Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսների նախարարության կողմից որոշ ծախսերի կատարման օպերատիվությունը ապահովելու նպատակով երբեմն անհրաժեշտություն է առաջանում վճարումները կատարել վարկային քարտային հաշիվների միջոցով: Դրա համար կառավարությունն այսօր որոշեց թույլատրել պետական գերատեսչությունների որոշ տեսակի ծախսերն իրականացնել բանկային քարտերի միջոցով:
Օրինակ, ինչպես նշեց նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, եթե նախկինում ավիատոմս էր ձեռք բերվում ինտերնետով, ապա այդ դեպքում մրցույթ անցկացնելու կարիք չկա, քանի որ միանգամից ծառայություն մատուցողի կողմից է ձեռք բերվում այդ ավիատոմսը: Սակայն խնդիր էր առաջացել, որ պետական մարմինները պետք է բիզնես քարտեր ունենային, որպեսզի ինտերնետ ծառայություններից կարողանային օգտվել: Այժմ արդեն բոլորին թույլատրվում է այդ քարտերով նման գործառույթներ իրականացնել:
Այս որոշումով բյուջեների կատարման ընթացքում կանխիկ ձեւով կատարվող ծախսերը սահմանափակելու նպատակով առաջարկվում է նաեւ բյուջետային հիմնարկների աշխատաողների աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները, բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող գործուղման ծախսերն ու տրամադրվող կրթաթոշակները հատկացնել բանկային վճարային քարտերին փոխանցման միջոցով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց` իսկ այս պահի դրությամբ ո՞ր գերատեսչություններն ունեն համապատասխան քարտեր: Պարզվեց` նման քարտեր ունեն կառավարության, նախագահի եւ ԱԺ աշխատակազմերը: Մնացածը նման քարտեր ստանալու համար չեն դիմել, քանի որ համապատասխան թույլտվություն չի եղել: Վարչապետը դիմեց կառավարությանը` բոլորին առաջարկելով օգտվել այս հնարավորությունից եւ ունենալ կորպորատիվ քարտեր:
«Դա ձեզ հնարավորություն է տալու ավելի պարզեցված ընթացակարգերով իրականացնել գնումներ: Օրինակ' ավիատոմսերի գնումների ժամանակ միշտ հարց էր առաջանում, որ ընթացակարգերը խոչընդոտում են օպերատիվ գնումներ կատարելուն, իսկ այս կորպորատիվ քարտերով կարելի է վճարումներ իրականացնել»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հավելեց նաեւ, որ տարբեր ծառայությունների ու ապրանքների ձեռքբերման ժամանակ հնարավոր է օգտագործել այդ քարտերը, բացի հատուկ ծառայություններից, իսկ մնացած բոլոր դեպքերում կանխիկ գործառույթները կփոխարինվեն քարտայինով: