Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս այցելել էր Բրյուսել` ըստ էության փրկելու առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Հայաստանի մասնակցության հեռանկարը: Սակայն, դատելով այդ այցի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ արտգործնախարարի հանդիպման մասին` ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Երևանին չի հաջողվել հասնել իր մաքսիմում նպատակին, այն էր` այդ գագաթաժողովում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը` առանց Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն առնչվող հատվածի:
Այդ մասին օրեր առաջ ԵԽԽՎ նստաշրջանում հստակ բանաձևել էր նախագահ Սերժ Սարգսյանը. «Մենք մասնակցելու ենք Վիլնյուսի գագաթաժողովին, և մեր ակնկալիքն է մինչ այդ որոշակի փոփոխություններ մտցնել բանակցված փաստաթղթում: Մենք ամբողջովին պատրաստ ենք ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: Բայց քանի որ Ասոցացման համաձայնագիրը երկու դեմքով է հանդես գալիս՝ Ասոցացման համաձայնագիր և Ազատ առևտրի պայմանագիր, և քանի որ եվրոպացի մեր գործընկերներն ասում են, որ Ազատ առևտրի պայմանագրի դրույթները հակասում են Մաքսային միության դրույթներին, ապա մենք ակնկալում ենք առանձին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»:
Նալբանդյանի և Էշթոնի հանդիպման մասին հաղորդագրության մեջ այս կապակցությամբ ընդամենը նշվում է, թե կողմերն անդրադարձել են Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Դրանում ոչ մի խոսք կամ ակնարկ չկա Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Ավելին, հղում կատարելով Լիտվայի կառավարության անանուն աղբյուրներին` «Ազատություն» ռադիոկայանը նշում է, թե Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի որևէ նոր, խմբագրված տարբերակի ստորագրման ակնկալիք հնարավոր չէ ունենալ: Պատճառը համարվում է այն, որ գագաթաժողովին չափազանց քիչ ժամանակ է մնացել, և այդ ընթացքում հնարավոր չէ անցկացնել և տրամաբանական ավարտին հասցնել բանակցություններ, որոնք ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ և նույնիսկ տարիներ են պահանջում: Մյուս կողմից, ինչպես «Ազատության» աղբյուրներն են նշել, ո'չ ԵՄ-ն, ո'չ էլ Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսելու նոր մանդատ չեն տվել: Այսպիսով` գրեթե վստահորեն կարելի է պնդել, որ որևէ տարբերակով Ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարը Հայաստանի համար տապալված է:
ԵՄ-ին կարելի է հասկանալ. խնդիրը ոչ այնքան Հայաստանին չվստահելու մեջ է, որքան այն վտանգի, որ այդ համաձայնագրի ցանկացած խմբագրում, ստորագրման հարցում ցանկացած մանևրում կարող է Մոլդովայի և Ուկրաինայի համար Հայաստանի ճանապարհն ընտրելու նախադրյալ ստեղծել: Մինչդեռ Եվրոպան չի ցանկանում այդ երկրներին կորցնել այնպես, ինչպես կորցնում է Հայաստանին: Ըստ այդմ` հարցը մնում է այն, թե ի՞նչ ձևաչափով է Հայաստանը մասնակցելու վիլնյուսյան գագաթաժողովին, և եթե համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում, ապա ո՞րն է լինելու մասնակցության իմաստը:
Գործնականում միակ խնդիրը, որը Հայաստանը կարող է լուծել, դիտորդի կարգավիճակով այդ գագաթաժողովին մասնակցելով, հերթական անգամ ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու քաղաքական կամքի ցուցադրությունն է լինելու, որը ոչ այնքան դիվանագիտական, որքան քարոզչական նշանակություն ունի: Նման անփառունակ հեռանկարը և Հայաստանի դիվանագիտության պարտությունն այս հարցում կանխատեսելի էր. ինքնին Սերժ Սարգսյանի` Ստրասբուրգից արած հայտարարությունները ընդամենը դրանից խուսափելու հուսահատ փորձ էին: Թերևս հենց դրա գիտակցմամբ էր պայմանավորված, որ Նալբանդյանը Քեթրին Էշթոնին առաջարկել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը ծավալել ոչ թե համապարփակ փաթեթի, այլ ոլորտային ծրագրերի իրականացման ֆորմատով, որը կընդգրկի, ըստ Նալբանդյանի, «ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման, արդյունավետ կառավարման, դատաիրավական համակարգի կատարելագործման, կոռուպցիայի դեմ պայքարի» խնդիրները: Այս մոտեցումը ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ներկայացվում է հետևյալ կերպ. «Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ անցյալ դեկտեմբերին ստորագրված Հայաստանի և ԵՄ միջև Շրջանակային համաձայնագրի արձանագրությամբ Հայաստանին հնարավորություն է ընձեռվում մասնակցություն ունենալ ԵՄ տարբեր ծրագրերում»: Ըստ ԱԳՆ-ի այս հաղորդագրության` Էշթոնը նշել է, թե «ԵՄ-ն ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի որոշման հետ»: Սրանից պետք է ենթադրել, որ ԵՄ-ն ընդունել է Նալբանդյանի այս առաջարկությունը:
Ակնհայտ է, որ նման համագործակցությունն իր կարգավիճակով մի քանի անգամ ցածր է լինելու ասոցացման քաղաքականությունից, և Հայաստանն ամեն դեպքում մնալու է դրա ստվերում: Սակայն, մյուս կողմից, սա, թերևս, միակ միջոցն էր` փրկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները, որը նաև հնարավորություն կտա Բրյուսելին պահպանել Երևանի նկատմամբ ազդեցության որոշակի թույլ լծակներ: Սա առավելագույնն էր, ինչ կարող էր անել Հայաստանի իշխանությունը սեպտեմբերի 3-ից մնացած մուրը դեմքից սրբելու համար:
Իշխանությունը չի ցանկանում զրկվել արևմտյան աջակցությունից, որն իր համար լեգիտիմության բավարար ֆոն է ապահովում` թույլ տալով պահպանել երկրի ներսում կառավարելի քաոսը, նաեւ այն դրամաշնորհներից ու հնարավոր վարկային միջոցներից, որոնք կարող են Հայաստան ներհոսել ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերից: Դրանք իշխանություններին ավելի հետաքրքիր են, քան բարեփոխումները, որոնք ծրագրվելու են այդ միջոցներով, սակայն զուտ իմիտացիոն էֆեկտ են ունենալու` կենսագործվելու առումով քաղաքական կամքի բացակայության պատճառով: Բայց դա այն փոքրիկ հնարավորությունն է, որի միջոցով կարելի է ճնշում գործադրել իշխանության վրա` կառավարման համակարգում գոնե կոսմետիկ մակարդակով վերափոխումներ անելու համար: Առ այսօր Հայաստանում արված և արվող, քիչ, թե շատ նկատելի բոլոր վերափոխումները տեղի են ունեցել բացառապես արտաքին և, հատկապես, Արևմուտքի ճնշման տակ: Մյուս կողմից` սա կամուրջ է, որից պետք է կառչած մնալ` ռուսական իմպերիալիզմի հնարավոր ձախողման դեպքում խորտակվող նավի տակ չմնալու համար:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ