Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարցրեցին իր ընտանիքի անդամների բիզնեսների մասին: Մասնավորապես` լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք իր ընտանիքի` բիզնեսով զբաղվող անդամների բիզնեսները փակվել են:
«Հարցը տվեք իմ ընտանիքի այն անդամներին, ովքեր բիզնեսով են զբաղվում: Ցույց տվեք նրանց, հետո կանցնենք առաջ»,- ասաց նախարարը՝ ակնարկելով, որ իր ընտանիքի անդամները չեն զբաղվում բիզնեսով:
Լրագրողները պնդեցին հարցը. «Ձեր ղեկավարած մարմինը ստուգո՞ւմ է Ձեր ընտանիքի անդամների բիզնեսները»:
«Դուք լավ էլ գիտեք իմ ընտանիքի անդամների բիզնեսների մասին: Գնացեք, հարցրեք, ամբողջ 21-րդ դարն ինձ նույն այդ հարցն եք տալիս, ես էլ նույն բանն եմ պատասխանում: Իրենք գտնվում են այն չափորոշիչների մեջ, ինչ որ հանրապետության մնացած բոլոր բիզնեսմենները»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:
Հարցին, թե հասարակությանը հետաքրքրում է` կարո՞ղ է կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարել մի նախարար, ով հարուստ է, և ում ընտանիքի անդամներն ունեն մեծ բիզնեսներ:
«Հասարակությունը նման բան չի ասում, դա դուք եք ասում: Ես հպարտորեն կարող եմ խոսել իմ ղեկավարած նախարարության մասին, որովհետև եթե դուք նայեք կառույցի գործունեությունը վերջին մեկ տարում, դուք կտեսնեք` ինչ ցուցանիշներ մենք ունենք, և դա ոչ թե դուք եք գնահատում, այլ միջազգային կառույցները»,- ասաց նախարարը:
Հարցին` ուրեմն սխալմա՞մբ է Գագիկ Խաչատրյանը համարվում օլիգարխ, պատասխանեց. «Դա դուք եք համարում այդպես, և` ձեզ հարցը հուշողները»:
«Ինչպե՞ս հաջողվեց պետական բոլոր կառույցներում, հատկապես` ֆինանսների նախարարությանը պատկանող կառույցներում անցկացնել Ucom ինտերնետային կապը, որը համարվում է Գագիկ Խաչատրյանի բիզնեսներից մեկը» հարցը նախարարին նախ շփոթեցրեց, ապա նա ասաց. «Ես չգիտեմ` այդ ի՞նչ հարց եք տալիս, այսինքն` ես այդքան ազատ ժամանակ ունեմ, որ այդ ցանցը ես պետք է անցկացնե՞մ: Դուք ուսումնասիրեք, կտեսնեք, որ այդ ցանցն անցկացնելուց որքան են խնայում պետական կառույցները: Ի՞նչ կապ ունի` Ucom-ն ա, թե` ուրիշ ձեռնարկություն: Գնացեք Ucom-ին հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում»: