Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվեց «Գապբնակշին» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Շինարարը մեղադրվում է խաբեությամբ, բնակիչների վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Պապոյանը կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարաններ վաճառելու պատրվակով, բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, 2004-2011թթ. ընթացքում նրանց հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել ընդհանուր առմամբ 407. 413 000 դրամ և հափշտակել:
Ինչպես և նախատեսում էին տուժած բնակիչները, իրենց սպասելիքներն «արդարացան». իրական մեղավորները մնացին կուլիսներում, քավության նոխազ դարձած շինարարը կանգնեց պատասխանատվության առաջ, իսկ գործի քննությունը վերածվեց ծաղրուծանակի:
Սարյան 19/21 հասցեի բնակիչ Ռոբերտ Կարապետյանն, ում թույլ չեն տալիս ապրել իր նորակառույց բնակարանում` պատճառաբանելով, որ դա իրենը չէ, ասում է, որ ինքը և մյուս բնակիչները Պապոյանի դեմ ոչինչ չունեն, զարմացած են, թե ինչո՞ւ են նրան մեղադրում: Կարապետյանը բազմաթիվ ատյաններում բողոքելուց հետո դիմել է դատարան:
Մեկ այլ բնակչի` Վահան Սարուխանյանի նախկին բնակարանը 2006թ.-ին քանդել են` 25 ամիս հետո նոր բնակարան ապահովելու պայմանով: Պայմանագրի համաձայն` Սարուխանյանը բնակարան է ստացել Արամի 72/80 հասցեում գտնվող շենքում և վերանորոգել այն: Սակայն այժմ քաղաքացին բախվել է նույն խնդրին. նրան ասել են, որ շենքում բնակարան չունի:
Սարուխանյանն անգամ հանդիպել է ՀՀ նախագահի հետ, սակայն այդպես էլ խնդրին լուծում չի տրվել: «Մեր պետական այրերն այսպես են անում, որ մարդիկ դառնում են պոտենցիալ հանցագործ կամ լքում երկիրը»,- ասում է բնակիչը և հավելում. «Ես իմ երկրի տերն եմ և չեմ ուզում լքել այն»:
Կատարավածի վերաբերյալ պատասխանատու հայտարարություններ հնչեցրեց տուժած բնակիչներից Սոնիկ Մաղաքյանը: Նա Պապոյանին մեղադրում է նրանում, որ վերջինս մտել է մի խաղի մեջ, որի կանոններին տեղյակ չի եղել: «Նա ընդամենը խնդիրներ ունեցող շինարար է, ում օգտագործել են թալանի համար»,- ասում է բնակչուհին և թվարկում իրական մեղավորներին:
«Մարդուն հանձնարարել են կառուցել 3 բազմահարկ շենքեր` առանց շինթույլտվության: Հարկային մարմինները, արդարադատության նախարարությունը, վերահսկողական և շատ այլ պետական մարմիններ, տեսնելով, որ 8 տարի շարունակ անօրինություններ են լինում, փորձել են «պղտոր ջրում ձուկ որսալ»` իրենցով անելով մեր գումարներով կառուցված բնակարանները: Պապոյանը, քանի որ հարկերը վճարելու հետ կապված խնդիրներ է ունեցել, նրանց ձեռքում դարձել է կամակատար»,- պատմեց քաղաքացին` Պապոյանի գործը համեմատելով գայլերի օրինակի հետ. «Վիրավոր գայլին մյուս գայլերը հոշոտել են»:
Հատկանշական է, որ Հատուկ քննչական ծառայությունը, չնայած տուժած բնակիչների ներկայացրած բազմաթիվ փաստերին և դիմումներին, գործում որևէ պաշտոնատար անձ չի ներքաշել` ողջ մեղքը բարդելով քավության նոխազ շինարարի վրա:
Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունները խոստացել էին լուծել բնակիչների խնդիրները, սակայն առ այսօր հարցը մնում է չլուծված: Քաղաքացիներն այժմ հույսը կապում են նախագահական ընտրությունների հետ: