կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-27 17:32
Քաղաքական

Ի՞նչ է սպասվում Պուտինին Հայաստանում

Ի՞նչ է սպասվում Պուտինին Հայաստանում

Երբ պաշտոնական Կիեւը հայտարարեց, որ հրաժարվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, այստեղ` Հայաստանում, շատերը սկսեցին տեսակետներ հայտնել, թե, տեսեք-տեսեք, Ուկրաինան, որ Ուկրաինա է, կոտրվել Կրեմլի ճնշումից, եւ որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին ստիպված էր հայտարարել ՄՄ-ին անդամագրվելու մասին: Հիմա արդեն պարզ է, որ Սերժ Սարգսյանն ու Վիկտոր Յանուկովիչը հայտնվել են նույն` կոտրած տաշտակի առջեւ: Սակայն տարբեր է երկու ժողովուրդների արձագանքը Պուտինի ճնշումներին:

 

Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Բաղրամյան 26-ի առջեւ բողոքի ակցիաներ, իհարկե, եղան, բայց դրանք շատ կարճ տեւեցին եւ, ըստ էության, որեւէ ազդեցություն չթողեցին իշխանությունների վրա: Ուկրաինայում բողոքի ակցիաները բուռն են: Հիմա կարող եք ասել, թե Ուկրաինայի բնակչությունը մոտ 45 մլն է, բայց այստեղ հարցը քանակը չէ, այլ, իրոք, պայքարելու ցանկությունը: Ուկրաինացիները, մասնավորապես` ուսանողները, իրենց բողոքի ձայնն են Պուտինի դեմ բարձրացնում անգամ Հռոմում: Հիշեցնենք, որ նա երեկ Հռոմում էր, հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ընդ որում` նշանակված ժամից 50 րոպե ուշացած:

 

Եվ ահա երեկ, ըստ Yerkir.am-ի` Հռոմում ապրող ընթերցողի, մի խումբ ուկրաինացի ուսանողներ դուրս են եկել Պուտինի դեմ: Երեկոյան, երբ նախատեսված է եղել Պուտինի հանդիպումը Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ, ոստիկանությունը ամբողջությամբ փակել է նախագահի նստավայրի հարակից փողոցները և կասեցրել ցուցարարների երթը: Սակայն «Putin, don’t touch Ukraine», «Putin, hands off Ukraine» պաստառներով ուսանողները կարողացել են «դիմավորել» ՌԴ նախագահին:  Չնայած իտալական ոստիկանության խոչընդոտներին` ՌԴ նախագահը նկատել է պաստառներն ու արագ շտապել հանդիպման:

 

 

«Միակ բանը, որ մենք ուզում ենք, որ մեր ժողովրդին տան ընտրելու հնարավորություն: Մենք ընտրում ենք ԵՄ-ն, և պետք չէ մեզ որևէ բան ստիպել, ինչը անում է ՌԴ նախագահը»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:


Հիմա, երբ արդեն ՀՀ նախագահի նստավայրը պաշտոնապես հաստատել է Պուտինի այցի օրն ու օրակարգը, հետաքրքիր է` այստեղ` մայր հողի վրա, ի՞նչ կանեն հայաստանցիները...