Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալեքսանդր Ֆիտց` հրապարակախոս, արձակագիր, սցենարիստ, հրատարակել է հարյուրավոր հոդվածներ, ակնարկներ, ռեպորտաժներ Գերմանիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պարբերականներում: Նրա «թեթեւ» գրչի արգասիքն են մոտ 12 գիրք ու փաստագրական ֆիլմերի 5 սցենար, որոնց մեծ մասն արժանացել է հեղինակավոր գրական մրցանակների ու դարձել բեստսելեր: Բավական է հիշել «Ճանապարհորդություն դեպի Երկիր», «Անառակ գերմանացու վերադարձը», «Նամակ` կանցլերին», նաեւ «Ծաղր» ֆիլմը, որը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց: Հետաքրքիր է նաեւ Ֆիտցի հրապարակախոսությունների եւ նովելների նոր ժողովածուն` գրված, ինչպես միշտ, նրբագեղորեն, նրան բնորոշ հեգնանքով ու լավատեսությամբ: Սուր աչքը, ժողովածուի հերոսների բնավորությունների արտահայտչականությունը զուգորդվում են Գերմանիայի եւ Ռուսաստանի ժամանակակից պատմության հետաքրքրաշարժ իրադարձությունների խոր եւ յուրահատուկ մեկնաբանությամբ, իրադարձություններ, որոնց վկան, իսկ երբեմն նաեւ մասնակիցն է եղել հեղինակը:
Ապրում է Մյունխենում:
Yerkir.am-ը ընթերցողին է ներկայացնում Ալեքսանդր Ֆիտցի «Հայոց ցեղասպանությունը եւ ռուսաստանցի գերմանացիները» ակնարկը` թարգմանաբար:
Բազմաթիվ երկրներում ապրիլի 24-ը նշվում է որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սակայն, մեկուկես միլիոն հայերից բացի, Օսմանյան կայսրությունում այդ ժամանակ ոչնչացվել են 500-700 քրիստոնյա ասորիներ, սիրիացի քրիստոնյաներ` նեստորականներ, քաղդեականներ: Վերջապես, ցեղասպանության են ենթարկվել քուրդ-եզդիները (ոչ մուսուլման) եւ հույները: Եթե նրանց ավելացնենք 19-րդ դարում պարբերաբար իրականացվող` «անհավատներից զտող» զանգվածային ջարդերի հազարավոր զոհերին, ապա ճիշտ կլինի ապրիլի 24-ը անվանել Քրիստոնյաների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Դրա մասին նախընտրում են չհիշել
Տեղին է նշել, որ թուրք սուլթան Աբդուլ Համիդը դեռեւս 1874 թվականին ցինիկաբար հայտարարել էր. «Հայկական հարցը լուծելու համար հարկավոր է ոչնչացնել բոլոր հայերին» [1]:
1908 թվականին հեղաշրջման արդյունքում իշխանության եկած «Միություն եւ առաջադիմություն» [2]` երիտթուրքերի կուսակցության ղեկավարությունը որոշեց, որ նման հնարավորությունը հասունացել է: 1915 թվականի ապրիլի 24-ին ամենուր սկսվեցին հայ մտավորականության զանգվածային ձերբակալություններ: Իսկ թե հետո ինչ կատարվեց, առաջինն աշխարհին պատմեց գրող, ազգությամբ հրեա Ֆրանց Վերֆելը` 1934-ին հրատարակելով «Մուսա լեռան 40 օրը» վեպը [3], որը, ըստ այն ժամանակների քննադատների, «ստիպեց մարդկությանն այլ կերպ նայել աշխարհում կատարվող եւ կատարվելիք իրադարձություններին»:
«Տղամարդկանց ձերբակալում էին եւ, բոլորին միասին պարանով կապելով, հենց մոտակա անտառում, փոսում կամ քարհանքում գնդակահարում... Կանանց ու երեխաներին քշում էր հեծյալ պահակախումբը: Ճանապարհը դժվար էր նույնիսկ զինվորների համար, իսկ կանանց ու երեխաների համար կիզիչ արեւի տակ քարքարոտ ու ավազոտ արահետներով գնալը` անտանելի: Նրանք մահանում էին ճանապարհին` ծարավից, շոգից, պահակախմբի զինվորների ծեծից, որոնց նախապես հրահանգել էին գերիների վերջը տալ ճանապարհին: Թուրք եւ քուրդ գյուղացիները, որոնց գյուղերով անցնում էր տառապյալների ուղին, հարձակվում էին նրանց վրա եւ սպանում` հարվածելով քարերով ու փայտերով, զինվորները նրանց չէին խոչընդոտում, նույնիսկ խրախուսում էին: Որոշ գյուղերում կանանց ցուցադրում էին հրապարակում` որպես ստրկուհիների, եւ վաճառում հարեմների համար: Ճանապարհի ավարտին մոտ պահակախումբը հոգնել էր, եւ զինվորները սպանում էին դեռեւս ողջ մնացած կանանց ու երեխաներին...»:
Բնական հարց է ծագում` ինչպե՞ս էին այս ամենին արձագանքում միջազգային հանրությունը եւ քրիստոնյա պետությունների կառավարությունները: Այսօր` տասնամյակներ անց, կարելի է պատասխանել` ավելի քան հանգիստ: Հակառակ դեպքում ոչ մի նման բան, որ ստիպված եղան վերապրել քրիստոնյաները «ուղղադավան Պորտայում», պարզապես հնարավոր չէր: Երբեք եւ ոչ մի պարագայում: Սա ասելով` ես նկատի ունեմ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ ԱՄՆ-ը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմում դիմակայում էին ոչ միայն Գերմանիային, այլ նաեւ նրա դաշնակից Օսմանյան կայսրությանը: Ռուսական կայսրության մասին խոսակցությունն այլ է, այդ մասին` փոքր-ինչ ուշ:
Իսկ հիմա եկեք անդրադառնանք կատարվածի նկատմամբ գերմանացիների վերաբերմունքին, առավել եւս, որ ժամանակակից մամուլում եւ որոշ քաղաքական գործիչների ելույթներում ժամանակ առ ժամանակ կարծիք է հնչում, թե իբր հենց գերմանացիներն են հրահրել այդ հակաքրիստոնեական մղձավանջը: Մեջբերեմ ընդամենը մի քանի փաստաթուղթ եւ վկայություն, որոնք սիրով ինձ է տրամադրել Վորմսում բնակվող հրապարակախոս եւ գրող դոկտոր Ռոբերտ Կորնը: Եվ այսպես` ահա, թե ինչպիսին էր գերմանացիների արձագանքը, այդ թվում` այն ժամանակ Օսմանյան կայսրությունում բնակվող` Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչների:
Գերմանիայի հյուպատոս Շոյբներ-Ռիխտերի հեռագիրը`Կոստանդնուպոլսում գերմանական հյուպատոսությանը
Էրզրում, 1915 թ. հունիսի 2
«Իմ բանակցությունները գլխավոր հրամանատարի հետ հայերին արտաքսելու կապակցությամբ դրական արդյունքի չհանգեցրին: Բոլոր հարթավայրերից, հավանորեն` նաեւ Էրզրումից, հայ բնակչությունն արտաքսվելու է Դեյր էլ Զորի կողմը: Այդ` մեծ մասշտաբների հասնող տեղահանությունը հավասարազոր է զանգվածային ոչնչացման, քանի որ որեւէ տրանսպորտային միջոցի բացակայության պատճառով տեղահանվածների նույնիսկ կեսը ողջ չի հասնի նշանակված վայրերը, եւ հավանաբար, այդ տեղահանությունը կհանգեցնի ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ երկրի սնանկացմանը: Ռազմական բնույթի հիմնավորումները չեն կարող այդ գործողությունների արդարացում լինել, քանի որ տեղի հայերի ապստամբության հնարավորությունը բացառվում է, որովհետեւ տեղահանվողները ծերեր են, կանայք ու երեխաներ: Իսլամ ընդունող հայերը չեն արտաքսվում: Իմ կողմից հետազոտված հայկական լքյալ գյուղերը թալանված են, թալանվել է նաեւ Ղըզըլվանք վանական համալիրը, որի եկեղեցին ավերված է:
Շոյբներ-Ռիխտեր» [4]:
1915 թվականի հուլիսի 7-ին Կոստանդնուպոլսում Գերմանական կայսրության դեսպան բարոն Հանս ֆոն Վանգենհայմը, ով սերտ շփումներ ուներ երիտթուրքերի վերնախավի հետ, Գերմանիայի կանցլերին տեղեկացում է, որ «թուրքական կառավարությունը նպատակ է դրել ոչնչացնել հայ ազգին թուրքական պետությունում» [5]:
Իսկ 3 շաբաթ անց` 1915-ի հուլիսի 28-ին, հյուպատոս Շոյբներ-Ռիխտերը զեկուցում էր դեսպան ֆոն Վանգենհայմին Էրզրումից. «Տեղական վալի [6]Թիհսին բեյի կողմնակիցները անկեղծորեն խոստովանում են, որ իրենց գործունեության վերջնական նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է Թուրքիայում: Պատերազմից հետո «մեզ մոտ` Թուրքիայում, այլեւս հայ չի լինի»` բառացիորեն այսպիսին է մի հեղինակավոր անձի արտահայտությունը: Քանի որ այդ նպատակին հնարավոր չէ հասնել տարատեսակ ջարդերի միջոցով, այստեղ հույս ունեն, որ մինչեւ Միջագետք երկար ճանապարհի զրկանքները եւ անսովոր կլիման կավարտեն ամեն ինչ: Հայկական հարցի նման «լուծումը» իդեալական է թվում ծայրահեղ ուղղության բոլոր կողմնակիցներին, դրան են հարում համարյա բոլոր ռազմական եւ կառավարական պաշտոնյաները: Թուրք ժողովուրդը ոչ մի կերպ համաձայն չէ հայկական հարցի նման լուծման հետ եւ արդեն իսկ ծանրությամբ զգում է տնտեսական կարիքը, որ ծագել է երկրի այս հատվածում հայերի տեղահանության պատճառով:
Շոյբներ-Ռիխտեր» [7]
Օսմանյան կայսրությունում կատարվող իրադարձությունները հուզում էին ոչ միայն Գերմանիայի պաշտոնատար անձանց, այլ նաեւ շարքային քաղաքացիներին: 1915 թվականի օգոստոսի 16-ին Քոնիայում ապրող` Գերմանիայի կայսրության հպատակների մի խումբ Կոստանդնուպոլսի դեսպանություն գրում էր հետեւյալը. «Եվ այսպես` բոլոր նախաձեռնվող միջոցառումները, հավանորեն, հանգում են հայերի լիակատար ոչնչացմանը: Դա անմարդկային վերաբերմունք է, ամոթալի, անջնջելի բիծ համաշխարհային պատմության մեջ ոչ միայն թուրքերի, այլ նաեւ մեզ` գերմանացիներիս համար, եթե մենք, ձեռներս ծալած, նայենք այդ ամենին ու թույլ տանք այդ ժողովրդի ոչնչացումը: Բացարձակապես անկախ ամենի ինչից` նման, չափազանց տխուր գործողությունները հակասում են երկրի տնտեսական շահերին, ընդ որում` կտուժեն նաեւ գերմանական ձեռնարկությունները, եթե զոհվի այդ աշխատասեր ժողովուրդը:
Եթե ներքոստորագրյալները քաջություն ունեն կայսերական դեսպանություն այդ փաստերի մասին տեղեկություն ուղարկելու, ապա դա անում են` ենթադրելով, որ դրանք ամբողջությամբ հայտնի են գերմանական կայսերական դեսպանությանը:
Մենք` գերմանացիներս, ստիպված լինելով ամեն օր տեսնել այդ վրդովեցուցիչ անկարգությունները, պարտավորություն ենք զգում բողոքել այդ ամենի դեմ` որպես կիրթ պետության ներկայացուցիչներ, որոնք գտնվում են կիսաքաղաքակրթված ժողովրդի միջավայրում: Մենք հույս ունենք, որ մեր խնդրանքը կհարգվի, եւ հազարավոր անմեղ կանանց ու երեխաների ճակատագիրը գոնե կմեղմվի:
Խորին հարգանքներով`
Վիլլի Զեեգեր` Անատոլիայում արդյունաբերա-առեւտրային բաժնետիրական ընկերության ղեկավար, «Քոնիա» մասնաճյուղ
Գեորգ Բիգել` միջնակարգ դպրոցի ուսուցիչ
Հենրիխ Յանսոն` գործարանի վարպետ
Յու.Ե. Մաուրեր` դիպլոմով ինժեներ» [8]
1915 թվականի օգոստոսի 23-ին Կոստանդնուպոլսում գերմանական ռազմական առաքելության փոխգնդապետը զեկուցում է Էրզրումից. «Կատարվածից հետո կարելի է վստահաբար խոստովանել հետեւյալը` հայերին տեղահանելու ու ոչնչացնելու որոշումը կայացվել է երիտթուրքերի հանձնաժողովի կողմից` Կոստանդնուպոլսում, հավանաբար դրա կողմից էլ կազմակերպվել ու իրականացվել է` ռազմական իշխանությունների եւ տարատեսակ ավազակախմբերի [9] օգնությամբ: Այդ նպատակով, բացի տեղական վարչակազմից, ոստիկանության պետ Հուլուսի բեյից եւ գլխավոր հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշայից, տեղերում են գտնվել Հանձնաժողովի անդամներ Հիլմի բեյը, Շաքիր բեյը, Էրզրումից պատգամավոր Սեյֆուլլա բեյը:
Փոխգնդապետ Շտանգե» [10]:
Իսկ 1915 թվականի հոկտեմբերի 7-ին Կոստանդնուպոլսում Գերմանական կայսրության դեսպանությունը հայտնում է, որ Օսմանյան կայսրության 2 մլն հայերից մեկուկես միլիոնն արդեն տեղահանվել է, ընդ որում` նրանցից մեկ միլիոնն այդ ընթացքում զոհվել է:
Համաշխարհային մշակութային բազմաթիվ հայտնի գործիչների թվում գերմանացի աստվածաբան եւ իրավապաշտպան Յոհաննես Լեփսիուսը կոչ արեց եվրոպական կառավարություններին` խոչընդոտել հայերի դեմ հաշվեհարդարին: Գերմանացի բանաստեղծ եւ գրող Ա.Տ. Վեգները [11], ով 1915-16 թթ. գտնվում էր Թուրքիայում` որպես սանիտարական ծառայության սպա եւ, միաժամանակ, մի շարք եվրոպական թերթերի թղթակից, հայ ժողովրդի ոբերգությանը նվիրել է պատմական ակնարկների ու պատմվածքների շարք եւ հնարավորինս փորձել Գերմանիայի հասարակության ուշադրությունը հրավիրել թուրքերի վայրագությունների վրա:
Այսպիսով, չնայած մարդասպաններին աջակցելու վերաբերյալ` գերմանացիներին ուղղված մեղադրանքներին, հայ ժողովրդի ճակատագիրը Օսմանյան կայսրությունում անհաղորդ չի թողել ո'չ Գերմանիայի սովորական քաղաքացիներին, արյունոտ ողբերգության ականատեսներին, ո'չ էլ բազմաթիվ հոգեւորականների, դիվանագետների, զինվորականների: Սակայն ինչպե՞ս էր նրանց կոչերին արձագանքում պաշտոնական Բեռլինը: Այնտեղ, ինչպես կարելի է դատել այսօր, բոլոր այդ տեղեկություններին առանձնապես ուշադրություն չէին դարձրել: Դրանք դիտարկել էին որպես «թուրքական ներքին վարչարարական միջոցառումներ», որոնց միջամտելը Գերմանիային հարիր չէ, քանի որ Օսմանյան կայսրությունը Գերմանիայի դաշնակիցն էր, եւ դրանով Բեռլինի համար ամեն ինչ ասված էր: Գերմանիայի կողմից ընդդեմ հայերի ցեղասպանության պաշտոնական դեմարշների ու բողոքների մասին խոսք անգամ չէր կարող լինել այդ իրավիճակում: Իսկ հարցը, թե ինչո՞ւ համապատասխան քայլեր չարեցին Անգլիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Անտանտի մյուս երկրները, դուրս է այս ակնարկի շրջանակներից: Սակայն պարզել այդ ամենը, ընդ որում` անկողմնակալ կերպով, հենվելով բացառապես փաստերի վրա, վաղուց է հարկավոր:
Շարունակելի
1. Сборник «Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году». М.,1896
2. Թուրքական ազգայնամոլական կազմակերպություն` «Միություն եւ առաջադիմություն», հիմնադրվել է 1889 թ. եւ առաջնորդել պայքարն ընդդեմ ֆեոդալական միահեծանության: 1908-ին եկել է իշխանության, սակայն փաստացի չի փոխել կայսրության ֆեոդալական-կղերական կարգը: Ինքնալուծարվել է Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո (1918 թ.): Ավելի լայն իմաստով երիտթուրք են անվանում 20-րդ դարի սկզբին Թուրքիայում բուրժուական հեղափոխական շարժման բոլոր մասնակիցներին:
3. Верфель Ф. Сорок дней Муса-Дага. Ереван, 1984 г.
4. Lepsius J. Deutschland und Armenien, 1914-1918: Sammlung diplomatischer Aktenstücke, herausgegeben und eingeleitet von Dr. Johannes Lepsius. Potsdam, Nr. 81, 1919. S. 80.
5. Турцию принудят признать преступления прошлого. «Русская Германия/Русский Берлин», № 16, 2010 г.
6. Պաշտոնյա' Թուրքիայում, որը ներկայացնում է կենտրոնական իշխանությունը վիլայեթում:
7. Lepsius J. Deutschland und Armenien, 1914-1918: Sammlung diplomatischer Aktenstücke, herausgegeben und eingeleitet von Dr. Johannes Lepsius. Potsdam, Nr. 81, 1919. S. 113.
8. Նույն տեղում:
9. Թուրքական ռազմական ստորաբաժանումների եւ բաշիբոզուկների կողքին զանգվածային սպանություններին ու բռնություններին մասնակցում էին քրդական հեծելազորը (համիդիե), մուսուլման արաբների ավազակախմբեր եւ ադրբեջանցիների ջոկատներ:
10. Lepsius J. Deutschland und Armenien, 1914-1918: Sammlung diplomatischer Aktenstücke, herausgegeben und eingeleitet von Dr. Johannes Lepsius. Potsdam, Nr. 81, 1919. S. 142.
11. Վեգներ Արմին Թեոֆիլ (1886 - 1978)'գերմանացի բանաստեղծ, գրող-հակաֆաշիստ: 1915-16 թթ. եղել է Միջագետքում` որպես գեներալ ֆոն դեր Հոլցի բանակի սանիտարական ծառայության սպա: Միաժամանակ` մի շարք եվրոպական թերթերի ռազմական թղթակից: Թուրքիայում լինելու ժամանակահատվածում դարձել է երիտթուրքերի ոճրագործությունների ականատեսը: Ի տարբերություն գերմանացի շատ զինծառայողների, որոնք անտարբեր են եղել հայերի սպանությունների եւ տառապանքների նկատմամբ, Վեգները հնարավորինս փորձել է Գերմանիայի հասարակության ուշադրությունը հրավիրել այդ վայրագությունների վրա: 1919 թ. ելույթ է ունեցել Գերմանիայի քաղաքներում դասախոսություններով` պատմելով անապատ արտաքսված հայերի տառապանքների մասին, ցուցադրել է դիապոզիտիվներ: Նույն թվականին Վեգները գրել է իր հայտնի «Բաց նամակ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին»-ը` պահանջելով պատժել Ցեղասպանության բոլոր մեղավորներին: Նա բարձրացրել է ողջ մնացած զոհերին բարոյական եւ նյութական աջակցություն ցուցաբերելու հարցը, պահանջել քրիստոնեական հավատքին վերադարձնել հազարավոր հայ կանանց ու երեխաներին, որոնց պարտադրել են ընդունել իսլամը, վերականգնել նրանց` հայրենի օջախները վերադառնալու եւ կորցրած գույքի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը: 1921 թ. հունիսի 2-3-ը Բեռլինում անցկացված' Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես է եկել` ի պաշտպանություն ազգային վրիժառուի, նաեւ գրել դատավարության սղագրական զեկույցի նախաբանը: Զեկույցը հրատարակվել է Բեռլինում (1921)` «Թալեաթ փաշայի դատավարություն» վերնագրով: 1922-ին Իզմիրում հայերի կոտորածին Վեգներն արձագանքել է «Ճիչ Արարատից» հոդվածով: Եվ հետագա տարիները գրողը նվիրել է արդարության համար պայքարին: Նա գրել է մի շարք պատմական ակնարկներ ու պատմվածքներ արեւմտահայության ողբերգական ճակատագրի մասին («Անվերադարձ ճանապարհ», «Արմենիադա», «Հայ մայրերը» եւ այլն): Նացիոնալ-սոցիալիզմի տարիներին Վեգները հանդես է եկել ընդդեմ հրեաների նկատմամբ ճնշումների` բաց նամակ գրելով Հիտլերին: Նա ներկալյալ է ճանաչվել, սակայն կարողացել է խուսափել ձերբակալությունից: Հրաշքով փրկվելով` Վեգները բնակություն է հաստատել Անգլիայում, իսկ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո` Իտալիայում: Մահից հետո նրա աճյունը տեղափոխել են Երեւան եւ ամփոփել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատում: