Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանական մեծամասնությունը հավանություն տվեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմը 7-ից 11 դարձնելու և դրանում ՀՀԿ-ի ներկայացուցիչների թիվը 2-ի փոխարեն 5-ը դարձնելու` Գալուստ Սահակյանի առաջարկությանը: ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը` ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, դեմ են արտահայտվել առաջարկվող այս փոփոխությանը, բայց, բախվելով մեծամասնության անդրդվելիությանը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Առաջարկությունն անցնելուց հետո այս ուժերը հայտարարել են, որ դադարեցնում են իրենց մասնակցությունը հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովը, որը իրավազոր է դառնում էլեկտրոնային քվեարկության անհնարինության, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ նախատեսվում է քվեաթերթիկների միջոցով փակ գաղտնի քվեարկություն, ֆորմալ առումով ոչ իշխանական ուժերի բոյկոտից չի տուժի: ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները քվորում կապահովեն: Պարզապես դա կլինի ոչ թե ԱԺ-ի, այլ կոալիցիայի հաշվիչ հանձնաժողովը:
Որ ՀՀԿ-ն գնալու էր սրան, պարզ էր դեռ դեկտեմբերին: Անցած տարեվերջին հանձնաժողովում որակյալ մեծամասնություն կազմող 4 ոչ իշխանական ուժերը հայտարարեցին հայ-ռուսական կապիտուլյացիոն գազային պայմանագրերը վավերացնելու քվեարկության` հաշվիչ հանձնաժողովի նախագահի հրապարակած արդյունքները չճանաչելու մասին: Ավելի ուշ, օգտվելով առիթից, որ հանձնաժողովում թվային գերակշռություն ունեն իշխանության նկատմամբ, նրանք հանձնաժողովի նախագահ ընտրեցին ՀԱԿ-ը ներկայացնող Լյուդմիլա Սարգսյանին: Փաստորեն, այս փոփոխությամբ ՀՀԿ-ն ապահովագրեց իրեն` հետագայում նորից փաստի առջև չկանգնելու, բայց ամենակարևորը` նախադեպ թույլ չտալու համար: Մտավախությունն այն էր, որ նույն եղանակով ոչ իշխանական ուժերը կարող են հետագայում տապալել նաև ԱԺ նախագահի, փոխնախագահների ընտրությունը, որի հետեւանքով կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ առանցքային քաղաքական որոշումներ կայացնելիս խորհրդարանում կստեղծվի խիստ քաոսային, անվերահսկելի դրություն: Իրականում, սակայն, նման խնդիր չի կարող առաջանալ: Հաշվիչ հանձնաժողովն ընդամենը ձայներ հաշվող ինստիտուտ է, այլ ոչ թե որոշում կայացնող: Դեկտեմբերին ԱԺ նախագահը գազային համաձայնագրերը վավերացված համարեց և ստորագրեց` լրիվ անտեսելով այն հանգամանքը, որ հաշվիչ հանձնաժողովը քվորում չուներ` ձեռքով քվեարկության արդյունքները հաստատելու համար: Այսինքն` եթե քաղաքական մեծամասնությունն ունի որևէ բան անցկացնելու քաղաքական հանձնարարություն, ապա նման «մանրուքները» չեն կարող խանգարել: Ի՞նչ տարբերություն` ի վերջո, հաշվիչ հանձնաժողովը գազային համաձայնագրերի վավերացման քվեակության օրինականությո՞ւնն է հարցականի տակ դնում, թե՞, ասենք, ԱԺ փոխնախագահի ընտրության: Միևնույն է` եթե պահանջ է դրված, Հովիկ Աբրահամյանը ստորագրելու է որոշումը` անկախ նրանից` առկա՞ է դրա իրավական հիմքը, թե՞ ոչ:
Մինչդեռ գնալով հաշվիչ հանձնաժողովի ձևավորման մեխանիզմի և ուժերի հարաբերակցության փոփոխությանը` ԱԺ մեծամասնությունը, բառի բուն իմաստով, հաստատեց, որ 4 ոչ իշխանական ուժերի պնդումները, հաշվիչ հանձնաժողովի քվորումի բացակայության և համաձայնագրերի քվեարկության արդյունքների անվավերության հետ կապված, ճիշտ են: Որովհետև եթե քվորումի բացակայություն չէր եղել, և, ասենք, հանձնաժողովի 7 անդամներից միայն 3-ի ստորագրությամբ ներկայացված տվյալները օրինական էին, ապա ոչինչ չէր խանգարում նույն պրակտիկան շարունակել նաև հետայսու և ձեռնպահ մնալ խորհրդարանում ավելորդ քաղաքական շահարկումներից: ԱԺ մեծամասնությունն այսպիսով հաստատեց, որ երեք հոգով 7-ի փոխարեն արձանագրություն կազմելը, որոշում ընդունելը ապօրինի է: Այստեղ զուտ խորհրդարանը վերահսկելու խնդիրը չէ, այլ, առհասարակ, ոչ իշխանական ճամբարին քաղաքական որոշումների վրա ներգործելու հնարավոր բոլոր լծակներից հետևողականորեն զրկելու խնդիր:
ՀՀԿ-ն աստիճանաբար հրաժարվում է ԵԽ-ի առջև ավելի քան 6 տարի առաջ ստանձնած այն հանձնառություններից, որոնք վերաբերում են քաղաքական ընդդիմության հետ երկխոսության ապահովմանը, նրանց ինքնաիրացման համար լրացուցիչ լիազորություններ ապահովելուն և քաղաքական իրավունքների ավելացմանը: Այդ հանձնառությունները ՀՀ իշխանությունը ստանձնել էր ԵԽԽՎ 1609, ապա` 1677 բանաձևերով: Ընդդիմության իրավունքների դեմ առաջին արշավանքները սկսվեցին էթիկայի հանձնաժողովի կազմի ձևավորման և ուժերի հարաբերակցության մեխանիզմները փոխելու տեսքով, որի հետևանքով այդ հանձնաժողովն ուղղակի վերածվեց խորհրդարանի հիվանդ կույր աղիքի: Երկրորդն ընդդիմության` արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությունները արհեստականորեն տապալելու մարտավարությունն էր` քվորում չապահովելու միջոցով, որին զոհ գնացին թե' Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, թե' կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու նախաձեռնությունները: Ներկայումս տեղի է ունենում երրորդ հարվածը` զուտ տեխնիկական խնդիր լուծելուն կոչված հաշվիչ հանձնաժողովում ընդդիմության իրավունքները սահմանափակելու միջոցով: Եվ դատելով ԱԺ մեծամասնության վերցրած կուրսից` այս միտումը կլինի շարունակական:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ