Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ելույթ ունեցավ՝ ցույց տալով այն գումարների տեղը, որոնք կարելի է ուղղել բանակի խնդիրների լուծմանը: Պատգամավորն առաջարկում է չքննարկել հարցի բովանդակությունը, այն, որ պետությունը բանակի խնդիրները պետք է լուծեր, դա քննարկման ենթակա չէ: Առարկությունը միջոցների ընտրության մեջ է:
Պատգամավորը խոսեց նախագծի պարտադիր բնույթի մասին` ասելով, որ պարտադրանքով հնարավոր չէ լավ բանի հասնել, և որ նման հարցերը պետք է կամավորությամբ լուծվեն: Արամ Մանուկյանի խոսքով` տասն անգամ ավելի շատ գումար է հնարավոր հավաքել, քան նախատեսում է հիմնադրամը, և պատգամավորը նշեց այդ գումարների տեղը:
Ըստ նրա` Հայաստանից տարեկան դուրս է գալիս 1,5 միլիարդ դոլար ապօրինի կանխիկ փող: «Հարգելի' ԱԱԾ, հարգելի' կառավարություն, իմ ասածը պետք է ստուգվի՞, թե՞ չէ, մեկը պետք է հերքի՞ այս հայտարարությունը կամ հաստատի: Մեր աղքատ ու սոված երկրում կա 5 միլիարդատեր, 60 միլիոնատեր: Նման աղքատ երկրում կարճ ժամանակում օրինական միջոցներով չեն հարստանում: Մեր երկրում նվազագույնը 40 տոկոս ստվեր կա, որը ստվերից հանելու դեպքում 1 միլիարդ դոլար կբերեիք բյուջե: Էս երկրում դատախազությունը պե՞տք է գործի, թե՞ չէ: Սեյրանին եմ խոսքս ուղղում: Սեյրա'ն ջան, դու գեներալ մարդ, կռված մարդ, կուլտուրական մարդ: Ես ու Լյովը կարող ա չիմանանք` բանակում ինչ ա կատարվում, դու չգիտե՞ս` ովքեր են բանակից գողացողները: Եթե գիտես, Աստվա՞ծ պետք է պատժի էդ գողացողներին: Տերտերը կարող է այդպես ասել, բախտ բացողը ասել, բայց էսպես երկիր չեն կառուցում»,- ասաց Արամ Մանուկյան` հավելելով, որ մեր փոքր երկրին շատ մեծ թվով գեներալ է բաժին հասնում:
Պատգամավորն առաջարկեց կրճատել ոստիկանության թիվը և գումար խնայել բյուջեում, քանի որ մեր փոքր երկրում նման թվով ոստիկանություն պահելն արդարացված չէ:
«Դու քո միլիոնը պահում ես, ուրիշի 1000 դրամն ես պահանջում, էստեղ է անբարոյականությունը, սա մուրացկանություն է: Փոքր, մի բուռ ազգ ենք, հազար ու մի միջոց կա` գումարները հետ բերելու:Գագիկ Խաչատրյանի կառուցած ուսումնական կենտրոնը պետականացրեք ու տվեք զինվորին: Մարդու արժանապատվությունը հարգեք, ոչ թե պարտադրեք նրան: Մարդն ուղարկել է իր երեխային բանակ, աշխատում է ու հարկեր է տալիս, գնա, տասնապատիկ շատ ավելի լուծի զինվորի հարցը»,- ասաց Արամ Մանուկյանը: