Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայում տեղի ունեցած վերջին դեպքերը շարունակում են գրավել հայ հասարակության ուշադրությունը, հետևաբար` զարմանալի չէ, որ հայկական լրատվամիջոցները շարունակում են փնտրել նոր միջոցներ ու եղանակներ՝ կատարվածը ոչ միայն տարբեր հայեցակետերից քննարկելու ու մեկնաբանելու, այլև ընթերցողին կամ ունկնդրին առաջին աղբյուրից տեղեկություններ հաղորդելու համար:
Ահավասիկ, «Կենտրոն» հեռուստաընկերությունն էլ կարողացել էր Ուկրաինայի բուն սրտում՝ Կիևում, հայթայթել մի վստահելի աղբյուր, որը դեպքերին ականատեսի ու գրեթե մասնակցի համոզվածությամբ խոսում էր դրանց մասին: Խոսքը ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի մասին է, ով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման հյուրն էր և հեռավոր Կիևից պատասխանում էր հայ լրագրողի հարցերին:
Ակնհայտ էր, որ Ա. Բոժկոն մասնավորապես Պետրոսի՛ «հայթայթած» գյուտերից էր. դա ապացուցում էր նաև ինքը՝ նախկին դեսպանը՝ հայ լրագրողին քանիցս մտերմաբար Պետրոս կոչելով: Բայց քիչ էր մնացել, որ Պետրոսի գյուտը փորձանք դառնար խեղճի գլխին: Նա ակնհայտորեն մոռացել էր, թե ու՛մ հետ գործ ունի, հայերենին գրագիտության ի՛նչ մակարդակով տիրապետող անձնավորության հետ, այդ պատճառով էլ իր հարցերը տալիս էր պետրոսավարի՝ փնթի, բարբառախառը և ա-ախոսությամբ: Սակայն ի պատիվ Բոժկոյի ասենք, որ ամբողջ հաղորդման ընթացքում նա հերոսաբար դիմացավ Պետրոսի բարբառային սադրանքներին և մինչև վերջ մնաց գրագետ, մաքուր հայերեն խոսքի բարձունքներում` երբեմն նույնիսկ զարմացնելով հայերենի բառային հարստությանը տիրապետելու` իր սքանչելի կարողությամբ:
Այո, ամբողջ հաղորդման ընթացքում Պետրոսի համառ ա-ախոսությունը հանդիպում էր ուկրաինացի պատվախնդիր այրի միանգամայն բնական է-ախոսությանը՝ ավելի ու ավելի անհարմար վիճակի մեջ դնելով հայ լրագրողին: Իսկ վերջում կատարվեց հրաշքը` Պետրոսը սկսեց բարբառել… է-ով, այն է՝ է-ախոսել: Այն է՝ «հավատքի» եկավ: Դա այնքան զարմանալի էր, որ, հազարավոր ունկնդիրներից բացի, վստահաբար նկատեց նաև ուկրաինացի մեր եղբայրը: Դիվանագետ մարդ էր և, անշուշտ, չէր կարող դիմացինի մեջ իր իսկ հարուցած Է-ԱԿԱՆ փոփոխությունը չնկատել: Եվ դա Բոժկոյի հերթական «հայկական» նվաճումներից մեկն էր, որ նա նվիրում էր հայ ժողովրդին՝ թերևս Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ: Ես այդպես հասկացա:
Լևոն Սարգսյան