կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-28 13:30
Հասարակություն

Ամանորյա օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար

Ամանորյա օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար

Ամանորյա օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է` սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին:

 

Աղցանները հարկավոր է պատրաստել քիչ քանակներով և միայն մատուցելուց առաջ համեմել մայոնեզով և թթվասերով, բացի այդ` պետք է զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը անհրաժեշտ է կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե:

 

Խորհուրդ է տրվում սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը` 70 աստիճանից բարձր: Պետք է պահպանել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման հարևանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար:

 

Բացի այդ` պատրաստի սննդամթերքը սառնարանում պահել 72 ժամից ոչ ավելի:

Պետք է զգոն լինել և սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գունափոխություն և այլն) փոփոխության դեպքում այն չօգտագործել:

 

Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը պետք է լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր, իսկ կրեմային հրուշակեղեն պատրաստելիս նախօրոք լվանալ հավկիթները:

 

Խորհուրդ ենք տալիս չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքի և ալկոհոլի օգտագործումը, չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

 

Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

Խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ: Միևնույն ժամանակ, պետք է խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:

 

Տոնական օրերին խորհուրդ է տրվում սահմանափակել տապակած կերակրատեսակները, ալկոհոլի օգտագործումը ճարպոտ սննդի հետ, քանի որ ալկոհոլը դանդաղեցնում է ճարպերի քայքայումը օրգանիզմում, ընկճում (արգելափակում է) կենդանական սպիտակուցը քայքայող ֆերմենտի ակտիվությունը, որը դժվարացնում է մարսողությունը և սննդի յուրացումն օրգանիզմի կողմից: Արդյունքում` սկսվում է մսի խմորումը աղիներում: Ինչքան երկար ժամանակ ալկոհոլը մնա ստամոքսում, այնքան ալկոհոլդեհիդրոգենազան քիչ կքայքայի այն, քանի որ ալկոհոլի ընդամենը 20% է քայքայվում ստամոքսում, հետևաբար` ալկոհոլի յուրացումը նույնպես կնվազի:

 

Խորհուրդ է տրվում օգտագործել բանջարեղենային կերակրատեսակներ, քնելուց առաջ` երեկոյան, մրգեր:

Բացի այդ` պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, ձուկը, կաթնաթթվային մթերքը, պանիրը:

 

Խորհուրդ չի տրվում յուղոտ միսը, ձուն, պանիրը, ընկույզը օգտագործել կարագի, թթվասերի, բուսական յուղի հետ, քանի որ ճարպն ընկճում է ստամոքսի գեղձերի ֆունկցիան, ինչի արդյունքում նվազում է ստամոքսահյութի արտադրությունը մսի, ձվի և ընկույզի մարսողության ժամանակ:

Խուսափեք նաև թթու մրգերը, լոլիկը օգտագործել մսի, ընկույզի և պանրի հետ:

 

Խորհուրդ չի տրվում շաքար պարունակող սնունդն օգտագործել օսլա պարունակող սննդի հետ: Օրգանիզմում տեղի են ունենում խմորման պրոցեսներ, որոնց հետևանքով բարձրանում է ստամոքսի թթվայնությունը, հնարավոր է վքնածություն և մարսողության այլ խանգարումներ:

 

Բացի այդ` առաջարկվում է խուսափել տապակած կերակրատեսակներ օգտագործելուց, սննդամթերքն օգտագործեք խաշած վիճակում: