կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-25 21:32
Քաղաքական

ՀՀ ԱԺ չորս խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ՀՀ ԱԺ չորս խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

25 հունվարի 2014 թվական

 

            2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:

 

Սա նշանակում է, որ 1974-ին և դրանից հետո ծնված աշխատող անձինք չեն խախտել օրենքի պահանջը՝ մինչև 2014թ-ի հունվարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:

 

Բացի այդ՝ առնվազն մինչև 2014թ. մարտի 28-ը գործատուները կարող են չհաշվարկել և չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները՝ չկրելով որևէ պատասխանատվություն:

 

Ելնելով այս որոշման էությունից, վերահաստատելով օրենքի պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ համակարգված պայքարի կարևորությունը՝

 

Կոչ ենք անում

1. Գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում և փոխանցում մի կատարեք: Այլապես, աշխատակիցների փաստացի տնօրինվող աշխատավարձերը կնվազեն, աշխատակիցներին կստիպեք այս անորոշության մեջ ընտրություն կատարել կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև: Եվ եթե 2014թ. մարտի 28-ի դատաքննությամբ օրենքի վիճահարույց դրույթները ճանաչվեն սահմանադրությանը հակասող և անվավեր, դուք և ձեր աշխատակիցները կկրեք չվերականգնվող ֆինանսական կորուստներ:

 

2. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող բոլոր քաղաքացիներին՝ մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև, հորդորեք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն և չփոխանցեն:

 

3. Գործատուների միություններին և արհմիություններին՝ պաշտպանեք ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ,  թույլ մի տվեք որևէ մարմնի կողմից ձեր կազմակերպության անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում:

 

4.  ՀՀ պաշտոնատար անձանց, կառավարությանը և Կենտրոնական բանկին՝ դադարեցրեք ապատեղեկատվությունը քննարկվող օրենքի վերաբերյալ, ինչը մենք գնահատում ենք որպես բացահայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրա:

 

 

5. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին և պայքարող երիտասարդությանը՝ էլ ավելի համախմբված, լայն թափով շարունակեք պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելուն ուղղված գործողությունները:

 

6.Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կճանաչի պարտադիր բաղադրիչը Սահմանադրությանը հակասող և կառաջարկի խնդրի սահմանադրական լուծման այնպիսի տարբերակ, որը հաշվի կառնի կենսաթոշակային համակարգի առջև ծառացած բոլոր մարտահրավերները:

 

Մենք վճռական ենք շարունակել պայքարը կուտակային կենսաթոշալային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ:

 

ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններ՝

 

«Բարգավաճ Հայաստան»

« Ժառանգություն»

«ՀԱԿ»

«ՀՅԴ»