Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր հայ ծրագրավորողները յուրահատուկ ակցիա են կազմակերպել` ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի: Նրանք, ի նշան բողոքի, ԱԺ-ի դարպասների վրա համակարգիչների մկներ են կախել եւ ստեղնաշար դրել:
Ակցիայի վերաբերյալ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հումորով, բայց փոքր-ինչ շփոթված ասաց. «Մկնիկ են կախում, թե, չգիտեմ, ինչ են կախում... Համակարգչի մկնիկի մասին է, չէ՞, խոսքը: Դե երևի իրենց համակարգիչները արդեն սենսորնի են, և համակարգչի մկնիկը իրենց արդեն պետք չէ»:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, որ ՏՏ ոլորտի որոշ ընկերություններ Հայաստանից տեղափոխվում են արտասահման, Վարդան Այվազյանը վստահություն հայտնեց, որ ՏՏ ոլորտը չի փակվելու. «Դե լավ, մի' լացացրեք, եթե ասեիք` ուրիշ ոլորտներից են արտագաղթում, կհամաձայնեի, բայց այդ ոլորտից չեն գնում ու չեն գնալու»:
Նա նաև համաձայնեց, որ կենսաթոշակային նոր օրենքը որոշակի ռիսկեր է պարունակում, սակայն օրենքն ունի նաև դրական կողմեր: Նրա խոսքով` «այսօրվա մինիմալ կենսաթոշակով միայն ֆոկուսնիկը կարող է ապրել», իսկ կուտակային համակարգը հնարավորություն է տալիս կուտակել այդ թոշակը: Ըստ Վարդան Այվազյանի` խնդիրը ուրիշ տեղ է, այն է`մինիմալ աշխատավարձը ցածր է, իսկ եկամուտը` քիչ: «Պարզ է, որ երբ ասում ենք, որ տրանսպորտը թանկանում է, 60-80 հազար դրամ ստացողի համար 100-ի փոխարեն 150 դրամ վճարելը դա էական է: Ահա` ինչու եկամուտների մասը պետք է կարողանանք բարձրացնել»,- ասաց պատգամավորը:
Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս է կառավարությունը լուծելու վստահության հարցը, երբ քաղաքացին չի վստահում իր գումարները կենսաթոշակային հիմնադրամներին, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ քաղաքացու վստահության մեխանիզմները որոշվում են ընտրությունների միջոցով, որի արդյունքում ՀՀԿ-ն կազմել է մեծամասնություն խորհրդարանում: Նա խոստովանեց, որ ափսոսում է, որ կենսաթոշակային կուտակային բաղադրիչի հարցով արտահերթ նիստը չկայացավ, որովհետև ԱԺ-ում պետք է ազատ արտահայտվեին բոլորը: Այվազյանը նշեց, որ եթե այդ հարցով քննարկում լինի, ինքը մեծ սիրով կմասնակցի դրան: