Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնելու է Վիլնյուս` մասնակցելու նոյեմբերի 28-29-ը կայանալիք` Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Գրեթե միաժամանակ նաև հաստատվեց, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև բոլոր դեպքերում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, թեեւ Մաքսային միությանը միանալու մասին` Սերժ Սարգսյանի որոշումից հետո Բրյուսելը գրեթե բացառում էր դրա հնարավորությունը: Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնելու, որ մինչև վերջին պահը վիլնյուսյան գագաթաժողովին որևէ ձևաչափով մասնակցելու մասին հարցի պատասխանը պաշտոնապես չէր տրվում հենց այն պատճառով, որ դեռևս անորոշ էր փաստաթղթի ստորագրման հեռանկարը: Եվ միայն այն բանից հետո, երբ Բրյուսելը տվել է իր համաձայնությունը, որոշում է կայացվել գագաթաժողովին ներկայանալ նախագահի մակարդակով: Մյուս կողմից, սակայն, հարկ է ընդգծել, որ ծրագրի անդամ մյուս երկրները, բացառությամբ Բելառուսի, ևս Վիլնյուս են մեկնելու նախագահների մակարդակով, և դա ևս կարող էր ազդել Երևանի կայացրած որոշման վրա:
Սակայն, անկախ պատճառից, ինքնին որևէ փաստաթղթի ստորագրման հանգամանքը կարելի է համարել Երևանի դիվանագիտական հաղթանակը: Ակնհայտ է, որ խոսքը չի գնում Ասոցացման և դրա մասը կազմող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերին, որոնք, չնայած ամբողջապես բանակցված լինելուն, գոնե տեսանելի հեռանկարում այլևս կարելի միայն պատմական ձախողված փաստաթուղթ համարել: Կողմերն, ամենայն հավանականությամբ, կստորագրեն դեկլարատիվ բնույթի փոխգործակցության հուշագիր կամ հայտարարություն, որը ենթադրաբար արժանացել է Կրեմլի հավանությանը, և որի ողջ իմաստը լինելու է ընդամենը եվրոպական չափորոշիչներին համապատասխան քաղաքական բարեփոխումների ընթացքը շարունակելու հարցում Հայաստանի պատրաստակամության և այդ ձգտումներին ԵՄ-ի օժանդակության ամրագրումը: Սերժ Սարգսյանին դա անհրաժեշտ էր սեպտեմբերի 3-ի իր պատմական որոշմամբ պայմանավորված` եվրոպական կառույցների մոտ կորցրած վստահությունը վերականգնելու և հարաբերությունները որոշակի կայուն մակարդակի վրա պահպանելու համար, ինչը, կարելի է ասել, նրան հաջողվեց:
ԵՄ-ին մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս: Բայց Բրյուսելն այս տարբերակին, որը, ըստ էության, Հայաստանի իշխանությունների առաջարկն էր, ինչ-որ տեղ գնաց ստիպված, որքան էլ տարօրինակ հնչի` եվրաասոցացումից հրաժարվելու` Ուկրաինայի կառավարության կայացրած անակնկալ որոշման պատճառով: Խնդիրն այն է, որ Երևանից հետո Կիևի կայացրած որոշումը փաստացի ձախողման եզրին կանգնեցրին ընդհանրապես Արևելյան գործընկերության ծրագիրը, այն պարզ պատճառով, որ ծրագրի հիմնական թիրախներն անմիջականորեն Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող և նրա համար ստրատեգիական նշանակություն ունեցող այս երկրներն էին: Վրաստանին, Մոլովային կորցնելու փաստի հետ Մոսկվան որոշակիորեն արդեն համակերպվել էր: Բելառուսից և Ադրբեջանից Բրյուսելում ի սկզբանե առանձնակի սպասելիքներ չկային, և դա է պատճառը, որ ծրագրի շրջանակներում այդ երկրների ստանձնած պարտավորությունների չկատարումը մինչև վերջ էլ չմտահոգեց եվրոպացիներին: Գտնվելով Ռուսաստանի հետ նույն տնտեսական տարածքի` Մաքսային միության մեջ` Բելառուսն անձեռնմխելի էր Բրյուսելի համար, իսկ տոտալիտար, գրեթե սուլթանատի կանոններով կառավարվող, բայց համեմատաբար անկախ արտաքին քաղաքականության վարող Ադրբեջանից ակնկալիքը Ռուսաստանի հետ դիստանցիոն հարաբերությունների պահպանում էր և էներգետիկ ռեսուրսները, որոնք առանց այն էլ վերահսկելի են Արևմուտքի համար` անկախ ԵՄ-ի հետ ունեցած հարաբերություններից: Վերջին պահին Ուկրաինայի շրջադարձը չափազանց ուժեղ հարված էր ԵՄ-ի համար այն իմաստով, որ հարաբերությունների վերանայման, ճկունացման որևէ հնարավորություն չէր ընձեռում: Կիևի կողմից համաձայնագիրը վերջնականորեն ստորագրելուց հրաժարվելը նշանակում էր ոչ թե ծրագրի շրջանակում հարաբերությունների վերանայում, ձևափոխում, այլ պարզապես հրաժարում դրանից: Մինչդեռ Հայաստանը դրանից հեռացավ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու փուլում, երբ, փաստորեն, դեռևս կոնկրետ փաստաթղթի կապանքների տակ չէր գտնվում: Դա հնարավորություն տվեց, ԵՄ-ից հեռանալով հանդերձ, հետաքրքիր մանևրներ կատարել ԵՄ-ի հետ յուրօրինակ անհատական ծրագրով հարաբերությունները խորացնելու և ստանձնած` քաղաքական բարեփոխումների պարտավորությունը կատարելու պատրաստակամություն և կամք բեմադրելու իմաստով:
Քանի դեռ Ուկրաինան խաղի մեջ էր, Հայաստանի, հետևաբար` նաև այդ ֆորմատով համագործակցելու առաջարկությունը գրեթե զրոյական նշանակություն ուներ Բրյուսելի համար: Ամեն ինչ փոխվեց Ուկրաինայի որոշումից հետո ու պատահական չէ, որ միայն դրանից հետո պարզ դարձավ որ Սերժ Սարգսյանը գնալու է Վիլնյուս և այնտեղ փաստաթուղթ է ստորագրվելու: Այսինքն` ստացվում է, որ Ուկրաինան, շրջվելով ԵՄ-ից, իսկական նվեր մատուցեց Հայաստանի իշխանություններին և ստեղծեց այնպիսի իրավիճակ, երբ ԵՄ-ն ինքը ստիպված եղավ ձեռք գցել Հայաստանի` ըստ էության դատարկ առաջարկությանը: Կիևը ակամա ԵՄ-ի համար արժևորեց Հայաստանը, դրդեց քայլ կատարել` գոնե ազդեցության այն չնչին պատառիկները, որոնք դեռ ունի Երևանի վրա, չկորցնելու համար: Եվ այս իմաստով բերեց թե' Հայաստանի իշխանությունների և թե' Հայաստանի բախտը, որի խայտառակ շրջադարձը Ուկրաինայի խայտառակության ֆոնին խամրեց և ավելի ճկուն արտաքին քաղաքականություն իրականացնող երկրի տպավորություն թողեց այնքանով, որքանով հենց սկզբից ամբողջությամբ չայրեց կամուրջները ԵՄ-ի հետ:
Սա իրական հնարավորություն է ոչ միայն ավելի հավասարակշռված քաղաքականություն իրականացնելու, այլև գոնե քաղաքական ոլորտում նախասահմանված բարեփոխումները կատարելու համար: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ իշխանությունները ոչ թե իսկապես բարեփոխվելու և բարեփոխելու նպատակ են հետապնդում, այլ ընդամենը դրա իմիտացիան ստեղծելու: Եվ այս հարցում, ըստ էության, ոչինչ չի փոխվել:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ