կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 12:57
Իրավական

Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու սպանության գործը ծածկադմփո՞ց են անում

Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու սպանության գործը ծածկադմփո՞ց են անում

Գրող, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու` Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության գործը հնարավոր է նոր ընթացք ստանա, եթե դիակի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացվի: Այս կարծիքին է Մաթևոսյանի սպանության գործով մեղադրյալ Տիգրան Մելիքյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

 

Նրա խոսքով` Թովմաս Մաթևոսյանի դիակի հերձմամբ հայտնի է դարձել, որ նա մահացել է ներքին արյունահոսության հետևանքով, իսկ վկայի պատմածով` իր պաշտպանյալը վատագույն դեպքում մարմնական վնասվածք է հասցրել Մաթևոսյանին:

 

Ըստ Աթանեսյանի` բոլոր գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ նման քանակի արյուն կարող է կուտակվել օրգանիզմում 3-4 ժամվա ընթացքում, սակայն, ըստ գործի նյութերի, Մաթևորսյանն իբր մահացել է դանակահարությունից 20 րոպե անց: Բացի այդ` հիվանդանոցում բժիշկները կատարել են ադրենալինի ներարկում, ինչը ներքին արյունահոսության պայմաններում խստիվ արգելված է: Ըստ փաստաբանի` Մաթևոսյանի մահվան պատճառը հենց այդ ներարկումն է, այսինքն` բժշկական սխալը:

 

Անդրադառնալով բուն դատավարությանը` Աթանեսյանը նշեց, որ մինչև հունվար դատաքննությունն ընթացել է բնականոն հունով, սակայն հունվարից հետո գործը քննող դատավոր Աղասի Մկոյանը այլ դատարան տեղափոխվելու պատճառով արագացրել է գործի քննությունը: Նրա խոսքով` այս գործով ստեղծվել է մի իրավիճակ, որն աննախադեպ է Հայաստանի դատական համակարգում:

 

«Այս գործով դատավոր Աղասի Մկոյանը վերջին 7-8 տարին քաղաքացիական գործեր է քննել Սպիտակի դատարանում: Երբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկին տեղափոխեցին Երևան, Մկոյանը մասնագիտացումը փոխեց և փոխարինեց նրան: Դեկտեմբերին, երբ հանրապետությունում նոր դատավորներ նշանակվեցին, այդ թվում` նաև Լոռու դատարանում, որոշում կայացվեց Աղասի Մկոյանին կրկին տեղափոխել`  քաղգործեր քննելու: Իսկ այժմ նրա` քրեական մասնագիտացումը Լոռու դատարանում տևելու է մինչև ապրիլի սկիզբը»,- ասաց նա:

 

Փաստաբանը հակված է այն կարծիքին, որ դատավորը ցանկանում է շուտափույթ ավարտել այս գործի դատաքննությունը: «Եթե մինչ այդ նիստերը նշանակում էր մեկ շաբաթը կամ 10 օրը մեկ, ապա այժմ երկու օրը մեկ նիստ է նշանակում: Վերջին նիստերից մեկին, երբ չէի կարողացել ներկայանալ, դատավորն իմ պաշտպանյալին զգուշացրել էր, որ կզրկի պաշտպանության հնարավորությունից: Ներքին կարգով գիտենք, որ մեր ցանկացած միջնորդություն մերժելու է, մասնավորապես մեր` կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբանը և հավելեց. «Աշխատանքային անցուդարձի կազմակերպման պատճառով, խախտելով դատավորական նորմերը, գործը ծածկադմփոց են անում և պատրաստվում են մարդուն դատապարտել մի հանցանքի համար, որը շատ հնարավոր է` չի կատարել»:

 

Դիմելով դատական համակարգի ղեկավարներին` Աթանեսյանն առաջարկեց դատավոր Մկոյանին թողնել` քրեական գործեր քննի, կամ այս գործը փոխանցել այլ դատավորի: