Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակտիվ կոնսուլտացիաներ է սկսել ընդդիմադիր ուժերի հետ` երկրում ստղծված իրավիճակի և դրա հաղթահարման խնդիրների հետ կապված: Նման հանդիպում ավելի վաղ կայացել էր ՀՅԴ-ի հետ, այսօր` ՀԱԿ կուսակցության: Սպասվում է, որ առաջիկայում ԲՀԿ-ն քննարկումներ կունենա նաև «Ժառանգության» հետ:
Թե կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվում, կողմերը չեն մանրամասնում: Սակայն արդեն իսկ կայացած բանակցությունների վերաբերյալ դրանց մասնակիցների տված սուղ տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ օրակարգային հիմնական հարցը իշխանափոխությունն է և այդ նպատակով ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիոն գործընթացների ձեռնարկումը: ԲՀԿ-ի կողմից այս պրոցեսի նախաձեռնմանը նպաստեց երկու հիմնական գործոն: Առաջինը կուսակցության վերջին համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանի` շատերի համար անակնկալ կոշտ ելույթն էր, որում նա մի քանի հեռանկարային շեշտադրում կատարեց: Նախ` որ իրենք հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկում են կազմել քաղաքական-հասարակական-սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ եւ դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ, երկրորդ` կուտակված խնդիրները լուծելու համար լայն քաղաքական-հասարակական կոնսոլիդացիա իրականացնել, և երրորդը, որն անմիջականորեն առնչվում էր անձնապես նրա հետևողականությանն ու սկզբունքայնությանը, որ ինքը պատրաստ է ցանկացած զարգացման և սցենարի:
Երկրորդ գործոնը մարտի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արած այն հայտարարությունն էր, թե ինչով է Ծառուկյանը տարբերվում Բիձինա Իվանիշվիլիից, ով, լինելով խոշոր օլիգարխ, Վրաստանում իրականացրեց խաղաղ իշխանափոխություն: Տեր-Պետրոսյանի այս հայտարարության իրական ինտրիգը ոչ այնքան Ծառուկյանին նոր Իվանիշվիլի դառնալու հարցում «թասիբի գցելն» էր, այլ փաստացի ՀԱԿ-ի և նրա առաջնորդի պատրաստակամությունը` ԲՀԿ ղեկավարին ընդունել իբրև այդպիսին և հավաքվել նրա դրոշի ներքո: Դժվար է ասել` որքանով է Ծառուկյանն ազդվել Տեր-Պետրոսյանի այդ համեմատությունից, սակայն փաստը մնում է փաստ, որ անցել է համագումարում հնչեցրած ելույթի դրույթների կատարմանը:
Սակայն հարց է առաջանում, թե ո՞րն է ԲՀԿ-ի այս հանկարծակի ակտիվացման և նախաձեռնողականության հիմնական նպատակը, այսինքն` ի՞նչ խնդիր է, ի վերջո, փորձում լուծել Ծառուկյանը: Նմանատիպ մի գործընթաց Ծառուկյանը նախաձեռնեց 2012թ. նոյեմբերին, երբ շրջանառության մեջ դրեց նախագահական ընտրություններին միասնական օրակարգով և թեկնածուով հանդես գալու գաղափարը: Այն ժամանակ, սակայն, Ծառուկյանը որևէ առարկայական հաջողության չհասավ, չկարողացավ դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն, և արդյունքում` ԲՀԿ-ն առհասարակ հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին: 2012թ. այդ ձախողման հիմնական պատճառը ընդհանուր կոնսենսուսային օրակարգի ստորադասումն էր միասնական թեկնածու դառնալու հավակնությանը, ինչպես նաև այնպիսի օրակարգի առաջքաշումը, որը հասարակության իրական պահանջմունքների հետ իրականում բացարձակապես կապված չէր: Երկամյա վաղեմության դառը փորձից Ծառուկյանը, կարծես, որոշակի հետևություններ կատարել է: Ընդդիմության միասնական լիդերի հարցը միտումնավոր մղվել է չորրորդական պլան, և շեշտը դրվում է երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հաղթահարման «ճանապարհային քարտեզի» մշակման վրա, որն ինքնին քաղաքական կոնսոլիդացման լուրջ ներուժ է պարունակում:
Սակայն դրան զուգահեռ ԲՀԿ-ի ձեռնարկը թվում է փոքր-ինչ հախուռն և շտապողական, ինչը անլրջության որոշակի էլեմենտ է պարունակում: Նախ` եթե իսկապես ընդդիմադիր ուժերի հետ ընթացող կոնսուլտացիաների հիմնական նպատակն այդ միասնական օրակարգի մշակումն է, ապա ԲՀԿ-ն արդեն իսկ պետք է սեղանին դրած լիներ միջոցառումների նման ծրագրի, հայեցակարգի կամ պլատֆորմի նախագիծ, որը հնարավորություն կտար ավելի առարկայական բանակցություններ վարել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Բացի դրանից` ԲՀԿ-ն գործում է իներցիայով` շարունակելով որպես հիմնական կամ պոտենցիալ գործընկերներ դիտարկել միայն քաղաքական ուժերին, այն դեպքում, երբ այլևս անհնար է անտեսել հասարակական-քաղաքական կյանքի հունավորման վրա քաղաքացիական-հասարակական ինքնակազմակերպվող շրջանակների ներգործությունն ու դերակատարությունը: Եթե ԲՀԿ առաջնորդը վստահություն ներշնչելու խնդիր ունի, ապա այդ խնդիրն առաջին հերթին ունի հենց այս շրջանակների հետ հարաբերություններում: Եվ վերջապես երրորդ ու գուցե ամենակարևոր թերությունն այն է, որ միտումնավոր այդ կոնսուլտացիաները սկսում են ասոցացվել իշխանափոխության շուրջ համաձայնությունների ձեռքբերման հետ:
Խնդիրը բուն իշխանափոխութան թեման չէ: Այլ այն, որ դա արհեստականորեն սրվում է թերևս ամենակարևոր հարցի պատասխանը ընդդիմադիր դաշտի կողմից տրված չլինելու պայմաններում: Իսկ այդ հարցը հետևյալն է` ամբողջական և արմատակա՞ն, թե՞ մասնակի ու, ըստ էության, մակերեսային իշխանափոխության կողմնակից է ԲՀԿ-ն: Սա սկզբունքային պահ է, որովհետև եթե ԲՀԿ-ն ամբողջական իշխանափոխության կողմնակից է, ապա դա նշանակում է հիմնական թիրախ դարձնել հանրապետության նախագահին և նրան իշխանությունից զրկելը, ինչն էլ, իր հերթին, նշանակում է հստակ տեղորոշվել ընդդիմադիր դաշտում և, գնալով կուսակցության ներսում որոշակի զոհողությունների, մտնել իշխանության դեմ համակարգային պայքարի մեջ: Իսկ դրա համար ԲՀԿ-ն առաջին հերթին ինքն իրեն պետք է հաղթահարի: Մինչդեռ առ այսօր ԲՀԿ-ն երբեք չի հայտարարել, թե համակարգային իշխանափոխության կողմնակից է: ԲՀԿ-ն նույնիսկ չի ցանկանում լիարժեք ընդդիմադիր ուժ անվանել իրեն: Փոխարենը շարունակում է համառորեն պաշտպանել միայն վարչապետի փոփոխության կամ, ավելի ճիշտ, այդ պորտֆելը վերցնելու գաղափարը: Իսկ սա արդեն իշխանափոխության հետ որևէ ընդհանուր բան չունի: Դա ընդամենը իշխանությունը նախագահի թիմի հետ կիսելու ձգտում է, որը պարզապես նրբորեն ծածկվում է ընդդիմության հետ նմանատիպ կոնսուլտացիաներ կազմակերպելու, «լուրջ» քաղաքական պրոցեսների իմիտացիա ստեղծելու խսիրով:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ