կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-14 11:44
Հասարակություն

Կոմունալ ծախսերի չափը տեսնելով` քաղաքացիները ֆինանսական շոկ են ապրել

Կոմունալ ծախսերի չափը տեսնելով` քաղաքացիները ֆինանսական շոկ են ապրել

Ամանորյա ծախսերից հետո Հայաստանի քաղաքացիները դարձյալ ֆինանսական շոկ են ապրել` մի քանի օր առաջ ստացան իրենց կոմունալ ծախսերի չափը: Քաղաքացիները խաբված են զգում իրենց` դժգոհելով թե' գազի գներից, թե' գազի որակից: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

 

Նրա կարծիքով` եկել է ժամանակը, որ լրագրողները շատ լուրջ լրագրողական հետաքննություն անցկացնեն` պարզելու համար գազի իրական որակը և կալորիականությունը: Հիշեցնենք, որ Լյովա Խաչատրյանը գազի որակի հարցը բարձրացրել էր դեռ ԱԺ քննարկումների ժամանակ, երբ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրել էր գազային համաձայնագրերը: Այդ ժամանակ նախարարը համոզվածությամբ պատասխանել էր, թե գազի որակը շատ բարձր է, և դրա հետ կապված` որևէ խնդիր չկա:

 

«Ես հասարակ էքսպերիմենտ եմ անցկացրել. մի քանի բաժակ սուրճը միաժամանակ դրել ենք գազօջախին` այստեղ և Մոսկվայում: Եռման պրոցեսի տարբերությունը կազմել է մեկը` չորսի, այսինքն` Մոսկվայում եռման պահը 40 տոկոսով ավելի շուտ է եղել: Ինձ պետք չեն նախարարի բացատրությունները: Ինձ պետք է այն սուրճը, որը մարդը հասցնում է խմել, նոր գնալ աշխատանքի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը` հավելելով, որ շատ քաղաքացիներ արդեն հրաժարվել են գազով տաքանալուց, վառում են փայտ, աթար, որը նույնպես քաղաքացու գրպանին հասանելի չէ:

 

Դիտարկմանը, որ այս օրերին քաղաքացիների կոմունալ ծախսերի չափը հավասարվում է միջին աշխատավարձի չափին, և մարդիկ շվարած են, թե ինչպես են տալու այդ գումարները, պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ աշխատավարձի չափի մասին է խոսքը: Սովորական մարդն այդչափ աշխատավարձ անգամ չի ստանում»:

 

Պատգամավորը չկողմնորոշվեց այն հարցում` արդյո՞ք կոմունալ ծախսերը չվճարելու բոյկոտը ելք է ստեղծված իրավիճակից: «Չվճարեն, գալու են անջատեն, ո՞ւմ են քաղաքացիները հետաքրքրում: Իհարկե, եթե բոլոր քաղաքացիները համատարած չվճարեն, բոլորի դեմ մի քիչ դժվար կլինի ինչ-որ բան անել, որովհետև ցանկացած գործողություն, եթե կատարեն բոլորը, հաղթողը կլինի այդ «բոլորը»,- ասաց Լյովա Խաչատրյանը:

 

Ի դեպ, պատգամավորը նշեց, որ բոլորը խոսում են գազից, սակայն չեն խոսում էլեկտրաէներգիայից, թե ինչո՞ւ այն թանկացավ 30 տոկոսից ավելի, ու եթե անգամ 100 տոկոսով գազի վրա հիմնված լիներ էներգիայի արտադրությունը, այդ դեպքում էլ չէր կարող 30 տոկոսով էլեկտրաէներգիան թանկանալ, որովհետև ինքնարժեքի մեջ գազը 100 տոկոս չի կարող կազմել: