կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-09 12:18
Քաղաքական

Մեր քայլերը միտված են ապագային. ՀՀԿ-ական

Մեր քայլերը միտված են ապագային. ՀՀԿ-ական

Կարեն Կարապետյանի նշանակումից հետո ՀՀԿ-ն գնում է 2017 թվական՝ վստահ լինելով, որ դրվել են բարեփոխումների հիմքերը. այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ապագա փոփոխությունների համար դրվել են բոլոր հիմքերը: Մենք ժամանակի և պահի խնդիր չենք լուծում: Եթե դա արվեր ընտրությունները ճիշտ կազմակերպելու համար, դա կլիներ պահի խնդիր, բայց դա այդպես չէ, և մեր քայլերը միտված են ապագային»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է 2017 թվականի ընտրություններից առաջ կուսակցությունների խոշորացմանը, Բաղդասարյանը նշեց, որ այդ թեմայի շուրջ դեռևս քննարկումներ չեն եղել:

«ՀՀԿ-ն որևէ քաղաքական կոնսուլտացիայից չի խուսափում, բայց դրանք չպետք է լինեն ինքնանպատակ: Ինքնանպատակ կոալիցիաները դատապարտված են փլուզման: Պետք է լինեն խոշորացումներ, մեծացումներ: Ես նորից եմ կրկնում` պետք է շատ ուշադիր լինել դաշինքներ կազմելիս, քանի որ պետք է լինեն գաղափարական մոտեցումներ: Մի խմբակցություն ամբողջությամբ փլուզվեց, երկու խմբակցություն դրա եզրին են: Ինձ թվում է՝ բոլոր քաղաքական ուժերի նպատակն այն է, որ ՀՀ-ում քաղաքական դաշտը լինի կայացած: Բոլորիս նպատակը դա է»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն 2017 թվականի ընտրություններում հաղթելու դեպքում Կարեն Կարապետյանին չնշանակի վարչապետ, նա պատասխանեց. «Մենք դա արդեն հայտարարել ենք, որ եթե հանրությունը կտա իր վստահությունը ՀՀԿ-ին, վարչապետը և կառավարությունը կշարունակեն իրենց գործունեությունն իրականացնել»:

Ինչ վերաբերում է վարչապետի՝ ՀՀԿ փոխնախագահ դառնալուն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ կա նման թեկնածություն, և խորհուրդ տվեց սպասել ՀՀԿ խորհրդի առաջիկա նիստի որոշմանը: