կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-12 17:13
Հասարակություն

Էդգար Մանուչարյանը ''հրաշքով պրծավ'' բանակից

Էդգար Մանուչարյանը ''հրաշքով պրծավ'' բանակից

Էդգար Վագրիկի Մանուչարյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին. նշվում է վաղը կառավարության հաստատմանը ներկայացվելիք' ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկ Էդգար Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագծում։

 

Հավանաբար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում այնքան են «կարեւորել» ֆուտբոլիստի խաղը, այնքան են գերված եղել նրա խաղով, որ մոռացել են' 1987 թվականին ծնված Էդգար Մանուչարյանը ՀՀ քաղաքացի է, զինապարտ եւ, պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքով, պետք պարտադիր զինվորական ծառայություն անցնի, եթե նրան այդ ծառայությունից տարկետում չեն տվել կամ նախկինում տրված տարկետումը չեն երկարաձգել:

 

Էդգար Մանուչարյանին, իհարկե, կառավարության` 2012 թվականի ապրիլի 12-ի № 434 Ա որոշմամբ արդեն իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել, բայց մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը: Այսինքն' նրան տրված տարկետման ժամկետը լրացել էր դեռեւս անցյալ տարվա գարնանային զորակոչի ժամանակ, ու նրան 2013 թվականի գարնանային զորակոչի ժամանակ  պետք է զորակոչած լինեին ծառայության, ժողովրդական տարբերակով ասած' բանակ տարած լինեին կամ երկարաձգեին տարկետումը:

 

Այն ժամանակ տարկետումը չեն երկարաձգել ու նրան բանակ էլ չեն տարել: Ստացվում է, որ Էդգար Մանուչարյանը «հրաշքով է պրծել» բանակից, հետո էլ' բանակից խուսափելու մեղադրանքով' հետախուզումից: Ստացվում է` նախորդ տարվա գարնանային զորակոչից մինչեւ ձմեռային զորակոչ' մինչեւ այժմ, Էդգար Մանուչարյանը «ապօրինի խուսափել է» բանակից: Որովհետեւ միայն կառավարության վաղվա նիստում է սպորտի եւ երիտասարդյության հարցերով նախարար Յուրի Վարդանյանը կառավարության հաստատմանը ներկայացնելու Էդգար Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայությունից ոչ թե տարկետում տալու, այլ ընդանրապես ազատելու մասին որոշման նախագիծը, քանի որ ֆուտբոլիստի 27 տարին լրացել է 2014 թվականի հունվարի 19-ին, եւ այլեւս հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը: