կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-01-31 12:54
Առանց Կատեգորիա

Եթե նախագահը բողոքեր

Եթե նախագահը բողոքեր

Ս. Սարգսյանն արդեն ավանդույթ է դարձրել` ասուլիսներ տալ միայն դրսում: Հատկապես ԵԺԿ-ի հետ ասոցացվելուց հետո իր երկրի ներսում ասուլիս տալը բավական «նեղ» է գալիս հանրապետական նախագահի վրա, և այդ նեղությունը նա ողորմածաբար դնում է շարմազանովների ու գսահակյանների ուսերին. ներսինների համար դրանք էլ են շատ: Մինչդեռ եվրոպացիները` ուրիշ բան: Նրանց մոտ կարելի է մամուլի ասուլիս տալ, և միակ պայմանն այն է, որ հնչեն գլոբալ հարցեր, այլ ոչ թե տեղական նշանակության ինչ-որ քրթմնջոցներ, ինչպես դա պատահեց Պրահայում:

 

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ի պատասխան, նախագահը հայտարարեց, որ ինքը բողոքողներից չէ, և դա ասաց այնքան ինքնագոհ տեսքով ու ձայնով, որ մնում էր ընդամենը նախանձել: Նախանձել, որ ահա այսպիսի անբողոքավոր ղեկավար ունենք: Կրթությամբ բանասեր նախագահի բառարանում բողոքելը, ամենայն հավանականությամբ, հոմանիշ է միայն քրթմնջալուն, նվնվալուն, մինչդեռ բողոքել ամենից առաջ նշանակում է ընդդիմանալ և ընդվզել: Նույն Պրահայում և նույն օրը նախագահ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունից դժգոհ մեր հայրենակիցների կազմակերպած բողոքի ակցիան (աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայան)՝ ապացույց:

 

Բողոքի՛ր, պարո՛ն նախագահ: Այդ բողոքավորները խնդրարկուներ կամ գանգատավորներ չէին, որ եկել էին ինչ-որ բան հայցելու: Նրանք պահանջատերեր էին և արժանապատվորեն իրենց պահանջներն էին դնում նախագահի առջև՝ իբրև երկրի ղեկավարի: Հետևաբար, երբ Ս. Սարգսյանն ասում է` ես բողոքողներից չեմ, հանրությունն այդ խոսքն ընկալում է բացառապես այն նշանակությամբ, թե նախագահը ո՛չ ունակ է ըստ հարկի ընդդիմանալու, ո՛չ էլ, առավել ևս, ընդվզելու: Օրինակ` Ռուսիո տիրակալի մոտ:

 

Բայց երբ վերոհիշյալ լրագրողը հարցնում է` ինչո՞ւ չեք բողոքում, որ ձեր ռազմավարական դաշնակիցը հսկայական քանակությամբ զենք-զինամթերք է վաճառում թշնամական երկրին, և նախագահը պատասխանում է` ես բողոքողներից չեմ, այլ բան մտածել, քան որ երկրիդ նախագահն անճարպիկ ու ամոթալի կերպով խուսափում է անցանկալի հարցին ուղղակի պատասխանելուց, չես կարողանում: Մինչդեռ ուր էր թե նախագահը հենց բողոքո՛ղ տեսակից լիներ` բողոքեր, ասել է թե՝ ընդվզեր երկրում տիրող անարդարությունների դեմ, ընդդիմանար հսկայածավալ արտագաղթին, սոցիալական թշվառությանն ու անհաղթահարելի կարիքին, ըմբոստանար բարեկամ երկրի անբարյացակամ գործելակերպի դեմ, բողոքելով չնվաստանար ուժի ու բրտության առջև: Եվ հարկավոր չափով բողոքական նախագահ ունենալու պարագայում մեր բողոքներն էլ, անկասկած, շատ ավելի քիչ կլինեին:

 

Լ. Ս.