կարևոր
4273 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-01 12:44
Իրավական

Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենն ու գլխավոր հաշվապահը

Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենն ու գլխավոր հաշվապահը

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված և կատարվող ծավալուն նախաքննությամբ պարզվել են «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու հանցավոր մեխանիզմի մի շարք էական հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես ՀՀ Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 4.127.611.164 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։ Հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու, «Նոր Զովք» ՍՊ ընկերության բոլոր խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու նպատակով 2019-2023թթ․ ընթացքում ներգրավվել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ, որը «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջ հանձնարարությամբ և վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան գործիքներ և միջոցներ:

Մասնավորապես՝ «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցում ներդրվել է առևտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։ «Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում ներդրված այդ ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության իրացման իրական շրջանառությունը՝ վաճառված ապրանքների դիմաց փաստացի ստացված գումարը, իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է էլեկտրոնային սերվերային համակարգում, իսկ կիրառված հանցավոր համակարգը քողարկելու նպատակով «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցից առևտուր իրականացնող գնորդներին տրամադրվել են արտաքին (առևտրային) ծրագրի միջոցով գեներացված, փաստացի վճարված գումարներին համապատասխան կտրոններ։

Արդյունքում՝ 2019-2023թթ․ ընթացքում ընկերության փաստացի իրացման շրջանառությունից հարկային մարմին ներկայացված նշված ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկ-հաշվետվություններում պակաս է ցույց տրվել իրացման շրջանառությունը, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 2.205.858.586 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ և 1.921.752.578 ՀՀ դրամ շահութահարկ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող վերոնշյալ ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ՝ նշված հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու համար, որոնք բավարարվել են։

Դատարան ներկայացնելու համար վերջիններս ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունավում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: