Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մայիսի 22-ին Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, թե «Արմավիա» ավիաընկերության դեմ դատական հայց է ներկայացվել:
Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության՝ օդի հարկի գանձումների հետ կապված:
Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին` ապրիլի 1-ից չվերթերը դադարեցնելու մասին «Արմավիա» ավիափոխադրողի հայտարարությունից մի քանի ամիս առաջ, yerkir.am-ը ընդարձակ հրապարակմամբ ներկայացրել էր, թե ինչ գործընթացներ են ծավալվում «Արմավիա» ընկերության շուրջ: 2012 թվականի նոյեմբերին Yerkir.am-ը նշել էր, որ «Արմավիա»-ի պարտքերի չափի մասին ոչ ոք կոնկրետ բան չգիտի:
Գիտեինք, որ 2012 թվականի նոյեմբեր 23-ի դրությամբ «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնին պարտք էր 93 մլն դրամ: Գիտեինք նաեւ, որ «Արմավիան» խոշոր պարտքեր ուներ «Զվարթնոց» օդանավակայանին, որոնք պարբերաբար պատճառ էին դառնում այս երկու ընկերությունների միջեւ լարված իրավիճակների: yerkir.am-ի տեղեկություններով` ընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանին, 2012 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ, պարտք էր 3.5 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումար: Տեղեկություններ ունեինք, որ «Արմավիան» պարտք է նաեւ ՀՀ-ին` 19 միլիարդ դրամ` մոտ 470 միլիոն ԱՄՆ դոլար, հարկային պարտավորությունների գծով, որը հարկային մարմիններից ճշտել մեզ այդպես էլ չէր հաջողվել:
Օրերս, ինչպես գրում է «Հայոց աշխարհ» օրաթերթը, ընկերությունը հրապարակել էր պարտքերի ու տույժերի ցանկը, որի համաձայն, օդի պետական տուրքը կազմել էր 5 489 160 000 դրամ, իսկ տույժը` 16 208 653 000 դրամ: Սա դեռ «վերնագիրն է», ինչպես ասում են: Թե դեռ որքան պարտքեր կբացահատվեն, դեռ հարց է, որովհետեւ հստակ չգիտենք, թե ընկերությունն ինչքան պարտք ուներ «Աերոնավիգացիա»-ին, «Ավիաբուժին», տեխնիկական սպասարկման համար, վառելիքի համար, ընկերության աշխատողների աշխատավարձերի համար: Սա միայն Հայաստանում, իսկ դրսի մասին առհասարակ ոչինչ չգիտենք:
Ակնհայտ է մեկ բան. գրել էինք նաեւ, որ Այս դեպքում Հայաստանի համար ստեղծվում է շատ բարդ իրավիկակ: Որովհետեւ այդ դեպքում «Արմավիայի» պարտքերը ստիպված կլինի Հայաստանի Հանրապետությունը փակել: Որովհետեւ լիցենզավորող մարմինը, որն այս դեպքում ՀՀ կառավարությունն է, պատասխանատվություն է կրում լիցենզավորված ֆիզիկական կամ իրավաբանական անձի կատարած եւ չկատարած պարտավորությունների համար: Ու եթե լիցենզավորված «Արմավիան» սնանկ ճանաչվի, ապա նրա պարքերը պետք է ՀՀ կառավարությունը փակի:
Այստեղ կա մի հետաքրքիր հանգամանք. Չնայած թռիչքները դադարեցնելու և սնանկացման գործընթաց սկսելու մասին հայտարարությանը` դրանից մեկ ամիս հետո էլ «Արմավիան» ոչ միայն իրեն սնանկ ճանաչելու մասին դիմումով դատարան չէր դիմել, այլեւ մի նոր` «փրկության ծրագիր» էր մշակել, ըստ որի` առաջարկում էր վերացնել «օդի համար» վճարվող գումարը, որը կազմում է 10 հազար դրամ եւ մտնում է ավիատոմսի արժեքի մեջ, ամենաքիչը 30 տոկոս զեղջ սահմանել Հայաստանի տարածքում գործող օդանավակայաններում մատուցվող ծառայությունների համար, ավիաընկերությանը ինքնուրույն ավիավառելիք բերելու հնարավորություն տալ եւ այլն:
Սակայն Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին այս առումով ասել էր, որ «Արմավիա»-ի առաջադրած պահանջները իրատեսական են, կառավարությունը համապատասխան ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում կարող է իրագործել դրանք, մինչդեռ հարց է` արդյո՞ք «Արմավիա»-ն նման առավելություններ ստանալուց հետո կկարողանա վերսկսել աշխատանքը: Նրա կարծիքով, ընկերության կուտակած միլիոնավոր դոլարների հասնող պարտքերը դա անհնար են դարձնում:
Ամեն ինչ հասկանալի է` կառավարությունն այլեւս չի վստահում ընկերությանը: Ուստի ամենեւին էլ զարմանալի չէ, որ պետական մարմինները շտապեցին դատի տալ ավիաընկերությանը, որպեսզի դատական գործընթացների ժամանակ իրենք էլ հանդես գան, որպես տուժող կողմ, այլ ոչ որպես ինքնին պահանջ չունեցող, բայց գործին առնչակից երրորդ կողմ…
Ինչպես նշել էինք նախկինում, «Արմավիայի» գործում հետաքրքիր զարգացումները սրանով դեռ չեն սահմանափակվում:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ