կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-26 14:11
Քաղաքական

ՕԵԿ նախագահը չգիտի` նախագահի նշած 80 տոկոսը 79 տոկո՞սն է, թե, օրինակ, 60…

ՕԵԿ նախագահը չգիտի` նախագահի  նշած 80 տոկոսը 79 տոկո՞սն է, թե, օրինակ,  60…

Այսօր ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի ուշագրավ հայտարարություն արեց: Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե ՕԵԿ-ը միշտ հայտարարել է, թե ժողովրդի հետ է, ժողովրդի կողքին, իսկ հանրապետության նախագահը հայտարարել է, որ  ժողովրդի 80 տոկոսը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին, ուստի, որպես ժողովրդին աջակցող ու օգնող ուժ, որտե՞ղ է լինելու ՕԵԿ-ը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, թե պետք չէ նախագահի նշած 80 տոկոսն ուղիղ հասկանալ:

 

«Մարդը իր ելույթի մեջ կամ ուղիղ հարցուպատասխանի մեջ օգտագործել է մի դարձվածք: Հիմա ես չգիտեմ` դա հենց ուղիղ 80 տոկոսն է, թե` 79 տոկոսն է, այսինքն` իմ ընկալումը Սերժ Սարգսյանի ասածին շատ պարզ է` այո’, ամեն մի բարեփոխում ներառում է դժվարություններ, հասարակությունը միշտ էլ դժվար է տանում բարեփոխումները»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված` ՕԵԿ նախագահը նշեց, թե իրենք իրենց մոտեցումները հստակ արտահայտել են, եւ վերահաստատեց` Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումները քաղաքական անհրաժեշտություն են: Իսկ այդ բարեփոխումները իշխանական ուժերը պետք է իրականացնեն, ըստ նրա, այն մտահոգությունների հաշվառմամբ, որ այսօր կա հասարակության մեջ բարեփոխումների նկատմամբ: Եվ այդպես էլ պարզ չեղավ` 80 տոկոս դժգոհողների հաշվառմա՞մբ են բարեփոխում իրականացնելու…

 

Ստացվում է` երբ Սերժ Սարգսյանը ասում է 80, դա այնքան էլ 80 չէ, ու պետք է հասկանալ 79 կամ, օրինակ, 60, 50 տոկոս և այլն: Եթե հարցին մոտենում ենք այս տեսանկյունից, ապա պարզ է դառնում, թե ինչու է տարեսկզբին նախագահը կառավարությանը հանձնարարում 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել, բայց կառավարությունը 3.5-4 տոկոս աճ է ապահովում: Սկզբունքը նույնն է, փաստորեն, կառավարությունում էլ են Սերժ Սարգսյանի հնչեցրած թվերին այս կերպ վերաբերվում` «դե հիմա մարդ է, մի բան ասել է...»:

 

Ստացվում է նաև, որ ՕԵԿ-ը միշտ չէ, որ ժողովրդի կողքին է, օրինակ այս դեպքում` կենսաթոշակային բարեփոխումների հարցում, ՕԵԿ-ը ժողովրդի կամ գոնե նրա ճնշող մեծամասնության`80 տոկոսի կողքի չի լինելու, այս դեպքում ժողովուրդը մնացյալ 20 տոկոսն են, ովքեր բացահայտ դեմ չեն արտահայտվում բարեփոխումներին: Ինչ վերաբերում է ժողովրդի կողքին ու ժողովրդի հետ լինելուն, ապա Արթուր Բաղդասարյանը կոչ արեց վերցնել ու կարդալ, թե վերջին 2 տարում ՕԵԿ-ը քանի օրինագիծ է ներկայացրել ԱԺ, որ քննարկվել ու քվեարկվել են, ու դրանք որքան են օգուտ տվել մարդկանց: 

 

«Ես ինքս էլ` որպես ՕԵԿ նախագահ, ինչ անում եմ պետական պաշտոնի շրջանակներում, կամ ինչ անում ենք մենք մեր պարտնյորների հետ միասին, անում ենք մեր հայրենիքի համար, մեր ժողովրդի համար»,- խոսքը եզրափակեց Արթուր Բաղդասարյանը: