կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 13:27
Քաղաքական

Ինձ համար դժվար է կրճատել յուրաքանչյուրին` այգեպան լինի, թե` հավաքարար. Հրայր Թովմասյան

Ինձ համար դժվար է կրճատել յուրաքանչյուրին` այգեպան լինի, թե` հավաքարար. Հրայր Թովմասյան

Այսօր ԱԺ-ում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ծախսերի օպտիմալացման հարցին՝ նախ շեշտելով, որ այդ հայտարարությունն արել է կառավարությունը, իսկ ԱԺ-ն ինքնուրույն գործող կառույց է, եւ ԱԺ-ում խնայողություններ վաղուց են արվում:

«Գործողումների մասով, ցավոք, երբեմն ինքս եմ անհարմար վիճակում հայտնվում, որովհետև խնդրում եմ պատգամավորներին, որ եվրոպական երկիր մեկնեն ոչ մեկ կանգառով՝ Երևան և X երկիր: ԱԺ-ի որևէ փոխնախագահ կամ հանձնաժողովի նախագահները երբեք չեն օգտվել բիզնես դասի տոմսերից, նույնիսկ առաջին տեղերից չեն օգտվել: Այս աշխատանքները կատարվել ու կատարվելու են»,- ասաց Թովմասյանը:

Ինչ վերաբերում է աշխատակազմի կրճատումներին, Թովմասյանը կարծում է, որ դա պետք է այնպես անել, որ ցնցումներ չլինեն: «Ինձ համար դժվար է հեռացնել և կրճատել յուրաքանչյուրին` այգեպան լինի, թե` հավաքարար: Լինում են դեպքեր, երբ անձի ոչ միայն կենսաթոշակային տարիքն է հասել, ավելին՝ 80 տարեկանին մոտ է, սակայն խնդրում է չհեռացնել և հնարավորություն տալ աշխատելու: Սոցիալական վատ պայմաններում դժվար է նման բան անել: Կրճատումները հիմնականում կատարվել են այն համատեքստում, որ թափուր աշխատատեղեր են եղել, սակայն դրանք այլևս չեն համալրվել: Կարծում եմ՝ հենց այս քաղաքականությամբ պետք է առաջնորդվել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե օպտիմալացումը կարող է հանգեցնել գործազրկության, Թովմասյանը պատասխանեց, որ եթե ֆորմալ առումով դիտարկեն, ապա` այո, այդ կրճատումների արդյունքում նման պատկեր կլինի:

«Բայց ի՞նչ եք առաջարկում` պահենք ավելորդ հաստիքնե՞ր: Արդյունավետ պետությունն արդյունավետ չինովնիկներն են, որոնց միջոցով կարողանում ես խնդիրներ լուծել»,- կարծիք հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը: