կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-09 22:22
Սպորտ

Հայաստանի առաջնություն. 16-րդ տուր. առաջատարը սայթաքեց

Հայաստանի առաջնություն. 16-րդ տուր. առաջատարը սայթաքեց

Մարտի 8-ին «Բանանց»-«Ուլիս» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրը: «Բանանց»-ի ֆուտբոլիստները 13-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ուչա Գոգոլաձեն: 52-րդ րոպեին տանտերերի սլովակ պաշտպան Պետեր Շտեպանովսկին կրկապատկեց հաշիվը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց: «Բանանց»-ն այս խաղաշրջանում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, իսկ «Ուլիս»-ը 2-րդ խաղում անընդմեջ պարտվեց: Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Ուլիս»-ը խոշոր՝ 3:0 հաշվով զիջել էր հետնապահ «Ալաշկերտ»-ին:

 

Ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ» «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում ընդունեց «Միկա»-ին:
34-րդ րոպեին մոտ 25 մետր հեռավորությունից կատարած հարվածով Վարդգես Սաթումյանն առաջ մղեց հյուրերին: «Արարատ»-ի ֆուտբոլիստները միայն 80-րդ րոպեին կարողացան պատասխանել մրցակցին: Սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը փրկեց իր թիմին պարտությունից: Հատկանշական է, որ ընթացիկ առաջնության առաջատարը 2-րդ խաղում անընդմեջ չի կարողանում հաղթել մրցակիցներին:

 

«Գանձասար»-ը Կապանում հյուրընկալեց «Փյունիկ»-ին: Այս խաղում թիմերն այդպես էլ չպարզեցին հաղթողին:

 

Տուրի ամենադիտարժան և լարված խաղը տեղի ունեցավ «Ալաշկերտ»-ի և «Շիրակ»-ի միջև: Նախորդ տուրում «Ալաշկերտ»-ի տպավորիչ հաղթանակի և «Շիրակ»-ի սայթաքումից հետո հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: 22-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը: Միհրան Մանասյանը աջ եզրում ստանալով գնդակն՝ այն ուղարկեց Արթուր Հարությունյանի պաշտպանած դարպասը:  Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվով: 2-րդ խաղակեսում՝ 76-րդ և 78-րդ րոպեին Սերժ Դեբլեի և Դավիթ Մարիկյանի գոլերն օգնեցին «Շիրակ»-ին հաղթանակ տոնել: Առավել տպավորիչ էր Մարիկյանի հարվածը հեռու տարածությունից, ինչից հետո գնդակը դարպասապահի գլխավերևով հայտնվեց «Ալաշկերտ»-ի դարպասում: Գյումրեցիները հաղթեցին 2:1 հաշվով, և միավորների տարբերությունը «Արարատ»-ի նկատմամբ հասցրեցին 5-ի:



Մրցաշարային աղյուսակն՝ այստեղ: