Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է․
Այս տարվա դասագրքերի մրցույթում, ինչպես նախորդ տարի, մի շարք առարկաներից հաղթող դասագրքեր չեղան: Այսպես, օրինակ, «Հայոց պատմություն-10» առարկայի դասագրքի ստեղծման հայտ էր ներկայացրել մեկ կազմակերպություն` «Զանգակ-97» ՍՊԸ-ն, որի կողմից ներկայացված դասագիրքը, սակայն, չերաշխավորվեց ԿԳՄՍՆ-ի կողմից․ համաձայն պաշտոնական պարզաբանման` դասագիրքը չի հաղթահարել սահմանված անցողիկ շեմը:
ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշում է, թե նախապես ենթադրում էր, որ կարող է դասագրքի իրենց հայտը մերժվել:
Դասագրքի հեղինակային կազմում ընդգրկված են ԳԱԱ Պատմության, Արեւելագիտության ինստիտուտների, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մասնագետներ, պատմաբաններ։ «Բավական մեծ խումբ, որովհետեւ պետք է գրվեր ամբողջական հայոց պետականության պատմություն: Աշխատանքը որքան հետաքրքրական էր, նույնքան էլ` դժվարին, քանի որ ենթադրում էր ամբողջական հայոց պետականության պատմության շարադրում` սկզբից մինչեւ մեր օրերը: Մենք մասնագիտական ունակությունների խնդիրը խիստ կարեւորեցինք, որ յուրաքանչյուր մասնագիտական շրջան պետք է ներկայացնի այն մասնագետը, որը տվյալ դարաշրջանով զբաղվել է, դրա համար էլ ստացվեց մեծ խումբ»,-ասում է Ա. Մելքոնյանն ու անդրադառնում նախարարության մերժման փաստին. «Մերժումը հենց տեղադրվեց կայքում, մենք նամակ գրեցինք նախարարություն` պարզելու համար, թե ինչն է պատճառը: Արդեն ստացել ենք գրավոր պատասխանը, որտեղ նշված է, որ, ընդհանուր առմամբ, դասագիրքը բավականին հաջողված է, բայց անհրաժեշտ պահանջներին` կապված չափորոշիչների, բովանդակության, մեթոդաբանության եւ մի շարք այլ պայմանների հետ, չի համապատասխանում ու դրա համար մերժվել է»:
Այլ կերպ ասած` ընդհանուր ձեւակերպումներ եւ ոչ մի կոնկրետություն. «Այո, եթե, օրինակ, նշվեին կոնկրետ դիտողություններ, ինչպես մենք արեցինք անցած տարի 7-րդ դասարանի հայոց պատմության եւ այս տարվա 8-րդ դասարանի հայոց պատմության դասագրքերի հետ կապված, որ, օրինակ, այսպիսի փաստական սխալներ կան, այստեղ մեթոդաբանական սխալ կա, այստեղ բովանդակային անհամապատասխանություն եւ այլն..., բայց մեր դասագրքի դեպքում ոչ մի կոնկրետ դիտողություն չի նշվել` ըստ էջերի, պարբերությունների, ուղղակի ընդհանուր ձեւակերպումներով մերժել էին մեր հայտը»:
Ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ նախարարությունը մերժել է գրեթե ողջ պատմագիտական համայնքի կողմից գրված դասագրքի հայտը, արդյո՞ք այսկերպ ԿԳՄՍՆ-ն պատժում է նույն այն պատմաբաններին, որոնք անցած տարի մեծ աղմուկ բարձրացրին ու նախարարությունից մինչ օրս պահանջում են դպրոցներից հանել 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը։ «Չեմ բացառում, որովհետեւ այդ հանգամանքն ակնհայտ է, եւ նախորդ անգամ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի վերաբերյալ 100-ից ավելի պատմաբաններ, հանրապետությունում գրեթե բոլոր ճանաչված մասնագետները ստորագրեցին եւ պահանջեցին, որ այդ դասագիրքը հանվի շրջանառությունից: Սակայն նախարարությունը որոշեց այդ դասագիրքը պահել շրջանառության մեջ ու մեզ էլ նախատեց, որ մենք միայն քննադատում ենք եւ չենք մասնակցում մրցույթին, նշելով, որ ճանաչված եւ ոչ ճանաչված մասնագետներ միայն քննադատում են, իսկ ինչո՞ւ չեն գրում իրենք... ահա՝ մենք գրեցինք եւ տեսանք, թե արդյունքն ինչ եղավ...»,- նկատում է Ա. Մելքոնյանը:
Թե ինչ քայլեր են ձեռնարկելու, Պատմության ինստիտուտի տնօրենն ասում է` առաջիկայում պետք է հավաքվեն դասագրքի հեղինակային ողջ կազմով եւ որոշեն իրենց անելիքը. «Մի բան պարզ է, որ 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հետ կապված՝ կարծես նոր սկանդալ է հասունանում, որի հեղինակը դարձյալ Սմբատ Հովհաննիսյանն է: Դասագիրքը սկզբում մերժվել էր, բայց հետո հանկարծ ընդունվել էր` ինչ-ինչ բարելավումներից հետո: Բայց դասագիրքը փորձաքննած մասնագետները կարծիք էին գրել, որ այն ընդունելի չէ, ավելին` թե՛ բովանդակային, թե՛ մեթոդաբանական առումով բավականին սխալաշատ դասագիրք է, ու, զարմանալիորեն, այն դիտողությունները, որոնք արվել էին հեղինակային խմբի կողմից, հայտնվել են հեղինակի մոտ, որոնք դասագրքում հաշվի են առնվել հեղինակի կողմից: Հիմա մեզ համար շատ տարօրինակ է, որ թե՛ 7-րդ, թե՛ 8-րդ դասարանների Հայոց պատմության դասագրքերը միայնակ գրում է մեկ անձնավորություն` Սմբատ Հովհաննիսյանը, ով Հայոց պատմության մասնագետ էլ չէ, այլ ֆրանսիական անալների դպրոցի մասնագետ է․ կա այդպիսի պատմագիտական ուղղություն, որը կարեւորում է, այսպես ասած, ժամանակագրական պատմության շարադրանքը: Ես հենց նախարարի ներկայությամբ եմ նրան ասել, որ Դուք, լինելով այս խնդիրների մասնագետը, ինչպե՞ս եք համարձակվել միայնակ վերցնել ու գրել Հայոց պատմության դասագիրք...»: