կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 17:35
Քաղաքական

Անձրեւը խոչընդոտում է Պարույր Հայրիկյանի հանրահավաքին

Անձրեւը խոչընդոտում է Պարույր Հայրիկյանի հանրահավաքին

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հանրահավաքի հրավեր-թռուցիկներում նշված էր, որ հանրահավաքը նպատակ ունի «ոչ» ասել Հայաստանին քաղաքակիրթ աշխարհից հեռացնող իշխանությունների ազգադավ քաղաքականությանը:  

 

«Եռադիկտատորների նորաթուխ միավորումը միայն բռնություններով կարող է կայանալ և գոյատևել: Մեր ժողովրդի երազը եղել և մնում է ազատ ու անկախ Հայաստանը, որի միակ երաշխավորը միավորված Եվրոպան է»,- ասված է թռուցիկում:

 

Հանրահավաքին ներկա էր մոտ հարյուր մարդ:

 

Պարույր Հայրիկյանի քրոջ որդին` Վրեժ Զատիկյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հանրահավաքից առաջ խնդիր էր առաջացել կապված այն հանգամանքի հետ, որ ոստիկանությունը առգրավել էր իրենց մեքենաներից մեկը, որով պետք է տեղափոխվեին հանրահավաքի համար անհրաժեշտ ցուցապաստառները: Պարույր Հայրիկյանը նախ հայտարարեց, որ մեքենան կանգնեցրել են որպես ուղևորատար, սակայն, երբ պահանջել են ցուցապաստառները, ոստիկանները հրաժարվել են հետ վերադարձնել դրանք:  

 

«Դա արդեն չափից դուրս էր, իրենք կարող էին մեքենան պահել, բայց ոչ` իրերը: Սակայն վերջին պահին, կարծես, նրանց սթափեցրեց շատ մարդկանց առկայությունը պետավտոտեսչությունում»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Քանի որ այս պահին հորդառատ անձրև է տեղում, նա հորդորեց հավաքված մարդկանց ևս մի քիչ սպասել:

 

Նշենք, որ հանրահավաքին ներկա էր նաև քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

 

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ողջունում է Մաքսային միության դեմ ուղղված հանրահավաքների, բողոքի ակցիաների կազմակերպումը, քանի որ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը բռնակցվի Ռուսաստանին` դառնալով ռուսական կայսրության մաս: