|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ալեքսանդր Ֆիտց` հրապարակախոս, արձակագիր, սցենարիստ, հրատարակել է հարյուրավոր հոդվածներ, ակնարկներ, ռեպորտաժներ Գերմանիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պարբերականներում: Նրա «թեթեւ» գրչի արգասիքն են մոտ 12 գիրք ու փաստագրական ֆիլմերի 5 սցենար, որոնց մեծ մասն արժանացել է հեղինակավոր գրական մրցանակների ու դարձել բեստսելեր: Բավական է հիշել «Ճանապարհորդություն դեպի Երկիր», «Անառակ գերմանացու վերադարձը», «Նամակ` կանցլերին», նաեւ «Ծաղր» ֆիլմը, որը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց: Հետաքրքիր է նաեւ Ֆիտցի հրապարակախոսությունների եւ նովելների նոր ժողովածուն` գրված, ինչպես միշտ, նրբագեղորեն, նրան բնորոշ հեգնանքով ու լավատեսությամբ: Սուր աչքը, ժողովածուի հերոսների բնավորությունների արտահայտչականությունը զուգորդվում են Գերմանիայի եւ Ռուսաստանի ժամանակակից պատմության հետաքրքրաշարժ իրադարձությունների խոր եւ յուրահատուկ մեկնաբանությամբ, իրադարձություններ, որոնց վկան, իսկ երբեմն նաեւ մասնակիցն է եղել հեղինակը:
Ապրում է Մյունխենում:
Yerkir.am-ը շարունակում է ընթերցողին ներկայացնել Ալեքսանդր Ֆիտցի` 2008-2012 թթ. գրված «Հայոց ցեղասպանությունը եւ ռուսաստանցի գերմանացիները»ակնարկը` թարգմանաբար:
Մի' աղավաղիր...
Ոմանք, անշուշտ, կթոթվեն ուսերը, թե մեզ` 21-րդ դարում ապրողներիս, ինչի՞ն է պետք փորփրել վաղուց անցած օրերի իրադարձությունները: Մի՞թե այսօր դժբախտության ու արյան պակաս կա: Պատասխանեմ` դա, նախեւառաջ, անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի բացառել նմանատիպ հանցագործությունների կրկնությունը, առավել եւս, որ չարն ավելի մեծ համառությամբ ու վճռականությամբ է փորձում իշխել աշխարհում: Իսկ մեր դեպքում խոսքը ոչ թե հավերժ նյութական փոխհատուցում վճարելու մասին է, կամ` որ թուրքերը հավերժ մեղա գան (հիշեցնեմ` ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է), այլ հայերին, ասորիներին, հույներին, Հրաշափայլ Պորտայի տարածքում բնակվող այլ քրիստոնյա ժողովուրդների ժառանգներին բարոյապես փոխհատուցելու մասին: Խոսք պետք է գնա նաեւ նրանց` նախնիների հողն անվտանգ վերադառնալու, պատմական փաստերը չաղավաղելու եւ դրանք չկոծկելու երաշխիքների մասին:
Ի դեպ, չցանկանալով, ես ակամա ներխուժեցի բարձր քաղաքականության եւ խորամանկ ու իմաստուն դիվանագիտության ոլորտ: Սակայն քանի որ այդպես է ստացվել, թվարկեմ այն երկրները, խորհրդարանները եւ կառավարությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: 2010 թվականի մայիսի դրությամբ դրանք են` Արգենտինա, Ավստրալիա, Բելգիա, Վատիկան, Գերմանիա, Հունաստան, Կանադա, Կիպրոս, Ֆրանսիա, Լիբանան, Լիտվա, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Ուրուգվայ (1965 թվականին այդ երկիրն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը), Լեհաստան, Իտալիա եւ Չիլի: Որոշ երկրներում, օրինակ` Բելգիայում, նաեւ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է ԱՄՆ 50 նահանգներից 42-ը` ապրիլի 24-ը հռչակելով Հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Նրանց օրինակին են հետեւել բազմաթիվ ազդեցիկ ազգային կազմակերպություններ, մասնավորապես` ԱՄՆ Սիոնիստական կազմակերպությունը, Առաջադեմ հրեական միությունը, նաեւ հունական, հունգարական, արաբական, ուկրաինական, լեհական, բուլղարական, ռումինական, լատվիական, լիտվական, ֆիլիպինյան եւ սլովակյան համայնքները:
2010-ի մարտի 5-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը, չնայած քաղաքական վերնախավի, մասնավորապես` պետքարտուղարի Հիլարի Քլինթոնի հզոր դիմադրությանը, որը, ըստ մամուլի, Հոլոքոստի բացառիկ լինելը պաշտպանող հրեական լոբբիի ջանքերի արդյունքն էր [1], մեկ ձայնի առավելությամբ հաստատեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Սակայն այդ քվեարկությունը բանաձեւի վերջնական ընդունում չի նշանակում: Հարկ է հիշեցնել, որ հանձնաժողովը նման բանաձեւ ընդունել էր 2007-ին, սակայն Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի ճնշումներից եւ կոնգրեսականներին մեկ-մեկ «մշակելուց» հետո, այն չէր դրվել պալատի լիագումարի նիստի քննարկմանը [2]:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Ուելսը ներկայացնող պատգամավորների մեծամասնությունը նույնպես ստորագրել են հայերի եւ ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Նմանատիպ որոշումներ են ընդունել Բասկերի երկրի եւ Կատալոնիայի (Իսպանիա) խորհրդարանները, իսկ 1987-ին Ցեղասպանության փաստը դատապարտել է Եվրախորհրդարանը:
Սակայն ինչո՞ւ ցեղասպանությունը ճանաչած պետությունների թվում չեն Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ուկրաինան, Հայաստանի մերձավոր հարեւան` ուղղափառ Վրաստանը: Ի՞նչ է, նրանք ժխտո՞ւմ են այդ փաստը: Ոչ, ամեն ինչ ավելի թափանցիկ է: Նրանց ղեկավարների հայտարարություններից դատելով` նրանք առաջնորդվում են բացառապես իրենց երկրների ներկայիս աշխարհաքաղաքական շահերով, ավելի ճիշտ` իշխող վերնախավի: Ակամա հիշում ես, թե ինչպես մի անգամ Իոսիֆ Ստալինի հետ զրույցում եվրոպացի քաղաքական գործիչներից մեկը ասում է նրան, որ Վատիկանը մեծ քաղաքականության մեջ ուժեղ խաղացող է: Ինչին ի պատասխան «բոլոր ժողովուրդների առաջնորդը» հայտարարում է` ծխեցնելով իր հայտնի ծխամորճը. «Իսկապե՞ս, իսկ քանի՞ տանկային դիվիզիա ունի Վատիկանը»: Հայաստանը, Վատիկանի պես, տանկային դիվիզիաներ չունի, նավթ էլ չունի, նաեւ` գազ... Այնպես որ` հայերը ստիպված են դեռ սպասել ամերիկյան Կոնգրեսի, իսրայելական Կնեսետի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի եւ այլ ժողովրդավարական երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչմանը:
Սակայն նույնիսկ այս իրավիճակում, երբ ակնհայտն առավել քան ակնհայտ է, վրացիները մնացել են վրացի: 2010 թվականի ապրիլի 24-ին, ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող «Ռուսկի բազար» [3] թերթի, վրացական խորհրդարանը որոշում կայացրեց չշտապել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում` «նախ` իրականացնել հարցի իրական գիտական ուսումնասիրություններ եւ ավելի շատ տեղեկատվություն ստանալ»: Այս հայտարարությանը զուգահեռ Պետական գրասենյակի` անմիջապես դիմաց գտնվող շենքի պատին հայտնվեց դիմանկարով հուշատախտակ: Վրացերենով եւ թուրքերենով գրությունը հայտնում էր. «Այս տեղում 1922 թվականի հուլիսի 21-ին հերոսաբար զոհվեց Թուրքիայի իսկական հայրենասեր, պետական գործիչ, զորավար Ահմեդ Ջեմալ փաշան (1872-1922): Նվիրվում է նրա անմահ հիշատակին, որը երբեք չի ջնջվի բարեկամ վրաց եւ թուրք ժողովուրդների սրտերից»: Ասել, որ Վրաստանի համայնքը վրդովվեց, հավասար է ոչինչ չասելուն: Երիտթուրքերի կառավարության ռազմածովային ուժերի նախկին նախարարին, հատուկ երրորդության անդամին, որը մեղավոր է ոչ միայն հայերի ցեղասպանության, այլեւ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային սպանությունների մեջ, միայն հայերը չէ, որ համարում են ամենասարսափելի դահիճներից մեկը: Հենց թուրքերը` իշխանության վերադարձած սուլթանի ստեղծած Կոստանդնուպոլսի տրիբունալն է նրան մահապատճի դատապարտել` 1919 թվականին Ջեմալ փաշային մեղավոր է ճանաչել` Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ արաբների զանգվածային սպանություններ իրականացնելու համար: 1915-ին նա նշանակվել էր Սիրիայի կառավարիչ, եւ Դամասկոսում ու Բեյրութում մեկ օրվա ընթացքում նրա հրամանով կախաղան էին բարձրացվել հազարավոր շիաներ, քրիստոնյաներ եւ մարոնիներ: Այդ պատճառով Ջեմալ փաշային արաբները կնքեցին «աս սաֆախ»` «արյունարբու մսագործ» անունով: Թուրքիայից նա փախավ Գերմանիա, հետո տաքուկ պատսպարվեց խորհրդային Ռուսաստանում եւ անգամ ծառայում էր Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատանը` որպես խորհրդական: Թբիլիսիում նրան սպանեց հայկական Դաշնակցություն կուսակցության հատուկ ծառայությունը: Ինչեւէ, Թբիլիսիի հայ համայնքը հայտարարեց, որ վրդովվել կարող են նաեւ Վրաստանում հավատարմագրված արաբական երկրների դեսպանները: Սակայն դա տեղի չունեցավ: «Մսագործին» նվիրված հուշատախտակը մի քանի օր էլ կախված մնաց ու անհետացավ նույնքան հանելուկային ձեւով, որքան տեղադրվել էր [4]:
Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել նաեւ որեւէ մուսուլմանական պետություն, ինչը, ի դեպ, ամենեւին չի առաջացնում միջազգային հանրության եւ մամուլի զարմանքը, առավել եւս` վրդովմունքը, այլ ընկալվում է որպես ինքնին հասկանալի երեւույթ: Այդ իսկ պատճառով շտապում եմ իմ բոցավառ ողջույնը եւ շնորհավորանքները հղել բոլոր ազատականներին, ապարտեիդի դեմ մարտնչողներին եւ քրիստոնեական Եվրոպան ինչ-որ բազմամշակութային անկլավի վերածող բարեփոխիչներին, որոնց կարծիքով` եվրոպական քաղաքները պետք է անպայման «տնկոտված» լինեն մինարեթներով ու մզկիթներով:
«Ստամբուլից մինչեւ Չինաստան` միայն մուսուլմաններ»
Սակայն ես այսօր ցանկանում եմ խոսել ոչ թե դրա, այլ այն մասին` ինչպես եւ ով փրկեց համատարած ոչնչացումից հայերին, ասորիներին, Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյաներին: Սակայն նախ ճշգրտեմ` բացառապես թուրքերին ցեղասպանության կազմակերպման մեջ մեղադրելը կոպիտ մոլորություն է: Զանգվածային սպանություններին, թուրքական զինվորական ստորաբաժանումներին եւ բաշիբոզուկներին զուգահեռ, մասնակցում էին քրդական համիդիեն (հեծելազորը), մուսուլման արաբների հրոսակներ, ադրբեջանցիների ջոկատներ: Նաեւ սխալ է պնդումը, թե ամբողջ թուրք հասարակությունը հավանություն տվեց այդ արյունոտ խրախճանքին, ի տարբերություն կոտորածը նախաձեռնած երիտթուրքերի, նրանց մերձավոր բարեկամների, ինչպիսին էր Ռուսաստանը մոլագարորեն ատող, ֆինանսա-քաղաքական արկածախնդիր Ալեքսանդր Գելֆանդ-Պարվուսը, լենինյան բոլշեւիկների մի մասի եւ գերմանական գլխավոր շտաբի որոշ ներկայացուցիչների: Այսպես` թուրքական բանակի գեներալ Շերիֆ փաշան, ով իր հայացքների պատճառով իշխող վերնախավի համար անցանկալի դարձավ, ֆրանսերենով լույս տեսնող շվեյցարական Journal de Geneve (9. 09. 1915) թերթում բաց նամակ հրապարակեց, որում, մասնավորապես, ասվում էր. «Եթե գոյություն ունի ժողովուրդ, որը մեծ ծառայություններ է մատուցել Թուրքիային բոլոր ոլորտներում` առեւտրում, արդյունաբերության, գիտության եւ արվեստների մեջ, իրենց մտավոր կարողությունների շնորհիվ նրա միջավայրից դուրս եկած պետական գործիչների եւ տաղանդավոր պաշտոնյաների միջոցով, դա հայ ժողովուրդն է: Չկա մեկ կրթված թուրք, որը չստորագրի իմ հանգուցյալ ընկեր, անգլիական խորհրդարանի պատգամավոր Լինչի այս հայտարարության տակ. «Հայերը բացառիկ ընդունակ են` նոր քաղաքակրթության կրողներ լինելու, նրանց սրտամոտ են դարձել մեր բարձրագույն իդեալները: Նրանք մեծ ագահությամբ յուրացնում են եվրոպական մշակույթի նոր նվաճումները եւ տիրապետում դրանց այնպիսի կատարելությամբ, որին երբեք չի կարող հասնել ոչ մի ազգ»: Սակայն նրա ձայնը, ինչպես նաեւ որոշ թուրք մտավորականների կոչերը, որոնք փորձում էին համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել հայկական ողբերգության վրա, մնացին չլսված:
Մեծ բեւեռախույզ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը համաշխարհային մշակույթի եւ քաղաքական գործիչների` անգլիացիներ` լորդ Ջեյմս Բրայսի եւ Առնոլդ Թոյնբիի, գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի, Արմին Վեգների, Կառլ Լիբկնեխտի, ֆրանսիացիներ Անատոլ Ֆրանսի, ռուսներ Վալերի Բրյուսովի եւ Մաքսիմ Գորկու հետ նույնպես կոչ ուղղեց եվրոպական կառավարություններին` խոչընդոտել հայերի նկատմամբ հաշվեհարդարին: Սակայն դա տեղի ունեցավ ավելի ուշ, այն բանից հետո, երբ 1914 թվականի հոկտեմբերի 29-ին գերմանա-թուրքական նավատորմը գնդակոծեց Օդեսան, Սեւաստոպոլը, Թեոդոսիան եւ Նովոռոսիյսկը: Ի պատասխան, նոյեմբերի 2-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը, որը, բնականաբար, պատրաստ էր դրան եւ ջիհադ հայտարարեց Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեմ:
Օսմանյան Թուրքիայի` կենտրոնական տերությունների կողմից պատերազմի մեջ մտնելը դարձավ ազդանշան եւ հնարավորություն տվեց երիտթուրքերի առաջնորդներին ամբողջ հզորությամբ գործի դնել հայկական եւ, ավելի լայն առումով, ամբողջ քրիստոնեական սեպի ֆիզիկական ոչնչացման հրեշավոր ծրագրի թափանիվը, սեպ, որը, ֆանատիկոս ազգայնականների կարծիքով, արգելակում էր «լուսավոր ապագայի»` Մեծ Թուրանի ստեղծման գաղափարը: Թուրքերի եւ Կովկասի, Իրանի ու Միջին Ասիայի իսլամական ժողովուրդների միջեւ կանգնած «հայկական արգելքը» խանգարում էր այդ նախագծին, եւ երիտթուրքերի գաղափարախոսներն անդադար, կարծես որպես աղոթք, կրկնում էին. «Մեզ հարկավոր է, որ Ստամբուլից մինչեւ Հնդկաստան եւ Չինաստանը լինի միայն մուսուլման բնակչություն»[5]:
Հայը` Թուրքիայում, դա նույնիսկ գերմանացին չէ Ռուսաստանում
Սակայն օսմանյան զորքերի համար մարտերի առաջին արդյունքները աղետալի էին: Նախ` Կովկասյան ճակատում թուրքական բանակը գլխավորած Էնվեր փաշան հաշվի չէր առել այնտեղի ձմռան խստությունը: Բացի դրանից` նա եւ նրա գերմանացի խորհրդականները ակնհայտորեն թերագնահատել էին իրենց դիմակայող ռուսական բանակի մարտական ոգին եւ տոկունությունը եւ արդյունքում` 1914-ի դեկտեմբերին ու 1915-ի հունվարին մի շարք ջախջախիչ պարտություններ կրեցին: Սակայն թուրքական կառավարությունը որոշեց «այդ տհաճությունից հաճույք կորզել»` բոլոր դժբախտությունների ու պարտությունների մեղավոր հայտարարելով բացառապես հայերին, միաժամանակ` նաեւ ասորիներին ու հույներին: «Քրիստոնյա դավաճանների» ցուցադրական մահապատիժներին զուգահեռ, թուրքական բանակում (ընդ որում` ոչ միայն ռուսական ուղղության) ծառայող բացարձակապես բոլոր հայերին ու ասորիներին զինաթափեցին, իսկ հետագայում ոչնչացրեցին: Ճշգրտում եմ` բոլորին` անխտիր:
Ուշագրավ է, որ թուրքերին այդ ժամանակ դիմակայում էր գեներալ-համհարզ, կոմս Իլարիոն Իվանովիչ Վորոնցով-Դաշկովի բանակը, որը հիմնականում կազմված էր նաեւ «անհուսալի համակազմով»` ռուսաստանցի գերմանացիներով, որոնց զանգվածաբար հանեցին Արեւմտյան ճակատից` երկյուղելով, թե նրանք կանցնեն թշնամու` Գերմանական եւ Ավստրոհունգարական կայսրությունների զինվորական ստորաբաժանումների կողմը: Այդ պատճառով նրանց տեղափոխեցին Կովկաս: Խոսքը տանք «Գերմանացիները Ռուսական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եւ տարիներին» հիմնարար հետազոտության հեղինակ, ռուս պատմաբան Յուրի Վերեմեեւին. «Գրականության մեջ հեղինակը չի գտել գերմանացիների` ռուսական բանակի զինվորների զանգվածային դասալքության եւ «արյունակից եղբայրների»` գերմանական բանակի զինվորների կողմն անցնելու դեպքեր (չի կարելի բացառել մասնակի փաստեր, սակայն, միեւնույն է, եթե նման դեպքեր եղել են, տարածված չեն եղել): Ինչպեսեւ Ռուսական կայսրության բոլոր հպատակները, ռուսաստանցի գերմանացիներն արիաբար մարտնչել են ընդհանուր թշնամու դեմ: Գերմանական քարոզչության փորձերը (արդեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բարձր մակարդակով էր արվում)` քայքայել «գերմանական» զորամասերը (այդ թվում` Կովկասյան ճակատում), հաջողության չհանգեցրին» [6]:
Ռուսաստանցի գերմանացիների թերթերը եւ Պետական դումայի գերմանացի պատգամավորները կոչ էին անում գաղութաբնակների որդիներին` պայքարել «Հայրենիքի ազատության համար»: Բոլոր գերմանացի պատգամավորները քվեարկում էին ռազմական վարկերի օգտին: Գերմանական գյուղերում հանգանակություններ էին կազմակերպվում հօգուտ ռուսական բանակի եւ Կարմիր խաչի: Դումայի պատգամավոր` պրոֆեսոր Կառլ Լինդեմանը 19-ից 40 տարեկան բոլոր զինապարտների համընդհանուր զորակոչման տվյալների հիման վրա հաշվարկել էր, որ ռուսական բանակ զորակոչված գերմանացիների թիվը կազմել է 250 հազար մարդ` ընդհանուր`1,5 միլիոնի պարագայում: Նրանցից շատերը պարգեւատրվել են խաչերով ու մեդալներով [7]:
Գերմանացիներից կազմված գնդերը, նաեւ գերմանացի սպաները մինչեւ վերջ հավատարիմ են մնացել երդմանը, անգամ այն պահին, երբ միապետը հրաժարվեց գահից, իսկ Ռուսական կայսրությունը փլուզվեց: Կայսերը տված երդմանը հավատարիմ մնացած ռուսաստանցի գերմանացիների մեծ մասի տրամադրությունների մասին իր ստեղծագործություններից մեկում գրել է գեներալ Պ. Ն. Կրասնովը` մեջբերելով հին զինվորական, գեներալ Ռաուպախի տիպիկ մտորումները. «Այլ ազգանունները փոխիր: Իսկը հիմարություն: Ինձ Ռուբակով անվանիր, ես, միեւնույն է, գերամանցի եղել եմ ու գերմանացի կմնամ: Արյունը չես փոխի: Սակայն ես երդվել եմ իմ Կայսերը, եւ ես գիտեմ իմ արհեստը: Մյուս կողմում` Վիլհելմ կայսեր մոտ, եղբայրս թագավորական հեծալազորում է ծառայում: Դուք ասեք զինվորներին: Սպանել նրան, ինչպես որ պետք է լինի: Պատերազմ է: Գիտեք` գնդապետ Սաբլինի հանգուցյալ կնոջ քեռին` բարոն Կորֆը, մեր հակառակորդի շտաբի պետն է: Ոչինչ: Մենք նրան ցույց կտանք: Հարկավոր է լինել ազնիվ գերմանացի եւ արյունարբու ռուս» [8]:
Սակայն գերմանացիներին ստիպում էին փոխել ոչ միայն անունները: Ռուսաստանում, թափ առնելով, տարածվում էին ջարդերի ու բռնազավթումների ալիքները, երբ մարդկանց սպանում էին, թալանում միայն ազգանվան կամ օտարոտի արտասանության համար: Ընդ որում` հաճախ զոհ էին դառնում ոչ միայն ծագումով գերմանացիներ, այլ նաեւ Ռուսաստանում բնակվող` ոչ սլավոնական ազգանուններով այլ եվրոպացիներ: Իշխանությունն այդ մղձավանջին հետեւում էր բավականին բարյացակամորեն` համարելով, որ «անհրաժեշտ է ուղղափառներին փուքը թողնելու հնարավորություն տալ»:
«Հարկավոր էր բոլոր կալվածքները, տներն ու ֆաբրիկաները բռնագրավել, - 1915-ին Մեծ իշխանին` ռազմակայան էր գրում անանուն մեկը` նկատի ունենալով ռուս ցարի գերմանացի հպատակների սեփականությունը:- Կալվածքներն ու տները նվիրել սպաներին` Գեորգիեւյան ասպետներին, ցածր կոչումներ ունեցողներին բնակեցնել գերմանական գաղութավայրերում: Դրանից գոհ ու շնորհակալ կլինի ամբողջ Ռուսաստանը» [9]:
1915 թվականի փետրվարի 2-ի եւ դեկտեմբերի 13-ի օրենքները նախատեսում էին գերմանացի գաղութաբնակների կողմից լավ մշակված մոտ 6,2 մլն դեսյատին հողի բռնագրավում եւ փոխանցում ճակատայինների` արտոնությունների ունեցող խմբերի օգտին [10]:
«Խնդրում ենք հաղորդել մեր խնդրանքը Գերագույն հրամանատարին,- գրում էին «ռուս կանայք» Նովոչերկասսկից,- Վոլինյան նահանգից եւ հարակից վայրերից գերմանացի գաղութաբնակների տեղահանման մասին, քանի որ նրանք վերջերս խնդրագիր են ներկայացրել բերքը հավաքելու մասին եւ դեռեւս տեղում նստած են»: Գեներալ Յանուշկեւիչն անհապաղ արձագանքել է. «Հեռացնել անմիջապես, ավելի լավ է գերմանացիները սնանկանան, քան լրտեսեն» [11]: Գեներալը, չգիտես'` ինչու, չէր հասկանում` հպատակին սնանկացնելով` ինքը սնանկացնում էր տիրոջը` ռուս ցարին, հետեւաբար` նաեւ Հայրենիքը:
Սակայն գյուղացիները, ինչպեսեւ սպասելի էր, չբավարարվեցին ձեռք բերածով, շուտով սկսեցին խոսել իրենց «իրավունքների» մասին ոչ միայն «գերմանական», այլ նաեւ կալվածատերերի հողերի նկատմամբ...
Իսկ մինչ այդ Սիբիր են աքսորվում ավելի քան 200 հազար վոլինյան գերմանացիներ, նաեւ գերմանացիներ Ռուսական կայսրության բոլոր մերձճակատային շրջաններից: «Հեռավոր երկրամասեր» ուղարկելու էին սկսել նախապատրաստել նաեւ Պովոլժիեի գաղութաբնակներին: Ընդ որում` տարբեր կասկածանքներով ձերբակալված գերմանացիների թիվն այնքան աճեց, որ նրանց պահելու տեղ արդեն չկար: Այսպես` 1914-ի սեպտեմբերին Կիեւի Ալեքսեեւյան այգում (!) համարյա բաց երկնքի տակ պահվում էր մոտ 4 հազար ձերբակալված գերմանացի: Վոլինի նահանգապետ Մելնիկովը նույն թվականի օգոստոսի 5-ին, այսինքն` պատերազմը սկսվելուց 4 օր անց, Հարավարեւմտյան ճակատի մատակարարման գլխավոր պետ Զաբելինին եւ Կիեւյան ռազմական մարզի շտապի պետ Խոդորովիչին տեղեկացնում է, որ Կովելում եւ Ժիտոմիրում բանտերը լի են գերմանացիներով, եւ ձերբակալվածներին պահում են բակերում [12]:
Տեղահանվածները պատասխանատու էին տարբեր բնույթի զանցանքների համար ռազմական դատարանների առաջ: Միայն ռուսինների, սերբերի եւ չեխերի դեպքում էր, որ սահմանափակվում էին Ռուսաստանի դեմ «ոչ մի վնասակար բան չձեռնարկելու» վերաբերյալ ստորագրությամբ, եւ նրանք շարունակում էին բնակվել իրենց նախկին բնակավայրերում: Իսկ գերմանացիների (նաեւ հունգարների, լեհերի եւ հրեաների)` բնակության վայր ընտրելու իրավունքը սահմանափակում էր ոչ միայն ՆԳՆ-ն, այլ նաեւ ռազմական հրամանատարությունը: Այսպես` արդեն 1914-ի օգոստոսի 12-ին Հարավարեւմտյան ճակատի մատակարարման գլխավոր պետի պաշտոնակատար` գեներալ-մայոր Ե.Ֆ. Էլսները արգելում է նույնիսկ «հուսալի» գերմանացիներին բնակվել Վոլինի եւ Պոդոլսկի նահանգներում [13]:
Ինքս ծագումով Վոլինի գերմանացիներից եմ, հետեւաբար, 1915-ի եւ 1941-ի տեղահանությունների մասին ընտանեկան ավանդություններից բացի, հավաքում եմ փաստաթղթեր եւ վկայություններ, որոնք վերաբերում են իմ ազգային խմբի պատմության` ոչ այնքան ուրախ դրվագներին: Բացառություն չէր նաեւ Կովկասը: Այսպես` Էրզրումից ոչ հեռու` Կարսի շրջանում գտնվող Պետրովկա գերմանական գաղութավայրի բնակչությունը 1914-ի նոյեմբերին տեղահանվել է մինչեւ վերջին մարդը: Որեւէ փոխհատուցում թողնված տան, գույքի, անասունների եւ մշակահողերի համար բնակավայրի բնակիչները չեն ստացել: Միակ բանը, որ արել են իշխանությունները, Կարսում երկաթուղային վագոն են տրամադրել` տան կահկարասին տեղափոխելու համար [14]:
Շարունակելի
1. Табло. «Завтра» № 10, 2010 г.
2. Комитет нижней палаты Конгресса США вновь признал геноцид армян. Турция снова отозвала посла. http://www. newsru.com/ 5.03.2010 г.
3. Грузии не хватило информации о геноциде? «Русский базар» № 17, 2010 г.
4. Там же.
5. Киракосян Д. Младотурки перед судом истории. Ереван: Айастан, 1986 г.
6. Авторский сайт Юрия Веремеева.
7. Striegnitz S. Der Weltkrieg und die Wolgakolonisten: Die Regierungspolitik und die Tendenzen der gesellschaftlichen Entwicklung. Dahlmann/Tuchtelhagen. S. 134-146.
8. Краснов П. Единая-Неделимая. М., 2004 г. Стр. 317.
9. Генерал от инфантерии Н. Н. Янушкевич: «Немецкую пакость уволить, и без нежностей...» Депортации в России 1914 - 1918 гг. «Военно-исторический журнал», № 1, 1997 г. Стр. 47.
10. Айрапетов О. Генералы, либералы и предприниматели: работа на фронт и на революцию (1907 - 1917). М., 2003 г.
11. Генерал от инфантерии Н. Н. Янушкевич: «Немецкую пакость уволить, и без нежностей...» Депортации в России 1914 - 1918 гг. «Военно-исторический журнал», № 1, 1997 г. Стр. 48.
12. Айрапетов О. Генералы, либералы и предприниматели: работа на фронт и на революцию (1907-1917). М., 2003 г. Стр. 76.
13. Генерал от инфантерии Н. Н. Янушкевич: «Немецкую пакость уволить, и без нежностей...» Депортации в России 1914-1918 гг. «Военно-исторический журнал», № 1, 1997 г. Стр. 48.
14. Корн Р. Забытые герои. Российские немцы на Кавказском фронте, в кн.: «В России - немцы, в Германии - русские. Исторические очерки». Аугсбург, 2008 г.