կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 18:40
Առանց Կատեգորիա

Նախագահը մտածելու բան ունի

Նախագահը մտածելու բան ունի

Պաշտոնաթող նախագահը բարոյական իրավունք ունի քննադատելու գործող իշխանություններին, նույնիսկ եթե դրա ճարտարապետն է: Նա միշտ կարող է դա պատճառաբանել նրանով, թե իր հոգեզավակ իշխանությունը շեղվել է իր հունավորած ճանապարհից և գնում է լրիվ սխալ ուղղությամբ: Մինչդեռ իշխող քաղաքական ուժը, որը եղել է պաշտոնաթող նախագահի հենարանը, նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում արվածն ու չարվածը քննադատելու բարոյական իրավունքը չունի, այն պարզ պատճառով, որ ուղղակի և ամբողջական պատասխանատվություն է կրում դրանց համար: Քննադատել դա, նշանակում է խոստովանել, որ գիտակցաբար կատարել ես սխալներ և ոչինչ չես արել` դրանք կանխելու համար: Իսկ, ինչպես հայտնի է, հանցագործից ավելի հանցագործ է նա, ով միտումնավոր անգործություն է ցուցաբերել այն կանխելու հարցում:

 

Ըստ այդմ` ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին իր պաշտոնավարման շրջանում վարած տնտեսական քաղաքականության համար մեղադրելու բարոյական իրավունքը չունի, որովհետև այդ քաղաքականությունը վարվել է հենց իր միջոցով` միաժամանակ թե' օրենսդիր և թե' գործադիր իշխանությունների մակարդակով, որտեղ ՀՀԿ-ն միշտ կազմել է մեծամասնություն: Մինչդեռ Հանրապետական կուսակցության իսթեբլիշմենթը կա'մ չի ցանկանում ընդունել այս տարրական ճշմարտությունները, կա'մ, հասկանալով հանդերձ, մտնում է իր համար արգելված գոտի և արհեստական տեսարաններ, ինտրիգներ ստեղծում` նոր կեղծ օրակարգ առաջ քաշելու համար` թերևս անգամ ուշադրություն չդարձնելով, որ դրանով ուղղակի տկարամիտ է դարձնում քաղաքական ու քաղաքագիտական միտքը և պրակտիկան Հայաստանում:

 

Երբ Էդուարդ Շարմազանովը երկրորդ նախագահի քննադատություններին պատասխանում է` նրան համարելով «անցյալում մնացած», կարելի է հասկանալ: Դրանով հստակ քաղաքական վերաբերմունք է արտահայտվում ոչ թե Քոչարյանի հետ համատեղ անցյալին, այլ նրա նկրտումներին ու ապագայում համատեղվելու հեռանկարին: Բայց որևէ տրամաբանություն չունի, թե ինչու է, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչև 2008թ. իրականացված շինարարական քաղաքականությունը համարում փուչիկ, այն դեպքում, երբ, լինելով Կենտրոնական բանկի նախագահ, նաև ինքն է իր չափով փչել այն: Ցանկացած դեպքում դրանից չես փախչի: Հնարավոր չէ փախչել սեփական կենսագրությունից: Եթե գիտակցելով հանդերձ, որ այդ քաղաքականությունը վնասակար է, Տիգրան Սարգսյանը շարունակաբար փչել է այդ փուչիկը, մնում է եզրակացնել, որ նա դա արել է` առնվազն հասկանալով, որ այն անպայման պայթելու է` աղետաբեր հետևանքներով: Դրանից հետո որևէ նշանակություն չունի, թե որքան համոզիչ փաստարկներով ու գույնզգույն դիագրամներով է նա փորձելու հիմնավորել իր պնդումները շինարարության փուչիկի վնասակարության մասին: Ընդհակառակը` որքան դրանք տպավորիչ են արվում, այնքան տպավորիչ են դառնում սեփական սխալի կամ հանցավոր անգործության ծավալները:

 

Բայց վարչապետը գոնե այնքան խոհեմություն ունեցավ, որ Քոչարյանի առաջին արձագանքից հետո հարկ համարեց նշել, թե ինչպես ինքը, այնպես էլ ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում այդ ժամանակաշրջանում կատարվածի համար: Բայց երբ ինքն իրեն նույն ցեխի մեջ նետել է շտապում արդեն էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պարզ է դառնում, որ սկլերոզը` ոչ թե անհատական, այլ խմբակային, համակարգային երևույթ է ՀՀԿ-ում: Tert.am-ին տված հարցազրույցում այսօր Մովսիսյանը, արդարացնելու համար Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի ստորագրումը և ընդգծելու համար դրա առավելությունները, կրկին համեմատություններ է կատարել Քոչարյանի ժամանակաշրջանի հետ: «Պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքից այս գործարքը, մեղմ ասած, շահեկանորեն տարբերվում է: Տարբերվում է ոչ միայն նրանով, որ գոյացած պարտքի կեսն իր վրա վերցրեց ռուսական կողմը, կամ նրանով, որ երկարատև ժամանակահատվածի համար գազի գնի կանխատեսելի լինելը լուրջ ձեռքբերում է տնտեսության մեջ ներդրումների խթանման համար, այլ, որ սա իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետևից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների»,- ասել է նա: Մովսիսյանն այն քիչ նախարարներից է, որոնք վայելել են թե' նախորդ և թե' ներկայիս նախագահների վստահությունը, և միշտ եղել է իշխանական կոնյունկտուրայի մաս: Ավելին` նա էներգետիկայի ոլորտի նախարար է նշանակվել 2001-ին և պահպանել այդ պաշտոնն առ այսօր` չնայած այդ ընթացքում կառավարության կազմի բազմաթիվ փոփոխություններին: «Գույք պարտքի դիմաց» գործարքը, որը կատարվել է 2002թ., կայացել է ոչ միայն կառավարությունում նրա ներկայացվածության պարագայում, այլև նրա անմիջական մասնակցությամբ: Որովհետև այդ գործարքով, ի թիվս 5 խոշորագույն ձեռնարկությունների, ռուսներին է հանձնվել նաև Հրազդանի ՋԷԿ-ի ողջ գույքահամալիրը: 2006թ. արդեն Մովսիսյանի ամբողջական ներգրավվածությամբ ու մասնակցությամբ (որովհետև նա էր հիմնական բանակցողներից մեկը) ռուսների հետ կնքվեց այսպես կոչված «Գույք պարտքի դիմաց» գործարքը, որն ամբողջությամբ էներգետիկ ոլորտին էր առնչվում: Այդ գործարքով երեք տարի կայուն գնով ռուսական գազ ստանալու և 52 տոկոսով թանկացած գազը սպառողների համար սուբսիդավորելու դիմաց կառավարությունը «Գազպրոմ»-ին հանձնեց Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, Իրան-Հայաստան գազամուղը: 2006թ. ապրիլի 6-ին հրավիրած ասուլիսում պարոն Մովսիսյանն այս գործարքը որակեց լավագույններից մեկը` այն նույն բացատրություններով, որոնցով փորձում էր հիմնավորել գազային վերջին կապիտուլյացիոն համաձայնագրերի ստորագրումը:

 

Մովսիսյանը սկսել է խաղալ անսկզբունքայնության այս կրակի հետ` թերևս կարծելով, թե մեծ ծառայություն է մատուցում նախագահին և վարչապետին: Սակայն նա, վարչապետի պես, ընդամենը ինքն իրեն ծուղակն է գցել: Բանն այն է, որ նրանք երկուսով մտածելու լուրջ առիթ են տալիս արդեն Սերժ Սարգսյանին` եթե այսքան հեշտությամբ նրանք կարողանում են «տակառ գլորել» նախկին նախագահի վրա, ապա ի՞նչ են անելու իր հետ, եթե այսքանից հետո ինչ-որ հրաշքով ապագա նախագահը ցանկանա այսպիսի «հավատարիմ» կադրերի հետ գործ ունենալ: Սա պատասխանատվության կոռոզիայի ամենավառ դրսևորումն է, որից քայքայվում է ողջ կառավարման համակարգը: Ռոբերտ Քոչարյանն ինքը այս «ժանգի» զոհերից մեկն է: Որովհետև որոշ դեպքերում, քննադատության մեխը դնելով քննադատվող սուբյեկտի կամ անձի, տվյալ դեպքում` Տիգրան Սարգսյանի բարոյական կերպարի վրա, նա ուղղակի ցույց է տալիս, որ ժամանակին իրեն շրջապատել է նման կերպար ունեցող պաշտոնյաներով և այդ առումով վարել է անպատասխանատու կադրային քաղաքականություն:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ