Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ տեղի ունեցավ կինոռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը բաղկացած է 4 կինոնովելներից` նկարահանված է Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա, որոնց գործողությունները ծավալվում են Կիսալուսնի ծովածոց մտացածին քաղաքում:
Yerkir.am-ի հետ զրույցում Մարինե Զաքարյանը նշեց, որ գրական գործն էկրանավորելը բավական բարդ գործ է` չհաշված այն, որ մոտ ութ ամիս բանակցություններ են վարել Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության իրավատեր` Սթենֆորդի համալսարանի հետ` հեղինակային իրավունքները պահպանելու և Սարոյանի գործերն էկրանավորելու համար:
«Ես իմ պատկերացրած Սարոյանը, կարծես, միշտ ունեցել եմ ներսումս, ես չեմ էլ մտածել ֆիլմ նկարահանել: Այդ իմաստով` ինձ համար շատ հեշտ էր նրա գրական գործերին մոտենալը: Բնականաբար, սցենարային որոշ փոփոխություններ եղան, քանի որ կինոյի և գրականության արտահայտչամիջոցները բավականին տարբեր են, և ես սցենարն ավելի կինեմատոգրաֆիկ սարքեցի»,- ասաց Զաքարյանը:
Կինոռեժիսորը խոստովանում է` ֆիլմը նկարահանելու ընթացքում ավելի է մոտեցել Սարոյանին, ավելի խորն ընկալել գործերի իմաստը: «Հասկացա, թե որքան ժամանակակից է Սարոյանը, իսկ իր ասելիքը` որքան համամարդկային: Նկարահանման խմբում նկարահանման ժամանակ բոլորը զուգահեռներ էին տանում` հիշելով, թե` այ, ես էլ եմ այս վիճակի մեջ եղել, ինձ հետ էլ է նման բան պատահել: Սարոյանի գործերը ժամանակ ու ազգ չեն ճանաչում, սահմանափակումներ չկան, 6 մլրդ մարդ կա աշխարհում, բոլորի համար հասկանալի է: Սա ինձ համար վերաբացահայտում էր»,- նշեց նա:
Մեր հարցին, թե ո՞ր կետում են միահյուսվում Սարոյանի 4 ստեղծագործությունները, քանի որ ֆիլմերից մեկը` «Փասիանի որսորդը», որը մինչ այդ արդեն ցուցադրվել էր, կարծես, ամբողջական, ավարտուն ֆիլմ լինի, Զաքարյանը պատասխանեց, որ, ճիշտ է, յուրաքանչյուր նովել, կարծես, առանձին կյանք ունենա, բայց դրանց ասելիքը նույնն է. «Այո, առանձին-առանձին ուժեղ ֆիլմեր են ստացվել, բայց ընդհանուրի մեջ շաղկապված են իրար և իմ ուզածը տեղ են հասցնում` երբ մարդիկ շուրջդ ճիշտ են ասում, դու ինքդ, անկախ քո կամքից, ճիշտ քայլեր ես անում»:
Ֆիլմը պատանիների մասին է, նրանց ապրումների, զգացողությունների: Զաքարյանը հավաստիացնում է, որ Սարոյանն ինքը շատ թրթիռով է պատանիների մասին գրել, և գրողի ստեղծագործություններում պատանիները մեծ դերակատարում ունեն:
«Երեխաների հետ, այո, դժվար է աշխատել, քանի որ նրանք շուտ են հոգնում: Բայց կա մի հետաքրքիր առավելություն` երեխաների հարաբերությունները, հետագա զարգացումները շատ ազնիվ պետք է լինեն, ամեն ինչ պետք է ազնվության հողի վրա կառուցվի: Այնպես որ` ինձ համար ուղղակի հաճույք էր նրանց հետ աշխատելը»,- ասաց կինոռեժիսորը:
Ի դեպ, ֆիլմի պրոդյուսերը` Հովհաննես Գալստյանը /ով նաևՄարինե Զաքարյանի ամուսինն է/, 4 տարի անընդմեջ լինում է Կաննում, և գուցե այս տարի Կաննի կինոշուկայում ցուցադրվի «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը, քանի որ, Զաքարյանի հավաստմամբ, ֆիլմի ասելիքը համամարդկային է և դրսում նույնպես այն կհետաքրքրի կինոսերներին:
Ֆիլմի օպերատորն է Միհրան Ստեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը, հնչունային ռեժիսորը` Լևոն Նավասարդյանը: Ֆիլմում օգտագործված է Come on-a my house երգը` Վիլյամ Սարոյանի խոսքերով, Ռոզ Բաղդասարյանի երաժշտությամբ, որում հնչում է Սարոյանի ձայնը: Ֆիլմի պրոդյուսերներն են` Հովհաննես Գալստյանը, Գևորգ Գևորգյանը, Կարեն Ղազարյանը: Ֆիլմում նկարահանվել են` Սոս և Կարեն Ջանիբեկյանները, Աշոտ Ադամյանը, Նանոր Պետրոսյանը, Վիվյեն Բաստաջյանը, Նարինե Գրիգորյանը, Արա Սարգսյանը, Վարդուհի Ռուշանյանը, Մովսես Ստեփանյանը, Կարեն Խաչատրյանը: Պատանիների դերերում նկարահանվել են` Սամվել Վարդանյանը, Ալեքս Բաբայանը, Անի և Սոնա Գալստյանները, Սարգիս Հարությունյանը, Աստղիկ Վարդանյանը, Ամալյա Զաքարյանը:
Կինոռեժիսորը տեղեկացրեց նաև, որ երևանյան պրեմիերայից հետո «Կիսալուսնի ծովածոցը» կցուցադրվի երևանյան կինոթատրոններում, կներկայացվի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությանը, ապա` Կաննի կինոշուկայում: Ֆիլմը կյանքի է կոչվել «Պարալլելս ֆիլմ» կինոընկերության, «Շարմ Փիքչրսի» և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով:
Կարինե Հարությունյան