կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 13:13
Տնտեսական

Տարածքային զարգացման անհամաչափությունն անհանգստացնող է. ՏԿ փոխնախարար

Տարածքային զարգացման անհամաչափությունն անհանգստացնող է. ՏԿ փոխնախարար

Երեւանը բեռնաթափելու համար որոշ գերատեսչություններ մարզեր տեղափոխելու ծրագրից նոր բան չկա, որ կարելի է ասել, ընդամենը ծրագիր է, որը կա, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում այդ բեռնաթափման ծրագիրը կիրականացվի. լրագրողներին այսօր ասաց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

 

Ինչ վերաբերում է տարածքների համաչափ զարգացման անհամամասնությանն ու արդյունքներին, ապա փոխնախարարը նշեց, որ պետբյուջեի միջոցներից իրականացվող կապիտալ ներդրումների միտումը վերջին տարիներին անընդհատ պահվել է հօգուտ մարզերի: Այսինքն' ավելի շատ ներրդումներ կատարվում են մարզերում` սկսած 2008 թվականից, քան Երեւանում:

 

«Այս խնդիրը, սակայն, չի կարելի ասել համախառն ներդրումների մասին: Որովհետեւ եթե պետական կապիտալ ներդրումներին միացվում են նաեւ մասնավոր ներդրումները կամ այլ ոլորտներից իրականացվող ներդրումները' այն բոլորը, որ պետական օղակի կարգավորման տիրույթում չեն, ցավոք, պատկերը փոխվում է: Այսինքն' այնուամենայնիվ, հետաքրքրությունը կամ մոտիվացիան Երեւանում դեռեւս մնում է շատ ավելի բարձր, քան մարզերում: Բնական ու բանական է, որ խնդիրը Երեւանում հետաքրքրությունը նվազեցնելու մեջ չէ, այլ մարզերում հետաքրքրությունը բարձրացնելու մեջ»,- նշեց փոխնախարարը:

 

Վաչե Տերտերյանը ասաց, թե երբ կապիտալ ներդրումների հոսքն ուղղվում է մարզեր, նաեւ ներդրումային հետաքրքրությունը բարձրացնելու  խնդիրը լուծելու փորձ է արվում' կառուցվում են ճանապարհներ, ոռոգման համակարգեր, որոշակի ենթակառուցվածքային խնդիրներ են լուծվում, ինչը, նշեց փոխնախարարը, իր հետեւից բերում է եւ կբերի ներդրումային հետաքրքրության աճ նաեւ մարզերում:

 

«Արդյունքները, իհարկե, ցանկալի էր, որ լինեին ավելի մեծ, բայց շատ ավելի մեծ արդյունքներ ստանալու համար, ըստ երեւույթին, պետք են շատ ավելի մեծ ռեսուրսներ: Մեր ռեսուրսների պարագայում մենք անում ենք այն, ինչ ունենք: Իրականում պետք է արձանագրել, որ տեղաշարժ ու փոփոխություն կա, այնուամենայնիվ: Մեր մարզերում այժմ ներդրումային որոշակի փոփոխություն է նկատվում' ներդրումային հետաքրքրություն. գյուղատնտեսական ոլորտում մենք արդեն ունենք լավ օրինակներ' տեխնոլոգիաների, արդյունագործական տեխնոլոգիաների ներդրման առումով»,- ասաց Վաչե Տերտերյանը:

 

Նրա ներկայացմամբ' մեծացել է նաեւ հետաքրքրությունը սահմանամերձ տարածքներում ժամանակակից գյուղատնտեսության, մասնավորապես' անասնապահության, ֆերմերային խոշոր տնտեսությունների ձեւավորման առումով: Փոխնախարարը նշեց նաեւ, թե անելիքներ կան, ու շատ վաղ է խոսել, թե հաջողվել է այդ անհամաչափությունը հաղթահարել, բայց հավելեց, թե ժամանակակից երկրներում դժվար է գտնել մի երկիր, որտեղ այդ համաչափությունը չկա:

 

«Այլ հարց է, թե այդ համաչափությունն ինչքան է, թե երկրի ընդհանուր տնտեսական վիճակն ինչպիսին է եւ այլն: Տարածքային զարգացման անհամաչափությունը բնորոշ է, առանց բացառության, բոլոր երկրներին, խնդիրը չափի ու որակի մեջ է: Մեզ մոտ, ցավոք սրտի, այդ անհամաչափությունը, եթե շատ մեղմ լինենք, անհանգստացնող է»,- եզրափակեց Վաչե Տերտերյանը: