կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 14:12
Առանց Կատեգորիա

Մշակույթը դատապարտված է իր ապագային. Հակոբ ՄՈՎՍԵՍ

Մշակույթը դատապարտված է իր ապագային. Հակոբ ՄՈՎՍԵՍ

Աշխարհարարման սկզբունքը մի է, տեսնողի համար՝ տեսանելի բոլոր կենսաշերտերում, բայց ապրելի, ասել՝ ապրում-վերապրումին հասանելի՝ միայն իբրեւ ամենօրյա  ջանք։

 

Այսօրվա քչերից, եզակի  քչերից, Հակոբ Մովսեսի դեպքում է նաեւ, որ գործ ունենք հենց բա նաստեղծա կան աշխատանքի հետ։ Հույժ հետեւողական այդ աշխատանքն ընդգրկում է, մաս նավորաբար,  «Մարդկային ցեղի մայրենի լեզուն  բանաստեղծությունն է» (Հեր դեր), իսկ «իրա կան պատմությունը՝ Ոգու պատմությու նը» հաստատումները, որոնք հայտնի են պահում (որպես գաղտ նիք, այնուամենայնիվ)  այդ պատմության իսկական հեղինակին՝ բանաստեղ ծությանը։

 

Ապա՝ Ֆրիդրիխ Նիցշեի, մեծ  բանաստեղծներ Ռիլկեի, Թրակլի, Հյոլդեռլինի, Նովալիսի խոսքը հայերեն հնչեցրել է Հակոբ Մովսեսը։

 

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

Մշակույթ-ավանդույթ հարաբերության մեջ, պնդում եմ, ավանդույթը մշակույթի ածանցյալ է: Մշակույթը «դատապարտված է միայն ու միայն իր ապագային, եւ այն վերջինիս դատապարտել է հենց ինքը' անցյալը: Մշակույթը դեպի անցյալ ձգող եւ ամեն օր անցյալավորող իր ավանդույթը ինքը մղում է դեպի գալիք եւ ամեն օր գալիքավորում է, եւ այնտեղից են նրա համար բարի ավետիսները գալիս: Ի՞նչ են ավանդույթն ու մշակույթն առանցյալ' միֆ եւ միայն միֆ, ուր աշխարհն արարված է, եւ այն, ինչ լինելու է, խոստում է միայն», ուր անհայտը վաղուց հայտնի է դարձած, իսկ հայտնին վերջնականապես' անհայտ: Սա քաղաքակրթության  պատմություն չէ՞ արդյոք, որը, այո, միշտ անցյալին է միտված եւ իր անցյալում ձեւավորված ավանդույթին եւ, ուրեմն, մահվան' սոսկալի մահվան («Սա է վախ ճանն աշխարհի Ոչ թե պայթյուն, այլ կաղկանձ»), եւ արդյոք չկա՞ այն մշակույթը, որը քաղաքակրթության արգասիք չէ, իր անցյալի եւ ավանդույթի դատապարտյալը չէ եւ, հետեւաբար, դուրս է միֆից' միտված է գալիքին եւ թրթռում է նրա ճյուղերին Հոգու եւ Հարության քամիների հանդիման:

 

Հակոբ ՄՈՎՍԵՍ

 


ԾՆՆԴԱՎԱՅՐ: ԳՅՈՒՂ ՍԻԶԱՎԵՏ

 

                                     Սիրելի Լեւոն Սարգսյանին

 

Նա շատ էր փոխվել,

Բայց ես նրան ձայնից իսկույն ճանաչեցի'

Ախուրյանն էր: -

Տե՛ր, իմ հայրը նրա մեջ

Թաթախեց ինձ' հույսը' ուսին:

Ես գնում էի նրա ափով, եւ հետեւիցս

Մի կաքավ էր ոտ-ոտ գա լիս'

Դու, առավոտ:

Ո՞վ է ասում,

Թե օրերը անցնում են.

Այդ մենք ենք անցնում,

Իսկ նրանք նույն տեղում էին'

Ճրագի պես

Սյունից կախված:

Եվ ջուր: Քամի: Ձյուն: Խոտ եւ ամպ:

Եվ սարյակը ինձ տեսնելով'

Տանիքին դարձյալ իր կատակերգը

                                             բարձրացրեց'

Միջօրեի թմբուկների ուղեկցությամբ:

Ես ջրհորի մեջ նայեցի դեմքիս:

Այն նույն տեղում էր, ջրին, դողդոջուն եւ երեր:

Ես շրջվեցի եւ անթառամ ծաղկին

Երեք մեղու տեսա - բարեւ ձեզ, աղջիկնե՛ր:

Ես հիշեցի.

Բոլորը բլուրներն էին բարձրացել' սինձ բերելու:

Մեր տան հետեւում հանկարծ մի գառ մայեց:

Մայրս ինձ ուղարկեց' գնա տես,

Եվ ես գնացի, տեսնեմ' ինչ գառ,

Ձյան տակից դունչը հանած

Մի քչքչան

Փոքրիկ

Առու:

 

 

ԳՅՈՒՂ  ԹԱՎՇՈՒՏ

                                       Վահան Սեւանին

 

Առավոտյան ելա, ջուր խփեցի դեմքիս,

Տե սա' կարմիրի շուշպայով փաթաթված

արշալույսը,

Ասես Ավետարան,

Գետափին ականջները ցցած

Երկու ձի էին կանգնել,

Արշալույսի գրկում

Լույսի կաթնատամը արդեն

Լինդն էր ճեղքել:

Երկու հոգի գնում էին

Եվ իրար հետ խոսում կատարվածների մասին

Եվ տրտմած էին,

Այդ ո՞ւր, այդ ո՞ւր այսպես վաղ,

Դեմները կտրեցի ես,

Մենք գնում ենք առաջն առնենք, ինձ ասացին,

Քանզի աշխարհը, - մենք այսպես ենք լսել, -

Իր արարման համար հույժ փոշմանած,

Ուզում է տուն վերադառնալ:

(Եվ նրանցից մեկը,

Ով իր անունը չասաց, երգում էր բարձրաձայն,

Իսկ մյուսը ինձ մի աղբյուր ցույց տվեց,

Եվ տարաժամ էր, եւ նա իր անունը

Նույնպես չասաց, ես բլրի գլխին մի ապարանք

                                                            տեսա,

Գոնե ասա' այս ի՞նչ ապարանք է այսպես չքնաղ,

Բայց ի՞նչ ապարանք,

Դա մեր գյուղի գերեզմանոցն է,

Ասաց):

Երեկոյան հնձվորները վերադարձան,

Գե րանդիները պսպղում էին,

Վահան Սեւա նը ինձ զբոսանքի հանեց,

Ճանապարհին մի անձրեւ էր փոքրիկ-փոքրիկ,

Այսինքն' ոչ թե անձրեւ,

Այլ անձրեւի քուռակ,

Իսկ գիշերը երկու հոգի ելան'

Երկվորյակներ կոչվածները,

Որոնք հյուսիսային երկնքից էին:

Ես գիտեմ քո հոգնությունը, ասացի ես,

Խնդրում եմ, Վահան Սեւան, արի հետ դառնանք,

Բայց նա ինձ հրեց առաջ,

Ես մի դդում տեսա ցանկապատերի տակ,

Սա ո՞ւմ դդումն է, հարցրեցի,

Մոռացե՞լ ես, տղա, այս կողմերում ի՞նչ դդում,

Դա մեր գյու ղի լու սինն է,

- Լուսնյակ, -

Ասաց:

Ես գիտեմ քո հոգնությունը,

Շատ չպառկենք բլուրների լանջին, գայլը

կնկատի, խնդրեցի ես,

Եվ հետ դառնալիս

Ճանապարհին մի տղա տեսա, մի ուսը  մի քիչ

                                                           կախ,

Որի՞նն է այս սեւ աչքունքովը, հարցրե ցի,

Մոռա ցե՞լ ես, տղա, դա մեր գյուղի

Որդին է սիրասուն,

Մահն է,

Ասաց:

 

 

ԼՈՒՅՍԸ

                                       Հրաչյա Թամրազյանին

 

Առավոտյան ելանք դարձյալ լալով,

Բայց երբ կանաչ Շրեշ բլուրն անցանք,

Այդ դու էիր կանգնած փողփողալով,

Ո՛վ եթերի ոսկյա դու սերմնացան:

Մեջքիդ քո յոթնահյուս գոտին կապած,

Մեզ մեկնելով հունդն ու սերմը բառի...

- Թե՞ դու մեր հովիվն ես' երակդ բաց

Մեր դիմաց նստած մի մամռոտ քարի,

Ողջ տիեզերքը քո գրկում պահած,

Ինչպես գառը Գողթն մեր գավառի:

 

 

ՂԱՐՍ: ԱՌԱ ՔԵԼՈՑ 1993

 

Երբ մենք մտանք քաղաք,

Մեզ մեր մեռյալները դիմավորեցին թմբուկներով,

Երեխաները դեռ պառկած էին դարպասների

                                                        դիմաց,

Ձյունն էր իջնում,

Իբրեւ ուխտի սպիտակ աղ,

Եվ մեր ոտնահետքերը նրա վրա'

Ասես հիշողությունը իր կնքամատանին դնի:

Երկրի վրա լիություն է, ալյուրը' շատ,

Բայց իմ բեռները միշտ երկնքից են գալիս,

Երբ ես երգելով շարում էի իմ այս եկեղեցին,

Քարերը բերեցի մեր սուրբ քարհանքերից,

Բայց գմբեթը, իբրեւ նվեր,

Վերին պետություններն ուղարկեցին:

Գմբեթը, ես ասացի, Աթոռներն ու Գահերը

                                                  նվիրեցին,

Եվ իմ բառերը երկնքից են բերվում,

Ինչպես որ արշալույսի սայլերը

Երկնային հանքերից են բերում

Կապույտ մարմարը ծովերի,

Բայց այս ի՞նչ բան է,

Բառեր, ես ինչքան ձեր մեղրը դրեցի լեզվիս,

Այնքան աղի դարձավ կաթիլը արցունքի:

Այնքան ելան, ուռեցին եւ դառնացան ջրերը

                                                        ծովերի,

Ես ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ, - ես էլ, ձեզ պես,

                                                        չգիտեմ անունը

Նվիրապետության դռները պահպանողի,

Բայց լավ գիտեմ, որ նա թուրը աջ ազդրին է

                                                      կախում

Եվ ձեռքը միշտ պահած է պահում

                                              դաստապանին:

Առավոտ էր,

Անցած երեկոյան, մթնշաղին,

Ես փարվել էի եկեղեցուն եւ դուռը համբուրել,

Սակայն երկրորդ մոտեցումը առավոտյան եղավ,

Արդեն լույս էր, եւ նա յելով գմբեթին'

Ինձ երկյուղն ու ամոթը պատեցին,

Եվ ես այս անգամ չհամարձակվեցի մոտենալ

                                                         նրան,

Այլ հեռվից էի նայում, եւ լույսը հանկարծ ընկավ

Դռանը դրվագազարդ, -

Ասես վագրը

Իր վերքը լիզի: