Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
1969 թվականին` Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին, «Հայֆիլմ» կինոստուդիան որոշում է նկարահանել մի կինոալմանախ, որում ընդգրկվելու էին գրողի երեք ստեղծագործությունները: Դրանց թվում էր նաև «Աղքատի պատիվը» պատմվածքը: Պատմվածքը սցենարի վերածելու աշխատանքները ստանձնում է Հրանտ Մաթևոսյանը: Սակայն հենց սկզբից ի հայտ են գալիս տարաձայնություններ, մասնավորապես` այն հարցի շուրջ, թե ո՞ւմ պետք է վստահել ֆիլմի նկարահանումները: Պարզվում է, որ կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի թեկնածությունը ոչ բոլորի սրտով էր: Եվ այդ ժամանակ Հրանտ Մաթևոսյանը մի նամակ է հղում ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանին: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
«Հարգելի Գևորգ Արմենակովիչ,
Ես տեղյակ եմ, որ հիմա Ձեզ մոտ վճռվում է «Աղքատի պատվի» և Բագրատ Հովհաննիսյանի բախտը: Որպես սցենարի հեղինակ, Թումանյանին շատ սիրող և Բագրատ Հովհաննիսյանի ստեղծագործական կարողությունները լավ ճանաչող մեկը, ես Ձեզ հայտնում եմ, որ սցենարը ես գրել եմ միմիայն Բագրատ Հովհաննիսյանի համար, և կարծում եմ, որ պետք է նկարահանի միայն նա: Այդ մասին ես գրավոր հայտնել եմ ստուդիայի դիրեկտորին:
Այլ մարդու հանձնելու դեպքում ես իմ սցենարը ետ կվերցնեմ:
Ձեզ խորապես հարգող` Հրանտ Մաթևոսյան:
21. 4. 1969 թ.»:
Դժվար է այժմ միանշանակորեն պնդել, թե հատկապես մեծ գրողի այս վերջնագրային նամակը վճռորոշ դեր խաղաց խնդրի դրական լուծման համար, սակայն նաև փաստ է, որ «Աղքատի պատիվը» կինոնկարի ռեժիսորը դարձավ Բագրատ Հովհաննիսյանը, իսկ ֆիլմը էկրան բարձրացավ 1971 թվականին:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ