կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-14 17:27
Քաղաքական

Պիտի մի քիչ կարողանան էկոնոմիա անել. Գալուստ Սահակյանը` կոմունալ ծախսերի մասին

Պիտի մի քիչ կարողանան էկոնոմիա անել. Գալուստ Սահակյանը` կոմունալ ծախսերի մասին

Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով այս օրերին բնակչության հուզող սոցիալական թիվ մեկ խնդրի` կոմունալ ծախսերի մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց. «Իհարկե, դաժան բան է, բայց ավելի շատ շոկի մեջ կլինեին, եթե գազ չունենայինք: Բայց մենք այդ ժամանակաշրջանն էլ ենք տեսել»:

 

Պատգամավորի խոսքով` յուրաքանչյուր ապրանք ենթակա է վաճառքի, գնողները գնում են և փորձում լուծել իրենց երկրների խնդիրը:

 

Դիտարկմանը, որ ցուրտ ձմռան արդյունքում մարդկանց կոմունալ ծախսերը հավասարվել են միջին քաղաքացու աշխատավարձի չափերին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, դաժան է: Պիտի մի քիչ կարողանան էկոնոմիա անել, առավել ևս, կարծում եմ, որ էն 270 հազար մարդու աշխատավարձերը, որոնք կբարձրանան, մի քիչ կմեղմեն վիճակը»:

 

Պատգամավորի խոսքով` սոցիալապես անապահով խավերը, բնականաբար, այլ վարձավճարով են վճարելու կոմունալ ծախսերի դիմաց: «Սա է իրավիճակը, պետք է կարողանանք հաղթահարել: Մենք հաղթահարել ենք նորանկախ Հայաստանի 5 տարիները` առանց լույս, առանց գազ, բայց հաղթահարել ենք: Անկախության գինը դա է: Մարդիկ կան, որոնց գրպանները լցվեցին այն ժամանակ, երբ երկիրը անկախանում էր, ես կասեմ, որ երբ երկիրը անկախանում է, պետք է հոգիները լցվեն»,- ասաց պատգամավորը:

 

Դիտարկմանը, որ պատերազմի մութ ու ցուրտ տարիներին մարդիկ դիմացել են, որովհետև վաղվա օրվա նկատմամբ հույս են ունեցել, սակայն այժմ չունեն այդ հույսը, Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ հասարակությունը պետք է կարողանա դիմագրավել այդ դժվարությունները ու առավել վճռական լինել` երբեք չվարանելով, որ մի օր ամեն ինչ իր տեղը կընկնի: «Դրա համար պետք է աշխատել, շատ աշխատել: Պետք է հավատալ: Բայց երբ ասում եմ հավատալ, չի նշանակում` միայն իշխանություններին հավատալ: Քույրը եղբորը պետք է հավատա, հարևանը` հարևանին, ընկերը` ընկերոջը: Եթե Նարեկացի կարդացել եք, նա միստիկ էր... Ո՞ւմ գտնի, ի՞նչ անի հասարակությունը. մոտենում է Աստծուն ու հետ նահանջում: Հիմա ժողովրդի վիճակն էնպիսին է, որ մեղավոր է փնտրում, և դրանում կառավարությանն է մեղադրում»,- ասում է պատգամավորը:

 

Ըստ Գալուստ Սահակյանի` հիմա հնարավորություններն այլ են, այդ սահմաններում կատարվում են դրական աշխատանքներ: Պատգամավորը ուշադրություն է դարձրել նաև, որ հայ ազգ լինելը ուրիշ խնդիր է, հայ լինելը` ուրիշ: «Ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը հայ լիներ միշտ` անկախ, ուժեղ և վճռական»,- ասաց նա: