կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-16 10:58
Քաղաքական

Տարոն Մարգարյանը` Հայաստանի Բրեժնեւ

Տարոն Մարգարյանը` Հայաստանի Բրեժնեւ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրերս ընտրվել է Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս տեղեկատվության մեջ սենսացիոն է ոչ միայն Երեւանի քաղաքապետի կողմից իմաստուն խաղի ֆեդերացիայի նախագահ դառնալը, այլեւ այն, որ պարզվում է՝ Տարոն Մարգարյանը նաեւ շախմատ խաղալ գիտի: Ավելին, այդ խաղին տիրապետում է մանկուց: Իհարկե, այդ տեղեկատվության իսկությունը որեւէ կերպ հնարավոր չէ ճշտել, դա ոչ էլ կարեւոր է: Ինչպես որ հնարավոր չէ ճշտել (գոնե առայժմ)՝ իրականում իր թեկնածուական ատենախոսության մեջ քանի՞ տող է հեղինակել Տարոն Մարգարյանը, եթե ընդհանրապես որեւէ մասնակցություն ունեցել է, բացի ստորագրելուց:

Բայց էականը Տարոն Մարգարյանը չէ, ավելին, տպավորություն է, կարծես նրա շրջապատը, գուցե իշխանության վերնախավն ամբողջությամբ, որոշել է ծաղրի առարկա դարձնել Տարոնին, եւ դա առայժմ նրանց հաջողվում է: Խնդիրն այն է, սակայն, որ Տարոնին իրենից հեռու նման կոչումներ ու պաշտոններ շնորհելով՝ իշխանությունն ավելի շատ ծաղրում է հասարակությանը, քան Տարոն Մարգարյանին, ով հազիվ թե գիտակցում է, որ աստիճանաբար դառնում է «Հայաստանի Բրեժնեւը»: Տարոնին տնտեսագիտության թեկնածուի կոչում շնորհելով, այժմ էլ՝ «իմաստուն խաղի» մայրաքաղաքային ղեկավար դարձնելով՝ իշխանությունը հասարակությանը ցույց է տալիս իր վերաբերմունքը գիտության, շախմատի, ընդհանուր առմամբ՝ ինտելեկտի հետ կապված ցանկացած գործունեության նկատմամբ:

Իհարկե, խնդիրը ոչ միայն իշխանություններն են ու Տարոնը, այլ նաեւ նրան տնտեսագիտության թեկնածու «դարձնող» գիտնականներն ու նրան ղեկավար ընտրող շախմատիստները, բայց դա քննարկման այլ նյութ է: «Ինտելիգենցիայի» այդ խավի վարքագիծը նորություն չէ հասարակության համար, նրանք դոկտորի կոչում ու ՖԻԴԵ-ի հուշամեդալ կարող են տալ նույնիսկ ՀՀԿ-ի Գեւորիկին կամ Շմայսին, որովհետեւ գիտնականներից շատերը նույնպես «փաթթած ունեն», թե ինչ են մարդիկ մտածում իրենց մասին: 
Թե որքան ու մինչեւ ուր կարող է շարունակվել այս արժեքային դեգրադացիան, դժվար է ասել: Սակայն դատելով կոնկրետ Տարոն Մարգարյանի «կարիերայի աճի» արագությունից, պետք չէ բացառել, որ մի օր էլ հայտնի դառնա, որ իշխանությունը նրան պատրաստում է՝ որպես թեկնածու: Նախագահի: Հայաստանի Հանրապետության»։