Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած օրերի ցրտահարությունից ամենաշատ տուժած համայնքներից մեկը Արմավիրի մարզի Այգեվան գյուղն է: 400 գյուղացիական տնտեություն ունեցող համայնքում, ընդհանուր առմամբ, 250 հեկտարից ավելի կորիզավոր պտուղների այգիներ կային, որոնք ամբողջությամբ ցրտահարվել են:
Համայնքի ղեկավար Սպարտակ Էքիզյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ բոլոր` 400 տնտեսություններն էլ վնաս են կրել` բոլորն էլ ծիրան, խաղող կամ դեղձ ունեին: Նա պատմեց նաեւ, թե ինչ տիտանական ջանքեր են թափել ինքն ու իր ղեկավարած համայնքի ժողովուրդը անցյալ երկու գիշերներին` փորձել են ծխահարումով պաշտպանել այգիները, առատ ոռոգել են, քանի որ այդպես են իրենց խորհուրդ տվել գյուղնախարարությունից, ամբողջ երկու գիշեր դաշտերում ու այգիներում են եղել, ովքեր ջերմոցներ ունեն, ջերմոցներում են գիշերել, շորերով, լաթերով, էլեկտրական սալօջախներով ու գազով, սովորական կրակով փորձել են գոնե բերքից ինչ-որ բան փրկել, բայց` ապարդյուն:
Եվ գյուղապետը չգիտի, թե ինչ է լինելու իր համայնքի ժողովրդի հետ: Նա Yerkir.am-ին ասաց, որ այնպիսի անելանելի ու անհույս վիճակում են, որ ինքը առավոտյան, չիմանալով` ինչ անել, դուրս է եկել գյուղապետարանից, հիմա մի հեռու, առանձին տեղ` միայնության մեջ, փորձում է մտածել, ելքեր որոնել, հասկանալ, թե ինչ պետք է անել, քանի որ գիտի` քիչ անց անելանելիության մեջ հայտնված գյուղացիները հավաքվելու են համայնքապետարանի մոտ, դիմելու են իրեն:
«Ամբողջ գիշեր դաշտերում ենք եղել: Ջերմաստիճանն էլ առավոտյան ժամը 6-ի կողմերում արդեն -7 աստիճան էր դաշտում… Ահավոր վիճակ, պատկերացրեք` ես էլ չգիտեմ, գյուղապետարանում չեմ հիմա, նստել եմ մի առանձին տեղ, մտածում եմ` ինչ պետք է անել: Ես էլ էի օգնել գյուղացիներին` իմ անձնական գրպանից որոշների պարարտանյութի փողն էի տվել, մի քանի հոգու օգնել էի բանկերի հետ կապված հարցերում, որ վարկ ստանային… Ես էլ չգիտեմ, թե ինչ պետք է անենք, ինչ պիտի լինի, ինչ պիտի անի էս խեղճ ժողովուրդը»,- սրտնեղած պատմեց համայնքի ղեկավարը:
Հետաքրքրվեցինք` գյուղացիների մոտ ի՞նչ տրամադրություն, ի՞նչ են մտածում, ի՞նչ են անելու: Սպարտակ Էքիզյանը, խորը հոգոց հանելով, ասաց. «Դե, գյուղացիների մոտ վատ է, ո՞նց պիտի լինի, սոված մարդու մոտ տրամադրությունն ինչպե՞ս պետք է լինի: Զայրացած են գյուղացիները: Էս ի՞նչ եղավ, ահավոր վիճակ է: Մի քանի տարի առաջ էլի այսպես եղավ` կարկտահարություն եղավ, հիմա` էլի այսպես: Ո՞նց պիտի ապրեն, ինչպես կարգավորեն վիճակը, ես չգիտեմ…»: