Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեկ շաբաթ առաջ է եղել Լեւոն Խեչոյանի մոտ, նստել ու զրուցել նրա հետ: Yerkir.am-ի հետ զրույցում Միլիտոնյանը նշեց, որ Խեչոյանի հետ վերջին զրույցը եղել է հիվանդանոցում, խոսել են ամեն ինչից:
«Խոսել ենք ընթացիկ գործերից, օրվա կյանքից, գրականությունից, մարդկանցից եւ, ամենակարեւորը, իր անտիպ գրքի հետ կապված, որոշ հարցեր ենք քննարկել: Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» անտիպ վեպն այս տարի լույս կտեսնի, պետպատվերի ծրագրում կա, «Անտարեսը» կհրատարակի այն: Խեչոյանի հետ քննարկեցինք գրքի հետ կապված ինչ-ինչ բաներ, եւ գիրքը կհրատարակվի` Խեչոյանի բոլոր դիտողությունները հաշվի առնելով»,- ասաց Միլիտոնյանը:
Ըստ նրա` ասել, թե Խեչոյանի մահը ծանր կորուստ էր մեզ համար, քիչ կլինի, քանի որ Խեչոյանը մեր այսօրվա արձակի ամենաբարձր անուններից է: Միլիտոնյանի կարծիքով` Խեչոյանը գրական դաշտ մտավ իր առաջին իսկ` «Խնկի ծառեր» գրքով, եւ չբնորոշվեց որպես խոստումնալից, երիտասարդ գրող, այլ միանգամից մեր արձակի կարեւորագույն անունների կողքը դասվեց:
«Վերջին 10 տարում նա 4-5 գիրք է հրատարակել, այդ տասը տարին նրա ստեղծագործական կյանքում շատ կարեւոր տարիներ էին: Ճիշտ է, չենք կարող ասել` նա բեղուն հեղինակ էր, բայց իր դեպքում կարեւորն այն էր, թե ինչ էր գրում, իսկ նրա գիրն արձակի դաշտում կառավարող դեր ուներ, հատկապես` կարճ պատմվածքները: Նա շատ լավ ուղեգրական էսսե էր գրել` «Եվրոպայի երկաթե ճանապարհներին», որը թարգմանվեց գերմաներեն եւ ռուսերեն»,- ասաց Միլիտոնյանը:
Նա հիշեց նաեւ, որ տարիներ առաջ իրենք երկուսով ճանապարհորդել են. վերջին անգամ միասին Ավստրիա են գնացել, որտեղ հանդիպումներ են կազմակերպվել ընթերցողների հետ: ՀԳՄ նախագահի հավաստմամբ` օտարազգի ընթերցողները հավանել էին Խեչոյանի գործերը եւ հաճույքով լսել նրա պատմվածքները:
«Մենք ինչո՞ւ մեզանում չունենք այդ մշակույթը` գրողի հետ հանդիպելու, գրողի պատմվածքը, ծրագրերը լսելու: Մեր ընթերցողների դաշտը փոքր է, իսկ Խեչոյանի պես գրողներին պետք է ժողովուրդը ողջ եղած ժամանակ ճանաչի ու զրուցի նրա հետ, քանզի Խեչոյանը շատ բան ուներ ասելու մարդկանց ոչ միայն գրի միջոցով, այլ նաեւ բանավոր խոսքով: Ափսոս, որ ժամանակի մեջ չենք կարողանում տեսնել եւ ճանաչել մեծերին, չնայած, մյուս կողմից, Լեւոնն այն բացառիկ գրողներից էր, որին ընթերցողը ճանաչում էր` իր ձեռագրի միջոցով»,- ասաց Միլիտոնյանը:
Լուսանկարը` Գերման Ավագյանի