոսում էր այնպես, կարծես Թուրքիայում լիներ: Թվում էր` երկու ժամ շարունակ Ռեյնի ափին գոյություն ուներ յուրատեսակ զուգահեռ աշխարհ[17]»:
Հիշեցնենք, որ այդ ժամանակ Թուրքիայի վարչապետի նախաձեռնությունը գերմանական իշխանության կողմից հատուկ ըմբռնման չարժանացավ, էլ չասած` շարքային քաղաքացիների կողմից, եւ մնաց առանց հետեւանքների: Սակայն Էրդողանը դրա մասին չմոռացավ եւ հիշեց 2010-ի գարնանը Անգելա Մերկելի` Անկարա այցի նախօրեին: Գտնվելով Լիբիայում` նա լրագրողներին հայտարարեց, որ Մերկելն ակներեւաբար ատում է Թուրքիան(?!), եթե հրաժարվում է Գերմանիայի տարածքում թուրքական դպրոցներ բացել: Այդ հարցում իր համառությունը Թուրքիայի վարչապետը բացատրում էր Գերմանիայի ամենամեծ սփյուռքի` Թուրքիայից 3 մլն գաղթածների հանդեպ հայրական հոգածությամբ: Եվ հիմնավորում էր լեզվական բարդություններով, որոնց բախվում են Գերմանիայում բնակվող թուրքերը` հասկացնելով, որ Գերմանիայի իշխանությունը պատասխանատվության սեփական բաժինն ունի: «Գերմանիայում դեռեւս այնքան էլ չեն զգում մեր ժամանակների ոգին: Նախեւառաջ` մարդը պետք է տիրապետի մայրենի լեզվին, այսինքն` թուրքերենին»,- ամփոփել էր Էրդողանը:
Թուրքիայի վարչապետին կարելի է հասկանալ, հատկապես` եթե հիշենք, թե ինչպես էր տարբեր հանրահավաքներում նա սիրում արտասանել պանթյուրքիզմի հիմնադիրներից Զիա Գյոքալփի ազգայնամոլական բանաստեղծությունները. «Մեր մզկիթները զորանոցներ են, գմբեթները` մեր սաղավարտները, մինարեթները` սվինները: Մեր զինվորները լի են հավատով»: Սրա համար` կրոնական խտրականություն հրահրելու մեղադրանքով, նրան դատապարտեցին 8 տարվա ազատազրկման: Ճիշտ է, նա ընդամենը 4 տարի նստեց, «լավ վարքագծի համար ազատ արձակվեց», ապա` շուտով չեղյալ համարվեց նաեւ դատվածությունը, ինչը Էրդողանին հնարավորություն տվեց կրկին առաջադրվելու ընտրություններում եւ ղեկավարելու կառավարությունը[18]:
Սակայն ինչո՞ւ ԳԴՀ կառավարությունը պետք է ամրապնդի զուգահեռ մշակութա-էթնիկական հանրությունը, որը խիստ կողմնորոշված է մուսուլմանական եւ կրոնական ու էթնիկ նորմերի կողմը: Հանրություն, որի անդամները գերմանական հասարակությանը ո'չ ինտեգրվելու մտադրություն ունեն, ո'չ ասիմիլացվելու, ընդհակառակը` հաստատուն իրենց հավատով` ձգտում են ոչ միայն Գերմանիային, այլեւ ամբողջ Եվրոպային ստիպել ապրել, նրանց կարծիքով, միակ ճիշտ` իսլամի օրենքներով: Եվ պետք չէ պայծառատես լինել` ասելու համար` դրանից ոչ մի լավ բան չի ստացվի եւ ավելի շուտ միայն կսրի «եկվոր մուսուլմանների» եւ «բնիկ քրիստոնյաների» միջեւ հարաբերությունները:
Սակայն վերադառնանք Թուրքիայի վարչապետի` 2008 թվականի այցին: Այն ժամանակ բազմաթիվ քաղաքագետներ եւ դիտորդներ նշեցին, որ ԳԴՀ կանցլերն ու նախարարները ձեւացնելու փոխարեն, թե իրենց գործընկեր Էրդողանն իրեն պահում է հյուրին վայել ձեւով, այսինքն` հարգալից է տանտերերի նկատմամբ, կարող էին հետաքրքրվել` ինչո՞ւ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել քրիստոնյաների, կոնկրետ` հայերի ցեղասպանությունը: Առավել եւս, որ շարունակում է համառորեն մտնել ԵՄ` իր անլուծելի քրդական հիմնախնդրով (Գերմանիայում քաղաքական ապաստան հայցողների շրջանում առաջին տեղում Թուրքիայի` քրդական ծագումով քաղաքացիներն են), դեպի Եվրոպա (Ալբանիայով եւ Կոսովոյով) թմրանյութերի տեղափոխման անվերահսկելի ուղիներով, նաեւ Հարավարեւելյան Ասիայից ու Աֆրիկայից ապօրինի միգրանտներով: Կարելի էր նաեւ այլ հարցեր տալ: Սակայն պարտադիր` արժանապատվությամբ, այլ ոչ թե ինչ-որ մեկի առաջ արդարանալու տոնով: Օհ, եթե դա տեղի ունենար, հետաքրքիր կլիներ նայել հարգարժան Ռեջեփ բեյին եւ լսել նրա պատասխանը: Սակայն իմ այս ենթադրություններն ավելի շուտ վերաբերում են բարձր քաղաքականությանը: Իսկ յուրաքանչյուրին, ով սիրում է լավ երշիկ եւ լավ քաղաքականություն, հայտնի է` ճիշտ կլինի չտեսնել ու չիմանալ, թե ինչպես է պատրաստվում այդ երշիկը, առավել եւս` «լավ» քաղաքականությունը:
Գրելով սա` մտածեցի` ինչպիսի երջանկություն, որ ես քաղաքական գործիչ չեմ եւ կարող եմ անկեղծ լինել ինչպես անձնական տեսակետը, այնպես էլ սեփական մոլորությունները պաշտպանելու հարցում:
2008-2012 թթ.
1. Нелипович С. Политика военно-политического руководства России в отношении немцев в годы 1-й Мировой войны 1914-1918 гг. Москва. Стр. 6.
2. Նույն տեղում, էջ 25.
3. Интернирование японцев в США. http://ru.wikipedia.org/wiki
4. Нелипович С. Дискриминационные меры военного руководства в отношении российских немцев в период 1-й Мировой войны 1914-18 гг. Москва. Стр. 5.
5. Нелипович С. Георгий Берхман - забытый герой 1-й Мировой войны. Москва. Стр. 4.
6. Նույն տեղում, էջ 7.
7. Веремеев Ю. Немцы в Русской армии накануне и в годы Первой мировой войны. http://army.armor.kiev.ua/hist/nemcu-rus.shtml
8. Нелипович С. Политика военно-политического руководства России в отношении немцев в годы 1-й Мировой войны 1914-1918 гг. Стр. 19.
9. Նույն տեղում, էջ 21.
10. Михайлов В. Разгром турецкой армии и овладение первоклассной турецкой крепостью. «Военно-исторический журнал», № 8, 2006 г. Стр. 49 - 53.
11. Масловский Е. Мировая война на Кавказском фронте 1914-1917 г. Париж: Возрождение, 1933 г. Стр. 297.
12. Նույն տեղում, էջ 299.
13. Иванов А. Руководство к изучению Священных книг Новаго Завета. Москва: Воскресение, 2002 г. Стр. 314
14. Корн Р. Забытые герои. Российские немцы на Кавказском фронте, в кн.: «В России - немцы, в Германии - русские. Исторические очерки», Аугсбург, 2008 г.
15. Визит турецкого премьера в Кёльн воспринят неоднозначно. «Немецкая волна», 11.02.2008.
16. Նույն տեղում
17. La Stampa. 10.02.2008 г.
18. BBC, 2.11.2009