կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-14 15:35
Քաղաքական

Վարչապետին ուզում են քավության նոխազ դարձնել. Արամ Մանուկյան

Վարչապետին ուզում են քավության նոխազ դարձնել. Արամ Մանուկյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով` վարչապետին ուզում են դարձնել քավության նոխազ։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ ավանդական ճեպազրույցում եւ հավելեց, որ ցանկություն է առաջանում պաշտպանել վարչապետին։

 

«Ինքը մեղավոր չէ, սա կատարվում է մեկ մարդու թելադրանքով։ Այդ մարդիկ չեն կարող անել այլ կերպ, քան արել են, համակարգն է այդպիսին, եւ այդ համակարգը նպատակային է ստեղծվել։ Իշխան Զաքարյանի ուսումնասիրությունները շատ լավն են, բայց երրորդ արարը լավը չէր` մարդիկ չեն պատժվել։ Հրաշալի շոու՝ երեք արարով»,- հայտարարեց Մանուկյանը։

 

ՀԱԿ պատգամավորը չի հավատում իշխանության քննադատությունների անկեղծությանը, կհավատա, եթե պատժվեն բարձր օղակի պաշտոնյաներ։ «Իշխանական համակարգը կքանդվի, եթե նրանց մտքով անցնի իսկապես վերացնել մենաշնորհը, կոռուպցիան, պատժել հանցագործներին։ Շոուներ, իհարկե, կլինեն, կլինեն նաև զոհեր՝ մյուսների կաշին փրկելու համար։ Զոհաբերության ենթակա են բոլորը՝ երկրորդ, երրորդ համարները, բացի առաջինից, խաղացողը մեկն է։ Տիգրան Սարգսյանն ինքնուրույն ֆիգուրա չի կարող լինել»,- նշեց Մանուկյանը։

 

Նա ցինիկություն որակեց մեղադրանքներն այն մասին, թե ընդդիմություն չկա, կամ որ արտագաղթի մեղավորն ընդդիմությունն է։ «Լկտիություն է, երբ իշխանությունն իր գործունեության մեջ մեղավոր է հանում ուրիշին»,- նշեց Մանուկյանը: