կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-19 19:14
Իրավական

Նախկին տնօրենն ընդունեց իր մեղքը

Նախկին տնօրենն ընդունեց իր մեղքը

Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, սկսվեց Երևանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն, այժմ արդեն նույն դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետի հատկանիշներով` պաշտոնեական դիրքը չարաշահելով, յուրացումներ կատարելու եղանակով պետությանը վնաս պատճառելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Նշենք, որ դեռևս այս գործով նախաքննության ընթացքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, տնօրենի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են` նախաքննությանն ու դատաքննությանը չխոչընդոտելու համար:

 

Այսօրվա դատական նիստում ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում և զղջում է կատարած հանցանքի համար: Նա միջնորդեց դատարանին գործը քննել արագացված դատական կարգով: Սարգսյանի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը ևս հանդես եկավ նմանատիպ միջնորդությամբ` հավելելով, որ իր պաշտպանյալը լուծել է քաղհայցի հետ կապված հարցը և փոխհատուցել պետությանը պատճառված 2 մլն 216 433 դրամ վնասը: Երևանի դատախազի տեղակալ, մեղադրող Առաքելյանը, ով նախաքննության ավարտին առարկել էր գործը քննել արագացված դատական կարգով, այսօր համաձայնեց պաշտպանական կողմի միջնորդությանը, քանի որ ամբաստանյալը փոխհատուցել է պետությանը հասցված վնասը: Դատարանն արագացված կարգով անցավ դատական վիճաբանությունների փուլին:

 

Մեղադրողը նախկին տնօրենի համար որպես պատիժ առաջարկեց տուգանք` 800 հազար դրամի չափով, ինչպես նաև առաջարկեց զրկել նրան հանրային և պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ նախագահի կողմից համաներում հայտարարելու որոշումը, միջնորդեց Սարգսյանին համաներմամբ ազատել հիմնական պատժի կրումից: Ի պատասխան մեղադրողի ճառին, պաշտպանը խնդրեց դատարանից իր պաշտպանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակել` նշելով, որ իր վստահորդն արարքը կատարել է կարեկցանքի շարժառիթից դրդված: Նա դատարանին ներկայացրեց Սարգսյանի վերաբերյալ շուրջ 100 ծնողների, ինչպես նաև դպրոցի ուսուցչական կոլեկտիվի 14 անդամների ստորագրություններով բնութագրերը, որոնցով նախկին տնօրենը բնութագրվում է դրական, լավ անձնավորություն: Փաստաբանը միաժամանակ հայտնեց, որ դպրոցի ուսուցչական կոլեկտիվն անհամբերությամբ սպասում է տնօրենի վերադարձին:

 

Ամբաստանյալն իր վերջին խոսքում ասաց, որ ամեն բան եղել է հանգամանքների բերումով, և խնդրեց դատարանին մեղմ մոտեցում ցուցաբերել:

 

Դատարանը միջնորդության քննարկմանը կանդրադառնա հաջորդ դատական նիստում, որը նշանակվեց դեկտեմբերի 25-ին:

 

Թիվ 27 դպրոցի նախկին տնօրենի շուրջ ծագած պատմությանը, չբացահայտված փաստերին առավել հանգամանալից կանդրադառնանք հաջորդ հրապարակման մեջ: