կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 22:58
Առանց Կատեգորիա

Չարժե այդքան ընկնել

Չարժե այդքան ընկնել

Երևանում այսօր երկու ցույց է կազմակերպվել, և երկու դեպքում էլ ոչ թե լրատվամիջոցներն են եղել դեպքի վայրում, այլ հենց իրենք են դարձել դեպքի վայր. ցույցերն անցկացվել են «Հայկական ժամանակ» թերթի և 1in.am կայքի խմբագրությունների առջև: Դատելով ակցիաների անցկացման ձևից, մասնակիցների թվից, վանկարկումների բովանդակությունից և ուղեկից լրատվամիջոցի նույնությունից՝ կարելի է որոշ եզրահանգումներ անել ցույցի կազմակերպիչների և նրանց նպատակների վերաբերյալ: Սակայն այս պահին դրանք այնքան էլ կարևոր չեն: Կարևոր ու, առավել ևս, տագնապահարույց է մեկ այլ բան:

 

Դժվար է ասել՝ որքանով է արդարացի կամ խելքին մոտ Նիկոլ Փաշինյանին «դհոլ» կոչել ու այդ կերպ հավասարեցնել Արման Բաբաջանյանին, սակայն մի բան ակնհայտ է` երկու դեպքում էլ մենք գործ ունենք իսկապես վտանգավոր երևույթի հետ, երբ անհանդուրժողականությունն ու ընդվզումն ուղղվում են ո՛չ ուր հարկն է, ո՛չ ում հարկն է, այլ լրատվամիջոցի դեմ:

 

Անկախ այն բանից, թե որքանով են մեզ համար ընդունելի կամ անընդունելի Արմանի նման լրատվաղեկավարներն ու Նիկոլի նման լրատվատերերը, անկախ այս երկու լրատվամիջոցի հանդեպ հանրային վերաբերմունքից՝ չափազանց վտանգավոր նախադեպ է ստեղծվում` լրատվամիջոցները թիրախավորվում են:

 

Բայց կա առավել վտանգավոր մի երևույթ: Ինչպես տեղեկանում ենք այս երկու ցույցերի մասին պատմող նյութերից, երկու դեպքում էլ ցուցարարներին ուղեկցել են հեռուստաընկերություններից մեկի օպերատորը, մյուսի դեպքում` նաև լրագրողը: Եթե վերջիններիս ներկայությունն այդ ակցիաներին նրանց սոսկ մասնագիտական բարձր պատրաստվածության վկայություն չէ կամ խիստ օպերատիվ աշխատանքի արտահայտություն, ինչը մենք խիստ կասկածում ենք, ուրեմն դա այդ լրատվամիջոցի կողմից ցույցերին յուրօրինակ մասնակցություն է, որից կարելի է հետևեցնել մեկ բան` նրանք նախապես տեղյակ ու հընթացս նաև մասնակից են եղել ակցիաներին: Այդ դեպքում գծվում է խիստ մտահոգիչ պատկեր` լրատվամիջոցները դարձել են հենց լրատվամիջոցի՛ թիրախ, ինչը ոչ միայն վտանգավոր, այլ նաև ամոթալի է:

 

Այդքան ընկնել, անտարակույս, չարժե: Եթե նույնիսկ հրամայել են ընկնել:

 

Լ. Սարգսյան

 

Լուսանկարը՝ armtimes.com